Ավստրալիայի հայ համայնքն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, անցկացնելու է արդարության երթ Սիդնեյի, Մելբուռնի հրապարակներում: Երթերն անցկացվելու են տեղի ասորի եւ հույն համայնքների ներկայացուցիչների հետ համատեղ: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Գայսերյանի փոխանցմամբ՝ նպատակն է Ավստրալիայի իշխանություններին հորդորել ճանաչել Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը հայերի, ասորիների, հույների նկատմամբ: «Մեր նպատակն է Ավստրալիայի իշխանություններին տեղ հասցնել այն, որ մեր համայնքների համար կարեւոր ու խիստ անհրաժեշտություն է 1915թ. Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների նկատմամբ իրականցրած ցեղասպանությունը ճանաչելը: Ինչպես աշխարհի երեք տասնյակից ավելի երկրներ, միջազգային կառույցներ, Ավստրալիայի տարբեր նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Ավստրալիայի կառավարությունը նույնպես դա պետք է անի»,-ասել է Հայկ Գայսերյանը:
Նրա խոսքով՝ ապրիլքսանչորսյան այս տարվա երթերն անդրադառնալու են նաեւ Արցախի այսօրվա տագնապային հարցին: Դա ներկայացվելու է այն համատեքստում, որ Ալիեւի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացրածը նույն ցեղասպանության շարունակությունն է:
«Հայերի դեմ այդ գործողություններն իրականացվել են, որովհետեւ Թուրքիայի հանցագործությունները մինչ օրս մնացել են անպատիժ: Այդ անպատժելիությունը մենք համարում ենք գլխավոր պատճառ, որ Ադրբեջանի, Թուրքիայի պես պետությունները փորձում են նման գործողություններ կատարել հայերի դեմ»,-ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը: Հիշատակի միջոցառումները շարունակվելու են նաեւ ապրիլի 26-ին: Այդ օրը նախատեսված է ոգեկոչման երեկո, որին մասնակցելու ու ելույթներով հանդես են գալու Ավստրալիայի խորհրդարանի անդամներ: Երկրի երկու գլխավոր կուսակցություններից ներկայացուցիչներ են լինելու: Նրանք իրենց կոչն են ուղղելու կառավարությանը, որ ճանաչի 1915 թվականի ցեղասպանությունը: Միջոցառումն անցկացվելու է վիրտուալ ձեւաչափով: Այդ օրը նախատեսված է նաեւ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ելույթը, որում անդրադարձ է կատարվելու ցեղասպանության անպատժելիությանը, որն ազդել է Արցախի ժողովրդի վրա:
Ի՞նչ հավանականություն կա, որ Ավստրալիայի կառավարությունը կճանաչի հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը: Հայկ Գայսերյանը նշեց, որ տեղաշարժ կա, ու այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելու են: Այս փուլում այն իրավիճակն է, որ Ավստրալիայի խորհդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը ճանաչել հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը: Ավստրալիայի խորհրդարանն իր խոսքն ասել է Ցեղասպանության հարցի մասին:
«Խորհրդարանը ներկայացնում է ամբողջ հասարակությունը, հետեւաբար կարող ենք ասել, որ ժողովուրդը պատրաստ է ճանաչման, մնում է գործադիր իշխանությունը դա անի: Այն կա՛մ պետք է իր ժողովրդի հորդորին հետեւի եւ ճանաչի Ցեղասպանությունը, կա՛մ դառնա Թուրքիայի բռնապետ իշխանության խնդրո առարկա, որը դրսից ճնշում է բանեցնում Ավստրալիայի կառավարության վրա»,- ասել է Հայկ Գայսերյանը: Նա հիշատակեց Ավստրալիայի վարչապետի նախորդ տարվա ապրիլի 24-ի ելույթը, որում խոսել էր 1915 թվականի իրադարձությունների, հայերի տեղահանումների մասին՝ առանց օգտագործելու «ցեղասպանություն» բառը: Ըստ նրա՝ ժամանակն է հաջորդ քայլն անելու:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ
Բելգիայի Մեխելեն քաղաքում համագործակցության հուշագիր է ստորագրվել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ԱրԱվես (ArAves) բնապահպանական կազմակերպության, BirdLife International-ի (Բիրդլայֆ միջազգային կազմակերպություն) եւ Natuurpunt (Նատուրպունտ կազմակերպություն) միջեւ։ Համագործակցության քառակողմ հուշագրի շրջանակում կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել առավելագույնս աջակցելու Հիմնադրամին եւ ԱրԱվեսին իրենց բնապահպանական գործունեությունում։ «Ուրախ ենք, որ հայաստանյան եւ միջազգային կառույցների միջեւ ստորագրվել է այս կարեւորագույն հուշագիրը։ Տեղեկացնեմ, որ հուշագիրը կարեւոր է ոչ միայն մեր կազմակերպությունների, այլեւ ամբողջ Հայաստանի համար։ Այն Հայաստանին կտա հնարավորություն դիմագրավելու բնապահպանական մարտահրավերներին, ներգրավելով համագործակից կառույցների մասնագիտական ներուժը։ Լայն քննարկման արդյունքում կազմակերպությունները մոտ ապագայում կիրականացնեն մի շարք նախագծեր ուղված ջրաճահճային թռչունների կենսամիջավայրերի պահպանությանը, վերականգմանը, ինչպես նաեւ կրթական մի շարք այլ նախաձեռնություններ»,- նշում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ հավելելով, որ սպասվում են համատեղ այցելություններ արդեն այս ամռանը։
15 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 799 դեպք, որից 410 հազար 503-ը`առողջացած, 8622-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1992 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ օրում կատարվել է 2466 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, առողջացել է 18 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 23 հազար 341-ի:
ԱՅՑ՝ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻՑ
Արդեն երրորդ օրը հացադուլ անող Նվեր Կիարակոսյանին եւ Արթուր Ավագյանին այցելել են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից: «Մարդասիրական կազմակերպություն լինելով՝ չենք կարող անտարբեր լինել երիտասարդների հանդեպ, հորդորում ենք դադարեցնել հացադուլը, առողջությունը պահնապելը կարեւոր է»,-ասել են ընկերության ներկայացուցիչները։ Նրանք նաեւ հիշեցրել են կանոններ, հորդորել են հետեւել դրանց՝ առողջությունը հնարավորինս քիչ վնասելու համար: Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։ Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։
ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ
Նախկինում հոգեշարժական խանգարումներով եւ այլ ծանր ախտանիշներով ծնված երեխաները չէին ապրում կամ երկար չէին ապրում, սակայն բժշկական ծառայությունների որակի լավացմանը, ծառայությունների բարելավմանը զուգահեռ՝ քրոնիկ հիվանդություններով երեխաների կյանքը երկարել է: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը: Նրա խոսքով՝ այդպիսի հիվանդություններով երեխաները պալիատիվ՝ ամոքիչ խնամքի կարիք ունեն:
Հիշեցնենք, որ պալիատիվ բուժօգնության նպատակն է ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց ազատել տառապանքից, ցավից եւ արժանապատիվ կյանք ապահովել: Մեր երկրում, ըստ նախարարության պաշտոնյայի, հստակ հաշվարկներ չկան՝ քանի երեխա պալիատիվ խնամքի կարիք ունի: Ասաց, որ, մոտավոր հաշվարկներով, նրանց թիվը մոտ 3000 է:
«Ցանկացած երեխա, անկախ նրա առողջական վիճակից, մատուցվող ծառայություններից, սեռից, տարիքից, պետք է լինի հասարակության լիիրավ անդամ»,-ասել է մասնագետը՝ պարզաբանելով, որ հիվանդություններով երեխաները կարող են օգտվել պալիատիվ օգնությունից: Առաջին խումբը կյանքին սպառնացող քրոնիկ հիվանդություններ ունեցողներն են, որոնք բուժում ստանում են, սակայն բուժման անարդյունավետություն կարող է դիտվել քաղցկեղը, տարբեր օրգան համակարգերի ծանր ախտաբանությունները: Երկրորդ խումբն, ըստ նրա, այնպիսի հիվանդություններով երեխաներն են, որոնց դեպքում վաղաժամ մահվան հավանականությունը բարձր է, եւ պահանջվում է երկարատեւ եւ ինտենսիվ բուժում. «Խոսքը, օրինակ, երիկամային անբավարարությամբ երեխաների մասին է, որոնց ցուցված չէ երիկամի փոխպատվաստումը կամ դիալիզը»:
ԱՆ պաշտոնյան ասել է, որ նպատակ ունեն, բացի հիվանդանոցային ծառայություններից, պալիատիվ օգնություն մատուցել նաեւ արտահիվանդանոցային ծառայությունների տեսքով, ինչպես մի շարք զարգացած երկրներում է. «Եթե երեխաները հիվանդանոցներում են լինում, կտրվում են ընտանեկան միջավայրից, դպրոցից, իրենց հարազատ միջավայրից, հետեւաբար պետք է երեխային հարմար ու ընդունելի միջավայրում կազմակերպել պալիատիվ բժշկական օգնությունը»: Այս պահի դրությամբ պալիատիվ խնամք մատուցվում է միայն Արյունաբանական կենտրոնում, որը նախատեսված է օնկոհեմատոլոգիական հիվանդություն ունեցող բուժառուների համար, եւ «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որը նախատեսված է ծանր եւ կյանքին սպառնացող հիվանդություններով երեխաների համար: Նրա խոսքով՝ հայեցակարգը հաստատված է, մոդելը՝ մշակված, եւ հունիս-հուլիսի ամսից փորձարարական ծրագիրը կմեկնարկի ավելի լայն մասշտաբով: Բայց թե որ մարզերում կլինի, առայժմ քննարկման փուլում է: Լիլիթ Ավետիսյանի խոսքով՝ պալիատիվ օգնության մոդելը ենթադրում է ոչ թե երեխային մոտեցնել դեպի Երեւան, այլեւ հենց մարզում սպասարկել երեխաներին: Ծառայությունը նախնական շրջանում կարող է մատուցվել առաջնային պահպանման օղակում:
Ն. Պ.