ԳԱՐՈՒՆ ԿՀՆՉԵՑՆԻ ՍԻՐՎԱԾ ԳՈՐԾԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրաճանաչ երգիչ, երաժիշտ եւ դերասան Գարուն, որին ամբողջ աշխարհում լայն ճանաչում բերեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության համանուն մյուզիքլում Քվազիմոդոյի դերը, եւ որին շատերը հայ են համարում՝ կարծելով, որ ազգանունը Գարանյան է, Երեւանում հանդես կգա երկու մենահամերգով: Համերգներին, որոնք տեղի կունենան ապրիլի 21-ին, 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կհնչեն երգչի սիրված ու հայտնի ստեղծագործությունների նոր մշակումներ, նոր երգեր:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներն ապրիլի 19-ին հնարավորություն են ունեցել հանդիպելու Գարուի հետ, զրուցելու կայանալիք համերգի, երգչի՝ Հայաստանից ստացած տպավորությունների եւ այլ հարցերի մասին:

Գարուն առաջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել 2009 թվականին: Ասում է՝ ուրախ է վերադառնալ այստեղ, քանի որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, իսկ մարդիկ՝ ջերմ ու հյուրընկալ:

Անդրադառնալով համացանցում տարածված տեղեկություններին, թե ինքը հայ է, երգիչը նշում է՝ իր իսկական անունը Պիեռ է, ազգանունը՝ Գարան, ավաղ, ոչ Գարանյան: «Կանադայից եմ, բայց ինձ աշխարհի քաղաքացի եմ համարում, իսկ Հայաստանի հետ կապված եմ հոգով, սրտով, բայց ոչ արմատներով: Երկար ժամանակով եմ Երեւանում եւ հնարավորություն կունենամ ծանոթանալու, հաղորդակցվելու տարբեր մարդկանց հետ: Մարդկային շփումը շատ եմ կարեւորում, գուցե ծանոթանամ հայ երաժիշտների հետ: Չի բացառվում, որ նման դեպքում համագործակցություններ լինեն»,- շեշտում է Գարուն ու հավելում՝ համերգներին կատարելու է ոչ միայն իր, այլեւ Միշել Լեգրանի, Շառլ Ազնավուրի եւ այլ մեծերի ստեղծագործություններ:

Խոսելով «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Քվազիմոդոյի կերպարը կերտելու մասին՝ Գարուն տեղեկացնում է՝ մինչ այդ դերը ջազ, բլյուզ եւ ռոք խմբերում է նվագել, երգել, հնչեցրել է տարբեր ժանրի երաժշտություն եւ միշտ ուրախ ու ժպիտով: «Երբ ինձ առաջարկեցին Քվազիմոդոյի կերպարը, որը տխուր է, վիրավոր, ուշադրության կարիք ունի, հասկացա, որ նա շատ է տարբերվում ինձնից, իմ հակառակ կողմն է: Դա տարօրինակ էր, բայց ես եւս իմ մեջ որոշ տխրություն գտա, սիրվելու կարիք, քանի որ բոլոր արտիստներն են ուզում սիրված լինել, եւ այդ կերպարն իսկապես փոխեց ինձ: Երբեք չեմ ցանկացել հայտնի աստղ լինել, դա իմ ծրագրերում չի եղել, բայց դա տեղի ունեցավ: Կերպարիցս խուսափում էին, իսկ երբ ես փողոց էի դուրս գալիս, մարդիկ ցանկանում էին հաղորդակցվել ինձ հետ: Շատ պարադոքսալ էր»,-խոստովանում է արտիստը:

Գարուն անտարբեր չէ աշխարհաքաղաքական զարգացումների հանդեպ, սակայն կարծում է, որ արվեստագետը պետք է զերծ մնա քաղաքականությամբ զբաղվելուց: «Արտիստները մարդկանց վրա ազդելու, մարդկանց լայն շրջանակի հետ հաղորդակցվելու հնարավորություններ շատ ունեն, սակայն շատերն իրենց ազդեցությունն օգտագործում են ու խոսում՝ առանց հստակ գիտակցելու, թե ինչի մասին: Իմ հիմնական խնդիրը երաժշտությամբ մարդկանց սրտերին հասնելը, նրանց տխրության դեմ պայքարելն ու երջանկացնելն է»,- ընդգծում է երգիչն ու նշում, որ իրեն շատ է դուր գալիս հայոց լեզուն, որը գեղեցիկ է, հոսուն ու երգեցիկ:

Նրա խոսքով՝ ֆրանսերենը պոետիկ, ռոմանտիկ լեզու է, բայց, որոշ շրջանակի պնդմամբ, ոչ երգեցիկ, իսկ հայերենը՝ հակառակը:

Գարուհի համերգները կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Երգեր գրելուց, կատարելուց զատ, Գարուն նաեւ ֆիլմերում է նկարահանվում: Նա նկարահանվել է ֆրանսահայ ռեժիսոր Էրիկ Կիվանյանի «Սիրո վերադարձ» ֆիլմի գլխավոր դերում: Մի առիթով նշել է, որ սիրով է համագործակցում հայ ռեժիսորների հետ:

 

 

 

«ԱՄԵՆ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԻ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ»

«Ոչ մեկը չի կարող Արցախը՝ հայոց դարպասն ու սյունը կտրել մեզանից: Ես չեմ ուզում ինչ-որ քաղաքական երանգ տալ, միայն կարող եմ ասել՝ եթե Արցախը կտրվեց մեզանից, Հայաստանն էլ ենք կորցնելու»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, ազգագրական երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում բողոքի ցույցերին:

 

Մեզ հետ զրույցում Ներսիկ Իսպիրյանը չնշեց՝ կմիանա ակցիային, թե ոչ, սակայն ընդգծեց, որ այս իրականության հետ համակերպվել չի կարող: «Յուրաքանչյուր հայի սրտում Արցախը կա, եւ յուրաքնաչյուր հայ պետք է մտածի Արցախի մասին, որովհետեւ մենք այսօր ծայրահեղ իրավիճակում ենք, չգիտենք, թե ինչ ենք ուզում: Մենք պետք է միայն կենտրոնանանք Արցախի փրկության վրա»,-հավելեց նա:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։ Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

«Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է «Լիվերպուլից» կրած 0։4 հաշվով պարտությունն Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում։ «Բոլոր ցուցանիշներով երկրորդն էինք այս դիմակայությունում։ Սա նվաստացուցիչ իրավիճակ է։ Պետք է ընդունել, որ «Լիվերպուլը» 6 տարի առաջ է «Մանչեսթեր Յունայթեդից»։ Յուրգեն Կլոպի գալուց հետո լիվերպուլյան ակումբում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք թիմը, ակումբը, ամբողջ ենթակառուցվածքը բարձրացրել են նոր մակարդակի։ Նույնը մենք պետք է անենք առաջիկա տրանսֆերային պատուհանների ժամանակ»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է BBC Sport-ը։ «Լիվերպուլն» Անգլիայի առաջնության մեկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդին» 9 գոլ խփած առաջին թիմն է։ Առաջին շրջանում «Օլդ Տրաֆորդում» «Լիվերպուլն» առավելության էր հասել 5։0 հաշվով։ «Լիվերպուլը» 76 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդն է՝ 54 միավոր։

 

 

 

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչները որոշել են թույլ չտալ աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւին եւ մյուս ռուսաստանցի թենիսիստներին այս տարի մասնակցել «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարին: Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։ Այժմ Ռուսաստանի եւ Բելառուսի թենիսիստները ATP-ի եւ WTA-ի մրցաշարերին մասնակցում են չեզոք կարգավիճակում։ 2022թ. Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։

 

 

 

«ԼԻՎԵՐՊՈՒԼԸ»՝ ԱՌԱՋԻՆ ԹԻՄ

«Լիվերպուլը» գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ դարձավ առաջին թիմը, որը Անգլիայի առաջնության մեկ մրցաշրջանում 9 գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդին»:  Առաջին շրջանում «Լիվերպուլն» «Օլդ Տրաֆորդում» առավելության էր հասել 5։0 հաշվով, իսկ ապրիլի 19-ին տեղի ունեցած երկրորդ շրջանի խաղում «Լիվերպուլը» հաղթեց 4։0 հաշվով։ «Լիվերպուլը» 76 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդն է՝ 54 միավոր։

 

 

 




Լրահոս