Հայ- թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումը խորհրդարանում տեղի չունեցավ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ, եւ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանից այն տեղափոխեց Ազատության հրապարակ։
«Հետագայում հասկացանք, որ իրենց որոշումը քաղաքական է», – քննարկման ժամանակ նշեց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով՝ իրենց հայտնել են, թե մինչեւ ապրիլի 24-ը չեն կարող Ազգային ժողովի նիստերի դահլիճում լսումներ անել։
Պատգամավորի կարծիքով՝ Թուրքիայի հետ բանակցություններ սկսած իշխանությունը միտումնավոր է տապալել. «Իրենք ակնհայտորեն, օրվա խորհրդով պայմանավորված եւ հարցի սրությունից ելնելով, վախենում են պարզապես որեւէ նման միջոց տրամադրելուց: «Ամբողջ հարցը նա է, որ օրենքն իմպերատիվ է սահմանում այս պահանջը, կանոնակարգ օրենքը, եւ այստեղ որեւէ այլ բան նախատեսված չէ, որ նույնիսկ Ազգային ժողովի ղեկավարությունը կարող է մերժել», – նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Ազգային ժողովից պատճառաբանում են, թե հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն է պատճառը, որը պետք է լինի Ստեփանավան քաղաքում, եւ այժմ տեխնիկական անձնակազմը գտնվում է այնտեղ:
«Իրենք վախենում են, որ Ազգային ժողովի դահլիճից ի լուր աշխարհի կհնչեն այն կարմիր գծերը, որոնք անհրաժեշտ են մեր պետականության համար», – շեշտեց պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության նախագծով առաջարկվում է` Ազգային ժողովը հայտարարություն ընդունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին։ Այդ դրույթներն, ըստ Մինասյանի, պետականության պահպանման կարմիր գծերն են. «Որեւէ ձեւով Թուրքիան չի կարող եւ չպետք է ներգրավվի կամ պայմանավորվի որեւէ բան «Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքը» արտահայտությամբ կամ Արցախի կարգավորման հետ կապված եւ այլն, այսինքն՝ այն կարմիր գծերն են, եւ, բնականաբար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման մասով որեւէ զիջում չի կարող լինել Հայաստանի կողմից»։
Նկատենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին նախագիծը շրջանառության մեջ են դրել, քննարկել կկարողանան, բայց հայտարարությունն ընդունելու համար միայն ընդդիմադիր խմբակցությունների ձայները բավարար չեն։
Հավելենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։ Թուրքիայի արտգործնախարարը, որ այս մասին խոսել է թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում, չի հստակեցրել հանդիպման ամսաթիվը։
Պնդելով, թե մեղադրելու մտադրություն չունի՝ Մեւլյութ Չավուշօղլուն միեւնույն ժամանակ Հայաստանին կոչ է արել ավելի համարձակ լինել եւ երրորդ երկրներում հանդիպումները տեղափոխել Անկարա ու Երեւան:
Չավուշօղլուի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների կարգավորումը բարդ գործընթաց է, հասկանալի է, որ Հայաստանը կարող է արտաքին ճնշման տակ լինել, հայկական սփյուռքի մի մասը չի աջակցում եւ դեմ է կարգավորմանը, բայց այս փուլում Երեւանը պետք է ավելի խիզախ գտնվի:
«Մի կողմից ասում եք՝ թող հարաբերությունները կարգավորվեն, ու սահմանները բացվեն, մյուս կողմից Թուրքիայում եւ Երեւանում դեռ չեք համարձակվում հանդիպել: Եթե չեք համաձայնում նույնիսկ սեփական երկրներում հանդիպելու, մյուս հարցերում ինչպե՞ս եք քայլեր անելու», – նշել է նա:
Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ նույնիսկ պատրաստակամ են եղել առաջինը իրենք գալու Երեւան։ Չավուշօղլուն նաեւ հավաստիացրել է, թե այժմ վստահության բարձրացմանը միտված քայլեր են արվում. թե որոնք են դրանք, չի հստակեցրել։ Ավելի վաղ թուրքական կողմն այդպիսի քայլ էր համարել երկկողմ ուղիղ թռիչքների վերականգնումը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՏԸՆԹԱՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Freedom House»-ը հրապարակել է իր «Nations in Transit 2022» տարեկան զեկույցը, որում անդրադարձ կա նաեւ Հայաստանին։ Զեկույցը ներկայացրել է տվյալներ ժողովրդավարության մակարդակի մասին: Հայաստաը, ըստ «Freedom House»-ի զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագույն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է՝ ստանալով 3.04 միավոր՝ նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն: Սակայն, ըստ կազմակերպության, Հայաստանը նահանջել է անկախ մամուլի ցուցանիշում: Տոկոսային ցուցանիշով երկրի ժողովրդավարության զարգացման մակարդակը կազմում է 34%: Ըստ «Freedom House»-ի՝ այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձեւից հիբրիդայինի, ավելի խոստումնալից են, թեեւ ամբողջապես «դեռեւս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»: Հայաստանն, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետեւում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մարիուպոլ քաղաքն ամբողջությամբ ռուսական զորքի վերահսկողության տակ է: ՌԴ պաշտպանության նախարարն այդ մասին զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Այսօրվա դրությամբ ամբողջ Մարիուպոլը ռուսական բանակի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազգային միլիցիայի վերահսկողության տակ է»,- ասել է Շոյգուն՝ հավելելով, որ «Ազովստալ» գործարանի տարածքը հուսալիորեն շրջափակված է: Ռուսական կողմի պնդմամբ՝ «Ազովստալ» գործարանի տարածքում շարունակում են մնալ օտարերկրյա վարձկաններ:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, համագործակցելով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ, ապրիլի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով վերադարձած 22-ամյա Էդգար Ն.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ի՞ՆՉ ՀԱՐՑԵՐ Է ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ. «Հանդիպել եմ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ: Ներկայացնելով իմ գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտները՝ նշել եմ, որ հատկապես պատերազմից հետո ինձ համար առաջնահերթ են սահմանամերձ համայնքների բնակիչների եւ արցախահայության իրավունքները, որոնք պարբերաբար ոտնահարվում են, եւ մարդիկ զրկվում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքից: Դեսպանին տեղեկացրել եմ, որ թե՛ սահմանամերձ բնակիչների իրավունքների խախտումների, թե՛ Հայաստանի ներսում իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ պարբերաբար նամակներ եմ ուղարկում դեսպանություններին եւ միջազգային կառույցներին՝ ակնկալելով հրապարակային արձագանք այդ դեպքերի առնչությամբ, եւ որ վերջիններիս արձագանքը սթափեցնող է: Ընդգծել եմ նաեւ, որ մշտապես իմ ուշադրության կենտրոնում են զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցերը, որոնց հետ կապված՝ օրենսդրական փոփոխություններ եմ նախաձեռնում: Միջազգային աշխատանքային փորձի ուսումնասիրման տեսանկյունից կարեւորել եմ պատգամավորների, ԱԺ փորձագետների, ինչպես նաեւ լրագրողների համար փորձի փոխանակման ծրագրերը, Հայաստանի եւ Նիդերլանդների խորհրդարանների հարաբերությունների սերտացումը եւ պատրաստակամություն հայտնել իմ լիազորությունների շրջանակում նպաստել այդ գործընթացին: Առանձնացրել եմ նաեւ սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերի կարեւորությունը: Դեսպանն իր հերթին տեղեկացրել է, որ դեսպանությունը ծրագրային առաջնահերթություն տալիս է օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը»:
ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` այս պահին իրավապահները խուզարկում են Գորիսի դատախազ Գրիգոր Մինասյանի աներձագի բնակարանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները վերջինիս բնակարանը խուզարկում են Սիսիանում կաբելների գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ի դեպ, դատախազ Մինասյանի աներձագ Արա Միրզոյանը նախկինում աշխատել է ոստիկանության Գորիսի բաժնում որպես օպերլիազոր: