ԴԵՐԱՍԱՆԻ ԿԻՆԸ՝ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԶԸՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի  խմբագրություն  է դիմել  դերասան Մարկ Սաղաթելյանի այրին՝ Նունե Միքայելյանը, եւ հայտնել, որ հայտնվել է անելանելի վիճակում: Ըստ  մեր զրուցակցի՝ իրենից խարդախությամբ գումար են հափշտակել, ինչի առթիվ կա հարուցված քրեական գործ խարդախության հատկանիշներվ, եւ  վերջինս կասկածներ ունի, որ գործում խառնված է  Արաբկիրի դատախազ Սիսակ  Խաչատրյանը:

 

Իսկ հիմա ամեն ինչ մասին ամենասկզբից:

Ըստ դերասան Մարկ Սաղաթելյանի այրի  Նունե Միքայելյանի՝  2013թ. հուլիսի 31-ին  ամուսինը երկարատեւ հիվանդությունից մահացել է, որից հետո ինքը հայտնվել է ծանր ֆինանսական կացության մեջ:  Ամուսինս որոշակի գործունեություն էր ծավալել ՌԴ-ում, ուներ գործընկերներ, եւ նրա մահվանից հետո վերջինիս ընկերը՝ Արմեն Մանուկյանը, 2014թ. մարտ ամսից սկսված, ՌԴ-ից ինձ պետք է ուղարկեր իմ ամուսնուն պատկանող 141 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Ես տեղեկացել եմ, որ տվյալ գումարը տարբեր արտարժույթներով էր, եւ քանի որ նախկինում ես երբեւէ նման ֆինանսական գործառույթների հետ կապ չեմ ունեցել, նաեւ  ուղարկվելիք գումարի առանձնապես խոշոր չափը, ես սկսեցի հետաքրքրվել իմ ընկերներից եւ մտերիմներից՝ ինչպես կարելի է կազմակերպել փոխանցումները։ Այդ տարեթվերին մտերիմ եւ վստահելի հարաբերություններ էին ձեւավորվել Լոլիտա եւ Կարեն Մանուկյան ընտանեկան զույգի հետ, եւ, բնականաբար, նրանց տեղեկացրել եմ փոխանցվելիք գումարների եւ չափի մասին, քննարկել եմ իմ մտահոգությունները նման մեծաքանակ գումարի ստացման հետ կապված։ Վերջիններս ճանաչել են նաեւ Մարկին եւ մշտապես ներկայացել են իբրեւ իմ ընտանիքին սրտացավ, մարդիկ, ինչպես նաեւ լուրջ գործարարներ, բանկային հարցերում փորձառու անձինք։ Նրանք ինձ տեղեկացրին, որ նման քանակի՝ տարբեր արտարժույթներով գումարի փոխանցման հետ կարող են ծագել խնդիրներ։ Լոլայի ամուսին Կարեն Մանուկյանը գործարար էր, հանդիսանում էր «Արարատ» ԱԿ սեփականատերը եւ, բնականաբար, ավելի մեծ փորձառություն ուներ նման գործարքներ կատարելու։ Միեւնույն ժամանակ ես, վերջիններիս  մտերիմ համարելով, կիսվել եմ նրանց հետ տվյալ գումարի վերաբերյալ իմ հետագա պլանների մասին՝ հայտնելով, որ Մարկի մահվանից հետո գտնվում եմ ծանր ֆինանսական եւ հոգեբանական կացության մեջ, ի զօրու չեմ որեւէ բիզնես սկսելու եւ ցանկանում եմ տվյալ գումարով ձեռք բերել բնակարան, այն վարձով տալու  իմ եւ իմ երկու զավակների կարիքները հոգալու նպատակով»։

Ըստ նունե Միքայելյանի՝ Կարենը եւ Լոլիտան իրեն բացատրել  են, թե ինչ բարդությունների կարող  է  հանդիպել  բանկերում՝ նշելով, որ գումարը բանկին տրամադրելուց հետո չեն կարող այն վերցնել, եւ առաջարկել են  գումարը տրամադրել իրեն, քանի որ այդ պահին իրենց բիզնեսը ընդլայնելու համար իրենց գումար է հարկավոր:

«Միեւնույն ժամանակ  վերջիններս ինձ տեղեկացրեցին, որ իրենց անհրաժեշտ գումարի համար պատրաստվել են վաճառել իրենց բնակարաններից մեկը, որը գտնվում էր Վահագնի թաղամասում։ Ինձ առաջարկեցին, որ ես կարող եմ գնել իրենց բնակարանը, սակայն, ըստ իրենց խոսքերի, այն արժեր մոտ 250 000 000 ԱՄՆ դոլար, որը ես բնականաբար չունեի։ Լինելով բավականին ծանր հուզական, ինչպես նաեւ ֆինանսական վիճակում՝ ես համաձայնել եմ, որ տվյալ գումարները փոխանցվեն անմիջապես Կարեն Մանուկյանի կողմից տրամադրված հաշվեհամարներին /անձնական եւ կազմակերպության/։ Գումարների փոխանցմանը զուգընթաց վերջիններս  անընդհատ  ինձ հետ էին  իբրեւ սրտացավ  զույգ եւ համոզում էին գումարները բանկ չտանել ավելորդ քաշքշուկից իբրեւ  զերծ մնալու համար, ինչպես նաեւ առաջարկում էին, որ իրենք կտան բանկային  տարեկան տոկոսադրույքաչափին համարժեք գումարները եւ իմ առաջին իսկ պահանջով կվերադարձնեն գումարները։ Ինձ այդ գումարները խիստ անհրաժեշտ էին՝ հաշվի առնելով, որ ամուսնուս՝ Մարկի երկարատեւ բուժման ժամանակ ծախսվել էին ահռելի  գումարներ, իսկ մահվանից հետո միջոցներ էր հարկավոր իմ ընտանիքի համար։ Ի վերջո, տարբեր խոստումներով ու հնարքներով օգտվելով իմ հուզական վիճակից եւ մեր վստահելի հարաբերություններից՝ ի վերջո նրանք հասան իրենց նպատակին։ Գումարները ՌԴ-ից մի քանի ամսվա ընթացքում փոխանցվել են Կարենի կողմից տրամադրված հաշվեհամարին, որից հետո վերջինս իր իսկ ձեռքով թղթի վրա նկարագրել է դեպոզիտի բանկային տոկոսները եւ իր առաջարկած, իր պնդմամբ ինձ համար խիստ շահավետ տարեկան 10,5 տոկոսը։ Մինչեւ 2018թ. առավել վստահություն ձեռք բերելու նպատակով ինձ վճարել են բանկային տոկոսադրույք՝ վստահեցնելով, որ շուտով կվաճառվի Վահագնի թաղամասում գտնվող իրենց տունը, իրենց գործարանը, եւ իմ գումարները կվերադարձնեն։ Ես չեմ պատկերացրել, որ վերջիններս մեծ պարտքեր ունեին կուտակած եւ չեմ կասկածել նույնիսկ  այն ժամանակ, երբ 2015թ սեպտեմբերին Լոլան ինձնից հավելյալ գումար է խնդրել իրենց բիզնեսի համար բանկի տոկոսները մարելու համար՝ համոզելով, որ արագ կվերադարձնեն իմ կողմից հավելյալ տրված գումարը, այլապես բիզնես վարկի տոկոսների ուշացման հետեւանքով հնարավոր է, որ Վահագնի թաղամասի տունը  արգելադրվի, իսկ իրենք դա վաճառում են, որպեսզի իմ գումարը վերադարձնեն։ Հայտնվել էի փակուղու առաջ եւ ստիպված իմ ոսկեղենը տրամադրեցի Լոլային, որի մի մասն 2015թ. գրավատանն էր եւ միայն վերջերս եմ կարողացել այն հետ վերադարձնել: Իմ առաջարկը  Վահագնի թաղամասի տունը իմ անունով գոնե գրավ ձեւակերպել եւս մնացին անպատասխան, եւ նրանք բացատրեցին, որ տունը չեն ձեւակերպում իմ անունով գրավ, որպեսզի վաճառքի ժամանակ այն ծանրաբեռնված չլինի այլ պարտավորություններով։ Սկսած 2018թ. ես նրանցից որեւէ գումար չեմ ստացել եւ լսել եմ միայն խոստումներ, որ բնակարանը, ինչպես նաեւ իրենց բիզնեսը  վաճառում են, եւ իմ գումարը ամբողջությամբ կվերադարձնեն։ Վերջիններս քաջատեղյակ էին, որ այդ գումարը իմ միակ ապրուստի միջոցն է, եւ ես այլ գումարներ չունեմ, չեմ աշխատում, եւ ինձ ձեւական առաջարկել են գնել իրենց Վահագնի թաղամասի  բնակարանը՝ հստակ իմանալով, որ ես նման գումարներ չունեմ։ Հետագայում հասկացա, որ դա ընդամենը հետապնդել է մի նպատակ՝ ժամանակ շահել, որպեսզի ես շարունակեմ վստահել իրենց եւ չդիմեմ իրավապահ մարմիններին։ Ի վերջո, 2019թ., տեսնելով, որ վերջիններս որեւէ կերպ չեն ցանկանում իմ գումարը վերադարձնել,  ես իմ մտերմներից մեկին՝ Արշակ Աբրահամյանին, խնդրել եմ ինձ կարճաժամկետ պարտքով գումար տրամադրել, որպեսզի ավելացնեմ իմ տված գումարին եւ գնեմ Լոլիտա եւ Կարեն Մանուկյաններին պատկանող բնակարանը Վահագնի թաղամասում։ 2019թ.  Արշակ Աբրահամյանը մեկ ամսով ինձ տրամադրել է  100 000 ԱՄՆ դոլար, որպեսզի ես գնեմ  վերջիններիս պատկանող Վահագնի թաղամասում գտնվող գույքը։ Ես պլանավորել էի տվյալ տունը գնել,  հետագայում այն գրավադնել որեւէ  բանկում կամ վաճառել եւ վերադարձնել Արշակ Աբրահամյանից վերցրած 100 000 ԱՄՆ դոլարը։ Այդ ժամանակ ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, թե ինչ նոր խարդախ պլաններ էին կազմել վերջիններս, որը հետագայում դարձավ իրականություն։ Նրանք ինձ համոզեցին Վահագնի թաղամասի տան վերաբերյալ ոչ թե առքուվաճառքի գործարք կնքել՝ պայմանագրում նշելով իմ կողմից վերջիններիս տրված 241 000 ԱՄՆ դոլարը, այլ  որպեսզի մեր միջեւ կնքվի անհատույց գործարք՝ նվիրատվություն՝ պատճառաբանելով, որ դա ավելի արագ  կլինի, ինչպես նաեւ այն, որ պատրաստվում են իրենց բիզեսը եւս վաճառել եւ մեկ տարվա մեջ երկու առքուվաճառքի գործարքը կարող է առաջացնել լրացուցիչ հարկային պարտավորություններ։ Ես վերջիններիս անվերապահորեն վստահել եմ եւ զուտ այդ հանգամանքից  ելնելով է, որ համաձայնել եմ նույնիսկ անհատույց՝ նվիրատվության գործարքի, սակայն  պարզվեց, որ նրանք ո՛չ պատրաստ էին իմ գումարը վերադարձնել, ո՛չ էլ գույքը ձեւակերպել, այլ դա  զուտ միջոց էր ինձնից հավելյալ 100 000 ԱՄՆ դոլար շորթելու, բանկերում ժամանակ շահելու համար, որը եւ վերջիններս  իրականացրեցին։ Ասածիս ապացույցն է այն հանգամանքը, որ 100 000 ԱՄՆ դոլարը տալուց հետո միայն կադաստրում   տեղեկացա, որ տվյալ բնակարանը արգելանքի տակ է եւ դրա վերաբերյալ  որեւէ գործարք չի կարող կատարվել։ Ավելին, պարզվեց նաեւ, որ թե՛ Լոլա Մանուկյանը թե՛ նրա ամուսին Կարեն Մանուկյանը այդ փաստին նախապես  քաջատեղյակ են եղել եւ ինձ հերթական անգամ խաբել են, որպեսզի հավելյալ գումար ինձնից ստանալով՝ լուծեն իրենց ֆինանսական հարցերը։ Փաստացի ես ոչ միայն չստացա իմ 141000 ԱՄՆ դոլարը եւ ոսկեղենը, այլեւ լրացուցիչ պարտք կուտակեցի 100 000  ԱՄՆ դոլարի չափով, որը վերցրել էի Արշակ Աբրահամյանից ընդամենը մեկ ամսով։ Ամիսների ընթացքում Արշակ Աբրահանյանի պարտքի մի մասը փակվել է՝ 74 000 ԱՄՆ դոլար, իսկ 26 000 ԱՄՆ դոլարը առայսօր դեռ ոչ։ Փաստացի Կարեն եւ Լոլա Մանուկյանները տարիներ շարունակ, իմ վստահությունը չարաշահելով, իմ հուզական վիճակից օգտվելով, խաբեությամբ յուրացրել են իմ գումարները՝ ինձ գցելով ծանր ֆինանսական կացության մեջ»։

Սակայն այս պատմության մեջ եւս այլ ուշագրավ հանգամանքներ կան: Ըստ Նունե  Միքայելյանի՝ իրեն անհանգստացնում է  մեկ  հանգամանք. Կարենը Մանուկյանը Արաբկիր դատախազ Սիսակ Խաչատրյանի կնոջ՝  Լուսինե Մանուկյանի եղբայրն  է: Լուսիեն Մանուկյանը   քաղաքացիական կացության ակտերի գրանցման  գործակալության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետն է:

«Ինձ հետ կատարվածի մասով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել   ոստիկանություն, եւ 2022 թվականին հունվարի 10-ին  հարուցվել է քրեական  գործ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ  մասի 1-ին կետի  հատկանիշներով. խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Քրեական գործի հարուցումից հետ գործը կանգ  է առել, եւ ես մտավախություն եւ կասկածներ ունեմ, որ  դատախազ Սիսակ Խաչատրյանը ինչ-որ կերպ միջամտում է այս գործին, որպեսզի ինձ նման իրավիճակում հասցրած անձինք պատասխան չտան: Խնդրում եմ իրավասու մարմիներին  հետեւաողական լինել եւ թույլ չտալ, որ ապօրինի գործողությունների դիմած անձինք մնան անպատիժ»:

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Կարեն Մանուկյանի կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ, որը վստահեցրեց, թե Նունե Միքայելյանը ստում է. «Սաղ սուտ է, այդ  պատմության մեջ 1 տոկոսն է ճիշտը: Սիսակ Խաչատրյանը կապ չունի այս դեպքի հետ եւ որեւէ  կերպ չի էլ միջամտում: Անբարոյական շարադրություն են սարքել ու աշխատում են այդ ուղղությամբ, կեղծ ձայնագրություններով, կեղծ տվյալներով գործ են սարքել, եւ  քննիչը, ինձ լսելով, հասկացել է, որ սա քաղաքացիական գործ է, ոչ թե քրեական: Պնդում եմ՝ Սիսակ  Խաչատրյանը այս ամենի հետ կապ չունի, ես իրենց հետ շփում էլ չունեմ»: Լոլիտա Մանուկյանի պաշտպան Մասիս Մելքոնյանն էլ  պնդեց, որ բացառված չէ, որ մեղադրանք կառաջադրվի հենց Նունե Միքայելյանին վաշխառությամբ զբաղվելու համար: «Հորդորում եմ անձանց անհիմն չզրպարտեն, քանի որ այդ գործով կողմնակի միջամտություն չի եղել ու չի էլ կարող լինել, օբյեկտիվ քննություն է իրականացվում»:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս