Armenian text to speach

Ապրիլի 23-ի գիշերը Ծիծեռնակաբերդում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս տարի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին․ տեղեկացնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից։ Այս առիթով ապրիլի 23-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ծիծեռնակաբերդում, գիշերը կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը», որը ուղիղ միացմամբ կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ:

Մոցարտի «Ռեքվիեմ»-ը կհնչի նաև ապրիլի 24-ին, ժամը՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և գեղեցկագույն հոգեհանգստյան մեսսայի մենակատարներն են աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Աննա Սամուիլը, անվանի բաս Թոբիաս Բերնդտը, երիտասարդ, տաղանդավոր մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանն ու տենոր Տիգրան Մելքոնյանը։ Ռեքվիեմը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և Ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) կատարմամբ։ Այն կղեկավարի ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը:

Ապրիլի 23-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Almazian Productions-ի և Օնտարիոյի ֆիլհարմոնիկի համագործակցությամբ, Կանադայում, Օնտարիոյի ‹‹Ռեգենտ›› թատրոնում (Regent Theatre Oshawa) նույնպես կկայանա համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Համերգին կմասնակցի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին տեղի կունենա հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» բալետի սյուիտի համաշխարհային պրեմիերան։ Հյուրընկալող կողմը նվագախմբի կայքում գրել է, որ հայերը 1915թ.-ին սարսափելի ցեղասպանություն են վերապրել, և անդրադառնալով այս պատմական իրողությանը, Օնտարիոյի ֆիլհարմոնիկը պատիվ ունի ներկայացնել Վաչե Շարաֆյանի ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է հատուկ այդ առիթով՝ հիշատակելով Հայոց պատմության ամենաողբերգական էջը››։

Երաժշտության հիմքում ընկած պատմությունը վերցված է ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի ինքնակենսագրական պոեմներից։ Դա մի հայ ընտանիքի պատմություն է, որն անցել է 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության արհավիրքների միջով:

Բալետի վերջին տեսարանում հանդերձյալ աշխարհից հնչում է «անապատի հարսի» ուղերձը, որը կընթերցի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Բեատա Պոզնյակը։ «Անապատի հարսը» խորհրդանշում է Դեր Զորի անապատում խոշտանգված, սպանված միլիոնավոր հայերին:

Ստեղծագործությունը եզրափակվում է բանաստեղծությամբ, որտեղ «հարսը» հույս է հայտնում, որ հարսանեկան սովորության համաձայն իր ուսի վրայով նետած ծաղկեփունջը կվերանա տիեզերքի սև խոռոչում, եւ այն այլեւս ոչ մեկին բաժին չի հասնի: Դա հայ ազգի մարդասիրական ուղերձն է աշխարհին՝ արթնանալ, դատապարտել ահավոր ցեղասպանական մտքերը, քաղաքականությունը և համախմբել մարդկային ջանքերը, որպեսզի իսկապես կարողանանք կանխել և ընդմիշտ կասեցնել մարդկության պատմության նման սարսափելի երևույթներն ապագայում։




Լրահոս