ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ցանկանում է դատավոր դառնալ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քաղաքական իշխանությունները հնարավոր բոլոր միջոցների գործադրմամբ ցանկանում են իրողություն դարձնել Վճռաբեկ դատարանում իրենց քմահաճույքները հավատարմորեն սպասարկող Վարչական պալատ ունենալու ծրագիրը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում պաշտոնավարելու համար ԲԴԽ-ին դիմում ներկայացնելու վերջնաժամկետին դիմումներ են ներկայացրել իշխանությունների ֆավորիտների թոփ եռյակում գտնվող, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանը եւ իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: Բացի նրանցից, դիմումներ են ներկայացրել նաեւ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Առաքելյանը եւ Վարչական դատարանի դատավորներ Արծրուն Միրզոյանն ու Արգիշտի Ղազարյանը: Մյուս հավակնորդների մի մասը, քաջատեղյակ լինելով իշխանությունների ծրագրերի մասին, դիմումներ չեն ներկայացրել, իսկ մյուս մասին հրահանգվել է դիմումներ չներկայացնել, եթե չեն ուզում խնդիրներ ունենալ:
Փաստորեն, այս պահին ԲԴԽ-ն հնարավորություն ունի ձեւավորելու երկու եռյակ, ինչի պարագայում իշխանությունները զոհելու են իրենց ամենացանկալի 3 թեկնածուներից մեկին, որը կարող է լինել կա՛մ Լիաննա Հակոբյանը, կա՛մ Արտակ Զեյնալյանը: Եվ ահա Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ցանկանում է դատավոր դառնալ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան