ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե տրանսպորտի նախարարությունը նախատեսում է, որ առաջիկայում Հայաստանում ճանապարհները ոչ թե փոսալցվեն, այլ միանգամից ասֆալտապատվեն: Ոչ մի երկրում նման բան չկա, որ ասֆալտը տեղ-տեղ վերանորոգվի: Բագրատ Բաբլումյան, 50 տարեկան, վարորդՊԱՏԱՍԽԱՆ. Տրանսպորտի եւ կապի նախարարությունն ունի մի քանի ծրագրեր, որոնց շնորհիվ հիմնանորոգվում եւ վերանորոգվում են ճանապարհները: Այդ ծրագրերից է, օրինակ, Համաշխարհային բանկի ծրագիրը, նաեւ աշխատանքներ են իրականացվում Ասիական զարգացման բանկի ու պետական բյուջեի միջոցներով: Մենք ամեն տարի հստակ ծրագրեր ենք ներկայացնում բյուջե, այն հաստատվելուց հետո, ըստ հերթականության, բոլոր ճանապարհները վերանորոգվում են: Ինչ վերաբերում է տեղ-տեղ փոսալցնելուն, ապա ենթադրենք 10 կիլոմետրանոց ճանապարհի վրա մեկ փոքրիկ փոս է առաջացել, այս դեպքում, իհարկե, կարելի է նաեւ փոսալցնել, քանի որ անիմաստ կլինի նորից ամբողջովին ասֆալտապատելը: Նախագծողների եւ մասնագիտական եզրակացության հիման վրա է որոշվում` ճանապարհաշինարարները ամբողջովին ասֆալտապատե՞ն, թե՞ փոսալցնեն: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մինչ ծրագրերը տարբեր պաշտոնյաների դարակներում մնում ու փոշու հաստ շերտով են պատվում, հանրապետության մայրուղիները շարունակում են քայքայվել: Նույնիսկ վիճելի է, թե այսպես կոչված փոսալցման աշխատանքներն ընդհանրապես արժե իրականացնել, թե ոչ: Փորձը ցույց է տալիս, որ ասֆալտային կարկատանները շատ չանցած ավելի մեծ փոսերով են փոխարինվում: Պատկան կառույցի պատասխանից երեւում է, որ ամենատարբեր խողովակներով որոշակի պարբերականությամբ միջոցներ են հատկացվում բազմաթիվ ճանապարհաշինարարական կառույցների: Մնում է ենթադրել, որ այդ միջոցները խիստ սահմանափակ են կամ էլ ավանդական յուրացումների ծավալն է մեծ, քանի որ վերջնարդյունքում ստացվում է, որ մեր հանրապետությունը բարեկարգ ճանապարհներ չունի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ