ՀԱՐՑ. 83 տարեկան եմ, մեքենաս հազվադեպ եմ օգտագործում: Ստիպում են, որ 12.000 դրամ վճարեմ ու վարորդական իրավունքս փոխեմ, բայց ես այդքան գումար չունեմ: Վարորդական իրավունքը չփոխելու դեպքում ի՞նչ տույժ կամ տուգանք է հասնում: Թոշակառուների համար որեւէ զեղչային համակարգ կամ արտոնություն չկա՞:Վաղարշակ Թաթոյան, 83 տարեկան, թոշակառուՊԱՏԱՍԽԱՆ. Եթե քաղաքացին այլեւս մեքենա չի վարելու, կարող է վարորդական իրավունքը չփոխել: Իսկ եթե հին վկայականով 2012 թվականի հունվարի մեկին մեքենան վարի, կանգնեցնեն, ու պարզվի, որ վկայականը չի փոխել, ապա 5000 դրամով կտուգանեն: Մենք դիմել էինք կառավարություն եւ ասել` քանի որ վկայականները փոխանակելու նախաձեռնությունը պետության կողմից է որոշվել, ուրեմն թող պետությունն էլ իր հաշվին փոխանակի: Կառավարությունից պատասխանեցին, որ դա հնարավոր չէ, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ, ու բոլորն էլ պիտի վճարեն: Իսկ թոշակառուների համար նախատեսված զեղչեր չկան: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Էդիկ Հովհաննիսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչո՞ւ պետք է կառավարությունը ստանձներ վկայականների փոփոխության ծախսային հատվածը, երբ, ինչպես երեւում է, այս գործընթացի ամբողջ նպատակը մեքենատերերից 12.000-ական դրամ շորթելն է: Փաստորեն, ԱՊՊԱ-ի պատմությունը կրկնվում է: Եւ տեխզննման, ԱՊՊԱ-ի հետ միասին հին նմուշի վարորդական վկայական ունեցողները ստիպված պետք է նաեւ այս ծառայության դիմաց վճարեն: Իհարկե, Աստված թող երկար կյանք տա մեր խմբագրությանը դիմած 83-ամյա ընթերցողին, բայց եթե նա ինքը չխոստովաներ, ապա վիճելը տարօրինակ կլիներ, թե այդ տարիքի մարդը կարող է ամեն օր մեքենա վարել: Պարզ է, որ թոշակառուն այդքան հնարավորություն ու միջոցներ չունի: Ուստի նրան շրջանակի մեջ դնելով ու անպայման 12.000 դրամ պահանջելով` մարդուց պարզապես գողացած կլինեն նրա թոշակի ոչ փոքր մասը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ