Հիտլերը գերեզմանից պատասխան ողջույն է ուղարկում. ՀՀ ԱԳ նախկին նախարարի արձագանքը՝ Չավուշօղլուի ժեստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» ավանդական ողջույնը զզվելի էր, անհարգալից ու ռասիստական։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում կարծիք է հայտնել ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ գրելով. «Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից»։

Մնացականյանն անդրադարձել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է երկու հարևանների միջև հարաբերություններում։

«Անկասկած, այն ենթադրում է բարեխղճություն ու կարեկցանք։ Թուրքիայի ժխտողականությունը չի որակվում որպես բարեխղճության դրսևորում։ Դադարեցրեք Հայոց ցեղասպանության ժխտումը։ Եվ Աստծու սիրուն, դադարեցրեք Հայոց ցեղասպանության թեման պատմաբաններին հանձնարարելը։ Նրանք այս 107 տարիների ընթացքում իրենց աշխատանքը բազմիցս հիանալի կատարել են։ Հիմա ձեր հերթն է ցույց տալ քաղաքական քաջություն ու հարգանք ինքներդ ձեր նկատմամբ»,- նշել է Մնացականյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամներին։

Մեքենայով դուրս եկող Չավուշօղլուն, որը, տեսնելով՝ ցուցարարները սկսում են իսպաներենով վանկարկել «մարդասպան», ի պատասխան վանկարկումների՝ լայն ժպտացել է և մատներով ցույց տվել ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը:




Լրահոս