եծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «CiliciaTv»-ին, Արամ Ա կաթողիկոսը նախ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում և Արցախում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:
« Ճգնաժամի մեջ է մեր ազգը: Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը: Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նույնիսկ անկախությունը: Մեր պահանջատիրությունը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:
Ըստ Արամ Ա-ի` առաջին հերթին հայ ազգը պետք է համախմբվի գերագույն և ընդհանրական գաղափարների, շահերի և արժեքների շուրջ:
«Իրոք, կարգախոսներ կրկնելով և իրար արհամարհելով չի կարելի իրավունք պաշտպանել, հայրենիք կառուցել ու պետություն հզորացնել: Հարկ է ազգին ողջ մարդուժը եւ ներուժը համախմբել ու գործի մղել՝ բոլոր բնագավառներում, ներքին թե արտաքին ճակատներում, մեզ շրջապատող տագնապների դեմ և ապագայի տեսլականների շուրջ»,- ընդգծել է Արամ Ա-ն:
Վեհափառ Հայրապետը անհրաժեշտ է համարում մերժել որեւէ առաջարկ կամ համաձայնագիր, որը կարող է վտանգել Հայաստանի անկախությունը:
« Գիտե՛նք, աշխարհաքաղաքական ներկա պայմանները ի նպաստ մեզ չեն։ Տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման համաձայն ենք. սակայն՝ ո՛չ ի հեճուկս Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության ու անկախության. ո՛չ զիջումներ միայն կատարելով և թույլ դիրքերից բանակցելով»,- շեշտել է Արամ Ա-ն:
Արամ Ա-ի խոսքով` անհրաժեշտ է քաջություն ունենալ մերժելու որեւէ առաջարկ, պարտադրանք կամ համաձայնագիր, որ կարող է սպառնալ Արցախի հայության անվտանգության եւ հարցականի տակ դնել իր կամքը ազատորեն արտահայտելու Արցախի ժողովրդի իրավունքը։
«Ոչ ոք իրավունք չունի անտեսելու իր պատմական հողերի վրա ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը հստակորեն ընդգծված է մարդու իրավունքների հռչակագրի մեջ։ Անկախությունը բացարձակ արժեք է և չի կարելի այն սակարկության նյութ դարձնել»- ասել է Արամ Ա-ն:
Ըստ Հայրապետ Վեհափառի` հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը պետք է նոր շեշտ ու ծավալ ստանա` համահունչ ներկա ժամանակների աշխարհաքաղաքական պայմաններին և մարտահրավերներին:
« Թուրքիան, պետության լայն կարողությունները օգտագործելով իր ժխտողական քաղաքականությունը ավելի կազմակերպված շարունակում է՝ արեւմտյան համալսարաններում թրքագիտության ամբիոններ հաստատելով, հայոց ցեղասպանությունը ժխտող տեղեկատվական կենտրոններ հիմնելով եւ այլ միջոցներով։ Հետեւաբար, անհրաժեշտ է, որ Հայաստանի պետությունը, եկեղեցին եւ հայ դատի մարմինները, աշխատանքի բաժանումով ու ներդաշնակ գործակցությամբ առավել թափով շարունակեն հետապնդել մեր նվիրական դատը։ Սա համազգային պարտավորություն է»,- եզրափակել է Արամ Ա-ն: