Այս տարվա մարտի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվեց՝ ավտովթարի ենթարկվելուց հետո ոստիկաններին վիրավորելու համար։ ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, բավարարեց Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Սիմա Իսկանդարյանին։ Ըստ միջնորդության՝ դատավորը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի խախտում: Մասնավորապես դատավորը վթարի ենթարկվելուց հետո պատշաճ վարքագիծ չի դրսևորել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ, վիրավորել նրանց չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին։ Ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, ինչի ընթացքում Իսկանդարյանը ոստիկանին անվանել է «ոչխար», ապա պարզաբանել՝ «ոչխար ես, որովհետև ցավեցնում ես»։
Դատավոր Իսկանդարյանն ինքը չի ընդունում, որ ավտովթարի ժամանակ եղել է ոչ սթափ վիճակում, ինչի համար էլ կազմվել է արձանագրություն։ Ի դեպ, նշված դեպքի առնչությամբ Վարչական դատարանում ևս առկա է վարույթ, մասնավորապես, ոստիկանությունը դիմել է դատարան՝ Իսկանդարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Այժմ գործը գտնվում է դատավոր Մհեր Պետրոսյանի վարույթում։
Ոստիկանությունը դիմել էր նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, որտեղ հարուցվել էր կարգապահական վարույթը, ապա՝ կարճվել, իսկ ԱՆ նախարարությունում հարուցված վարույթի շրջանակներում միջնորդությունն արդեն քննության առարկա է դարձվել ԲԴԽ֊ում։
Եվ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սիմա Իսկանդարյանը դիմել է դատարան դատի տալով դատական դեպարտամենտին. լիազորությունները դադարեցրած դատավորը պահանջում է, որ որոշակի գործողություններ կատարելուն, այն է՝ Հայցվորին տրամադրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում քննված գործով նիստերի ձայնագրման կրիչը:
Քնար Մանուկյան