ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 44-ամյա բնակչի կողմից կնոջ ծնողների սպանության դեպքի հանգամանքները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, կնոջ ծնողներին և եղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոցներ էր արձակել վերջիններիս ուղղությամբ, որի հետևանքով կնոջ հայրը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր, իսկ եղբայրն ու մայրը տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 44-ամյա տղամարդու կնոջ մայրը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, հաջորդ օրը մահացել է։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: