Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ:

Դանիել Քյուրքջյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Ֆրանսահայերի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ համագործակցության մասին: Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանը նշել է, որ այս տարի աշնանը նախատեսվում է Ֆրանսիայում կազմակերպել բիզնես համաժողով՝ հայաստանյան և ֆրանսիական ընկերությունների մասնակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանը ողջունելի է համարել խորհրդի գործունեությունը և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց:

Ֆրանսահայերի խորհուրդը ձևավորվել է վերջին տարիներին՝ նպատակ հետապնդելով մի կողմից վեր հանել և համակարգել հայապահպանությանն ուղղված խնդիրները, մասնավորապես կապված Ֆրանսիայում հայկական մշակութային վայրերի թվի աստիճանաբար նվազեցման, Սփյուռքում հայոց լեզվի տիրապետման թուլացման, Ֆրանսիայում հայկական դպրոցներում առաջացած դժվարությունների հետ, իսկ մյուս կողմից` զարգացնել ֆրանս-հայկական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ մշակույթ, տնտեսություն, կրթություն, իրավունք, առողջապահություն և այլ բնագավառներում:




Լրահոս