Ռոբերտ Քոչարյանի ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք ապրել ենք անվտանգ. Գուժ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իհարկե, ես նույնպես ինչպես յուրաքանչյուր քաղաքացի մտահոգ եմ մեր երկրում կատարվող իրադարձություններով, ցավոք առողջությունս այնքան էլ լավ վիճակում չէ եւ չեմ կարող կանգնել իմ ժողովրդի կողքին, բայց կիսում եմ նրանց բոլորի մտահոգությունները: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Գուժ Մանուկյանը՝ անդրադառնալով երկրում կատարվող վերջին իրադարձություններին եւ ընդդիմադիր ուժերի պայքարին:

«Մտավորականությունն այսօր հիասթափված է, բայց պետք է ժողովրդի հետ միասին ոտքի կանգնեն: Չարը պետք է հեռանա, եւ հենց չարի պատճառով է, որ նման հիասթափություն ենք ապրում: Երբ մեր ժողովուրդն առաջինն իր հույսը դնի Աստծո վրա, հետո նոր մարդկանց, ապա ամեն ինչ լավ կլինի: Ժողովուրդը, եթե միակամ ցանկացավ, որ պետք է չարը հեռանա եւ բարին լինի, ապա անպայման կլինի: Ղեկավարն անպիսին պետք է լինի, որ ժողովրդին իր հետեւից տանի, խոսի՝ հասկանան, ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման թաքուն-թաքուն քայլեր անի: Եթե մի անձնավորություն իրեն Հիսուս Քրիստոսի տեղն է դնում, էլ ինչ ասես, դա արդեն Աստծուն դեմ է: Ես բացի իրենից ուրիշ ոչ մեկից չեմ լսել, որ իրեն անվանի Հիսուս Քրիստոս, ես անգամ ցանկություն չունեմ իր անունը տալու»,-նշեց մեր զրուցակիցը:

Գուժ Մանուկյանի խոսքով՝ Երկիրը քանդեցին իրենց սեւ ու սպիտակով, նախկիններ ու ներկաներ տարբերակումներով: Ժողովուրդը վերջապես պետք է հասկանա եւ սթափվի,այս բթացումից դուրս գա. «Ժողովրդի մի զանգված մեխանիկորեն կրկնում է նախկիններ-ներկաներ, չեմ հասկանում հայ ժողովրդի մեջ չկա՞ առողջ մտածելակերպով մեծամասնություն: Պետք է առաջինը ժողովրդի մեջից հանեն արհեստականորեն մտցրած նախկիններ ու ներկաներ արտահայտությունը, մինչեւ այդ հիմարությունը դուրս չգա մարդկանց գլխուղեղներից արդյունք չենք ունենա: Այս երեք տարվա մեջ բացի վատից, ուրիշ լավ բան չեն արել: Կարծես կազմակերպված բանդա լինեն: Ես ոչ մեկի կողմանակիցը չեմ, ոչ մի քաղաքական հայացքներ չունեմ, բայց կա մի պարզ ճշմարտություն մենք ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի օրոք ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք ապրել ենք անվտանգ, եւ մեզ թուրքերն այսքան չեն ծաղրել»:

Նշենք, որ ապրիլի 17-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բոլորին հրավիրեց Ազատության հրապարակ` միասին համախմբվելու, պայքարելու հանուն Հայաստանի ու Արցախի: Իսկ երեկվանից ամբողջ Հանրապետությունով սկսվել են լայնածավալ բողոքի ակցիաները:

Լիդա Եղիազարյան

 

 




Լրահոս