Վաշխառության, հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մոր և որդու կողմից կատարված վաշխառության, հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, վարձակալելով Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տարածքը, մարզի տարբեր բնակավայրերում տարածել է «Կազմակերպությունը տրամադրում է գումար» բովանդակությամբ հայտարարություն: Հայտարարության հիման վրա, գումար ստանալու ակնկալիքով, նշված հասցե են դիմել մարզի բազմաթիվ բնակիչներ և նրանց կողմից տարբեր խանութներից ապառիկ վճարման կարգով գնված կենցաղային տեխնիկան վաճառել են հիշյալ տղամարդուն: Տղամարդը իր մոր Ա/Ձ-ի անունից բնակիչների հետ կնքել է առուվաճառքի պայմանագրեր, որոնց հիման վրա նրանց պետք է փոխհատուցվեր ապրանքների շուկայական արժեքի որոշակի տոկոսը, սակայն ապրանքները վերցնելուց հետո դրանց դիմաց չի վճարվել շուրջ 7 մլն ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաև, որ տղամարդու մայրը, գրանցվելով որպես շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր և պատասխանատու լինելով հաշվապահական հաշվառում կազմակերպելու և հարկային օրենսդրությամբ մյուս պահանջները պահպանելու համար, օրենքով սահմանված կարգով չի կատարել իր պարտականությունները, ինչի արդյունքում չի վճարվել ընդհանուր 6.961.400 ՀՀ դրամի չափով հարկեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (վաշխառությունը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ նրա մորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 1-ին մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս