
Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնից ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ վրաերթից մահացած հղի կինը աշխատում էր նույն կենտրոնում: Կենտրոնը նաև ցավակցական խոսքեր է հղել մահացածի ընտանիքին. «Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին: Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր:
Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին …»
Հիշեցնենք, որ երեկ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել: