Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է, որ, իհարկե, տեղյակ է՝ կառավարական կաբինետի կամ իշխանության տարբեր անդամներին ուղեկցող ավտոշարասյան համար ճանապարհային երթևեկության որոշակի այլ նորմեր ու կանոններ են գործում, բայց դա պետք է այնպես կանոնակարգվի, որ քաղաքացիները նման ողբերգական միջադեպերի կենտրոնում չհայտնվեն: ArmLur.am-ի հետ զրույցում նշում է՝ նման դեպքերում ոստիկանները պետք է նախապես կանխարգելիչ հայտարարություններով կամ գործողությւոններով ապահովեն քաղաքացիների անվտանգությունը:
«Թեև 2018-ին այսօրվա իշխանությունները հեծանիվով ու մետրոյով երթևեկելու մասին էին խոսում, այժմ կորտեժներով ու թիկնազորով են երթևեկեում: Ինչևէ, եթե որոշել են այդպես շրջել, ապա պարտավոր են մարդկանց անվտանգությունը պատշաճ կազմակերպել»,- շեշտում է Կարապետյանցն ու ավելացնում, որ այս դեպքից հետո չլինի հանկարծ այնպես, որ առհասարակ որևէ մեկը պատասխանատվության չկանչվի:
Պաշտոնայներին ուղեկցող ոստիկաններն, ասում է, հատուկ գիտելիքներ ու հմտություններ պետք է ստացած լինեին: Չնայած առանձնապես հույս չունի, թե համարժեք գնահատական կտրվի, բայց այն համոզմանն է, որ ողբերգական դեպքի ավելի վերադաս պատասխանատուները նույնպես պատասխանատվության իրենց բաժինը պետք է ուենան:
«Իշխանությունը շատ վաղուց կտրվել է այն բոլոր խոստումներից, որտեղ մարդը բարձրագույն արժեք էր: Հայաստանի իշխանություններին խորհուրդ կտամ նորից կարդալ այն Սահմանադրությունը, որտեղ գրված է՝ մարդը բարձրագույն արժեք է: Այդ Սահմանադրությանն, ի դեպ, այսօրվա իշխանավորներն անվանարկում ու ասում էին, թե այն «մեկ անձի հագով է կարված»՝ չնայած, որ առ այսօր նույն «կոստյումն» իրենք են հագնում: Հասկանում եք՝ խոսքը մարդու կյանքի իրավունքի մասին է ու առավել ծանր է, որ քաղաքացու մահվան պատճառը իրավական, պետական համակարգի ներկայացուցիչն է իր դարձել՝ իր ոչ պրոֆեսիոնալ գորճելաոճով»,- շեշտում է նա:
Սևակ Վարդումյան