Հայաստանի բարձր տեխնոլոգիական եւ արդյունաբերության նախարարությունը նոր ղեկավար ունի. ՀՀ նախագահի հրամանագրով Ռոբերտ Խաչատրյանը, որը մինչ այս զբաղեցրել է փոխնախարարի պաշտոնը, նախարար է նշանակվել:
ArmLur.am-ը ուսումնասիրել է 38-ամյա նախարարի ներկայացրած հայտարարագիրը: Նախ նշենք, որ Խաչատրյանը ներկայացրել է 2021 թվականի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը: Ուսումնասիրելով այն, պարզ դարձավ, որ Խաչատրյանն ունի 2008 թվականի արտադրության Toyota մակնիշի մեկ ավտոմեքենա, որը գնել է 2011 թվականին: Բացի այս, երիտասարդ նախարարը հայտարարագրել է, որ երկու ընկերությունում բաժնետոմս ունի, 500 հազար դրամ արժեքով բաժնետոմսը նա 2011 թվականին որպես նվիրատվություն է ստացել, իսկ 50 հազար դրամ արժեքինը Խաչատրյանը 2014-ին է ձեռք բերել: Ըստ Խաչատրյանի կենսագրության՝ նա 2011 – 2013թթ. զբաղեցրել է «Աստրա Կրիստալս» ընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերությունը զբաղվել է սինթետիկ սապֆիրի բյուրեղների աճեցմամբ:
Նախարարի ունեցած փոխառությունները ընդհանուր կազմել են 7 մլն 324 հազար դրամ, որից 4 մլն 580 հազար դրամը՝ «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ից, իսկ 2 մլն 744 հազար դրամը՝ «Սիմարտեկ»-ից:
Ռոբերտ Խաչատրյանի կանխիկ դրամը կազմել է 30 հազար դոլար, 10 հազար եվրո, 4 մլն դրամ: Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 9 մլն դրամ:
Ս.Հ.