ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակցիայի ժամանակ աղջիկներից մեկին բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները վնասել են նրա ձեռքը. Թովմասյանն ահազանգ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Քիչ առաջ ահազանգ ստացա, որ Կառավարության շենքի հարևանությամբ խաղաղ ակցիա իրականացնող աղջիկներից մեկին բերման ենթարկելու ընթացքում վնասել են նրա ձեռքը․աղջիկը ենթադրաբար ստացել է ձեռքի կոտրվածք:
Իմ հանձնարարականով՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության հետ, պարզաբանումներ պահանջել միջադեպի, դրա հանգամանքների, աղջկա առողջության, դրա ապահովման ուղղությամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ։

Մաշտոցի բաժանմունքի պետ Անդրանիկ Շահբազյանի տրամադրած տեղեկության համաձայն՝ Կառավարության շենքի դիմացից բերման ենթարկված աղջիկը արդեն իսկ ազատ է արձակվել։ Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատակիցների կողմից բերման ենթարկելու ընթացքում աղջկա ձեռքը վնասելուն, ապա այդ մասով կարող է միայն նշել, որ շտապ օգնություն է հրավիրվել ոստիկանական բաժանմունք, որի արդյունքում բժիշկների կողմից աղջկա վիճակը գնահատվել է բավարար։ Սակայն հանձնաժողովի աշխատակիցները ձեռք են բերել տեղեկություն, որ քաղաքացու մոտ առկա է ձեռքի սալջարդ։

Ոստիկանությանը հերթական անգամ հիշեցնում եմ, որ ձեր հիմնարար նպատակը պիտի համարեք մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու արժանապատվության, անհատի հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքը։ Հավատարիմ մնացե՛ք ձեր կոչմանը։ Խաղաղ ակցիա իրականացնող մեր քաղաքացիները չպետք է տուժեն ձեր գործողությունների արդյունքում։
Տեղեկացնում եմ, որ այս միջադեպը, ինչպես նաև ձեր բոլոր գործողությունները խոշորացույցի տակ են։ Մի՛ մոռացեք, որ ոստիկանի կարգավիճակը ձեզ համար ոչ թե արտոնություն է, այլ նախ և առաջ՝ պարտականություն՝ ապահովելու մարդկանց իրավունքների պաշտպանությունը։ Հավատարիմ մնացե՛ք ձեր առաքելությանը»։




Լրահոս