«Ուսուցչին 400 հազար դրամ աշխատավարձ տալու գործադրի հայտարարությունը մանիպուլյացիա է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կատարվող քաղաքական գործընթացների ֆոնին այս օրերին իշխող քաղաքական թիմը ամենատարբեր մեթոդներով փորձում է հասարակությանը շոյիչ հայտարարություններով հանդես գալ: Քաղաքացիներին մոլորեցնող հայտարարություններից մեկն էլ այն է, որ ատեստավորում անցնելուց հետո ուսուցիչը 400.000 դրամ աշխատավարձ կարող է ստանալ: Խոսքն, իհարկե, 400. 000 գրանցված, բայց ոչ իրական կամ այսպես ասած մաքուր աշխատավարձի մասին է: Եթե ուսուցիչը կարողանա հաղթահարել կառավարության կողմից մշակած «Ֆորդ բոյար» խաղի նմանվող փորձություննները, ապա պետտուրքերը հանած՝ մոտ 300.000 դրամ կարող է ստանալ:

Լոռու մարզի Ամրակից գյուղի դպրոցում «Հանրահաշիվ» ու «Երկրաչափություն» դասավանդող Տիգրան Առուշանյանն ասում է, որ կառավարության վերոնշյալ հայտարարությունը քաղաքական մանիպուլյացիա էր, որովհետև եթե կառավարությունն իրապես ցանկանում է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, ապա պետք է հստակ գործիքակազմ մտածել ու այն պարզ, մատչելի ներկայացնել ուսուցիչներին, որ վերջիններս էլ հասկանան, թե, օրինակ, ինչ թեստ են հանձնելու:

«Գուցե կարիք կա, որ, օրինակ, եռամսյա դասընթացներ կազմակերպեն, ուսուցիչներին վերապատրաստեն, ուղղորդեն, ոչ թե պայմաններ դնեն, թե այս-այս բաները պետք է անես, այլապես, չանելու դեպքում, կկորցնես աշխատանքդ: Իմ տեղեկություններով՝ եկող տարի արդեն ատեստավորումը ոչ թե կամավոր, այլ պարտադիր է դառնալու բոլոր ուսուցիչների համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է մանկավարժն ու ընդգծում՝ 400 հազար դրամ աշխատավարձ ստանալու համար ոչ միայն ատեստավորում պետք է անցնի ուսուցիչը, այլ նաև տարակարգ ունենա: Իսկ տարակարգը, մանրամասնում է, մի քանի մակարդակ ունի, ինչից մեկն էլ հոդվածներ գրելն է:

«Ի՞նչ է ենթադրում ատեստավորումը, արդյո՞ք դա բացի մասնագիտական գիտելիքները նաև մանկավարժական հմտությունների ստուգում է ենթադրում»,- հարցրեցինք ուսուցչին, ինչին նա բացասական պատասխան տվեց: «Ոչ, նախարարությանը հետաքրքրում է միայն մանկավարժի ակադեմիական գիտելիքներ ունենալը: Այսինքն՝ հավելավճար տալ միայն այն ուսուցիչներին, որ իր առարկային շատ լավ է տիրապետում, բայց միայն առարկային հրաշալիորեն տիրապետելը դեռևս քիչ է, որ նա լավ մանկավարժ լինի: Շատ ուսուցիչներ դպրոցական, առարկային ծրագիրը կարողանում են մատուցել աշակերտին, բայց դրանից ավելիին չեն տիրապետում: Ու հանուն արդարության պետք է ասել, որ առարկայական ծրագրից ավելիի իմացության կարիք չկա այսօրվա դպրոցում, որովհետև ի տարբերություն խորհրդային ու հետխորհրդային ժամանակաշրջանի դպրոցի, որտեղ ուսուցիչն էր գիտելիքի միակ ու անփոխարինելի աղբյուրը, ապա այսօր համացանցը բոլորի համար տեղեկատվություն ստանալու անսպառ միջոց է»,- ներկայացնում է մեր զրուցակիցն ու հարց տալիս պատկան մարմիններին՝ արդյո՞ք նույն տրամաբանությամբ պետությունը ստուգում է պատգամավորների ու պաշտոնյաների արհեստավարժությունն ու գիտելիքները, ապա նոր միայն պարգևավաճար տրամադրում նրանց:

Ս.Վ.




Լրահոս