
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։Հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը խոստացել է ավելացնել Կիևին հատկացվող հումանիտար և ռազմական օգնությունը։ Այս մասին iz.ru-ի փոխանցմամբ գրում է BFM-ը։
Աղբյուրի փոխանցմամբ Մակրոնը խոստացել է Զելենսկիին ավելացնել Ուկրաինային տրամադրվող պաշտպանական սպառազինությունը և հումանիտար աջակցությունը։ Ելիսեյան պալատը հայտնել է, որ հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ։
Ապրիլի 22-ին Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան նախատեսում է Ուկրաինա ուղարկել Caesar 155 մմ-ոց ինքնագնաց հրետանային կայանքներ։ Միևնույն ժամանակ Մակրոնը նշել է, որ ձգտում է Կիևին զինել՝ չանցնելով կարմիր գծերը։ Կարմիր գիծ ասելով Ֆրանսիայի նախագահն ի նկատի է ունեցել այն, որ Ֆրանսիան կոնֆլիկտի մասնակից չդառնա։
Իսկ ապրիլի 11-ին Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանը հայտնել էր, որ Լվով է ժամանել ֆրանսիական ժանդարմների խումբը։ Նրանց առաքելությունն է օգնել ուկրաինացի գործընկերներին ռազմական հանցագործությունները քննելու գործում։ Դիվանագետը նշել է, որ ֆրանսիացիններն առաջինն են, որ նման օգնություն են ցուցաբերում։ Մարտի 18-ին հայտնի էր դարձել, որ Le Figaro թերթի ընթերցողները քննադատել են Ֆրանսիայի իշխանությունների որոշումը, որը վերաբերում է Ուկրաինային 300 մլն եվրո ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն։