ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է այսօր՝ ապրիլի 30-ին, կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները:
Ըստ ՀՀ մարզերից և Երևան համայնքից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ։
Շաբաթօրյակին ներգրավվել է 1830 միավոր տեխնիկա և կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 42100 գործիք։
Աղբից մաքրվել են փողոցներ ու բակեր, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ ու ճանապարհամերձ տարածքներ, անտառամերձ տարածքներ, այգիներ, պուրակներ, պատմամշակութային հուշարձանների տարածքներ։ Լվացվել են բազմաթիվ հուշարձաններ։
Միաժամանակ վերացվել են շուրջ 50 մեծ աղբակույտեր ու աղբանոցներ։