ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. «Մեդիահաբի» լրագրող Նարե Գեւորգյանի եւ օպերատոր Արման Ղարաջյանի նկատմամբ ՀՀ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի եւ նրա աշխատակցի կողմից ցուցաբերված վերաբերմունքը խիստ դատապարտելի է: Լրագրողների նկատմամբ բռնության ցանկացած փորձ, ցանկացած ոտնձգություն պետք է օրենքի տառին համապատասխան վերաբերմունքի արժանանա: Հիշեցնում եմ, որ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով «լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:
Իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է. «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը. եթե կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով`պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
Սա նշանակում է, որ անհապաղ պետք է ՀՀ ՊՊԾ պետը պատասխանատվության ենթարկվի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: