Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել. «Այսօր առավոտվանից մեկնարկած ընդդիմության բողոքի, անհնազանդության խաղաղ ակցիաների շրջանակներում իրավապահ մարմինների, ուժային կառույցների ներկայացուցիչներն անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են իրադարձությունները լուսաբանող բազմաթիվ լրագրողների և օպերատորների գործունեությունը՝ կոպտորեն խախտելով նրանց իրավունքները։ Այդ գործողություններին մասնակցում են՝ ինչպես սովորական, այնպես էլ՝ հատուկ նշանակության ջոկատի ոստիկանական ծառայողներ: Ակցիայի որոշ վայրեր են խուժել անհասկանալի սև դիմակներով կասկածելի անձինք:
Հիշեցնենք, որ ոստիկանները, ըստ միջազգային կանոնների, պետք է լինեն համազգեստով՝ հստակ տեսանելի անհատականացնող տվյալներով՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Նշյալ կանոները անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում քաղաքացիների և ոստիկանության ծառայության աշխատակիցների կողմից շատ հաճախ չեն պահպանվում, ոտնահարվում են:
Այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում mediahub.am-ի և այլ լրագրողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառել Պետական պահպանության ծառայության՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ հարվածելով իրեն հարց ուղղող լրագրողին և նրան նկարահանող օպերատորին, այդ թվում՝ վնաս պատճառելով վերջինիս տեսախցիկին։
Քաղաքացիների հետ մեկ այլ բախման ընթացքում գիտակցությունը կորցրել և ուշագնաց է եղել Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը: Նրան օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Հերացի փողոցի վրա սև դիմակավորները հրել ու հարվածել են AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ուսին, խոչընդոտել նկարահանումը։ Խանջյան փողոցում ոստիկանները հրմշտել ու խոչընդոտել են նկարահանման աշխատանքը։
Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում քաշքշել են AntiFake.am-ի լրագրող Իշխան Խոսրովյանին, խոչընդոտել նկարահանումներին։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է բողոքի խաղաղ ակցիաները լուսաբանող լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերը, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու լկտի և սանձարձակ, քրեաօլիգարխիկ բանդայի գործողություններին հարիր ակտերը։
Իրավապահ մարմիններից պահանջում ենք խստորեն պահպանել լրագրողների մասնագիտական գործունեությունը հարգելու իրենց պարտականությունը, որը ամրագրված է՝ ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ՝ բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով։
Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին՝ վերջինիս հիշեցնելով, որ նա ոչ թե առանձին վերցրած անձի անձնական օգտագործման թիկնապահ է, այլ պետական ծառայող։
Տեղի ունեցած միջադեպերի առիթով հրավիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի, տեղական և միջազգային իրավաշտպան կազմակերպությունների ուշադրությունը, որոնց լռությունն ու անգործությունն ավելի է խորացնում հանրության շրջանում արմատացած այն կարծիքը, որ նրանք աշխատում են երկակի ստանդարտներով և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հետևելու է քաղաքական գործընթացները լուսաբանող բոլոր լրագրողների իրավունքների խախտումների դեպքերին, արձանագրելու է դրանք՝ հետագայում կատարողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»։