Եվրամիության երկրներն ամռանը կհրաժարվեն ռուսական ածուխ ներկրելուց. Շոլց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության երկրներն ամռանը կհրաժարվեն ռուսական ածուխ ներկրելուց։ Այդ ժամկետն է նշել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Indian Express-ին տված հարցազրույցում: Կանցլերի խոսքով՝ Եվրոպան նախատեսում է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթից։ Բացի այդ, ԵՄ-ն պատրաստվում է կտրուկ նվազեցնել ռուսական գազի ներկրումը, նշել է նա։ Շոլցը հավաստիացրել է, որ շատ երկրներ միացել են ռուսական էներգակիրների դեմ պատժամիջոցներին՝ չնայած նրանց համար անխուսափելի տնտեսական ծախսերին։

«Մենք շատ հավակնոտ քաղաքականություն ենք իրականացնում՝ նվազեցնելու մեր կախվածությունը Ռուսաստանի հանածո վառելիքի ներմուծումից։ Այս ամառ մենք կդադարեցնենք ռուսական ածխի ներկրումը, մինչև տարեվերջ կդադարեցնենք ռուսական նավթի և կտրուկ կնվազեցնենք գազի ներկրումը Ռուսաստանից»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերի տնտեսական հարցերով օգնական Յորգ Կուկիսը հայտարարել էր, որ երկիրը ծրագրում է միանալ ռուսական նավթի ներմուծման էմբարգոյին։ Միաժամանակ նա մանրամասնել է, որ Բեռլինին ժամանակ է պետք այդ քայլին պատրաստվելու համար։




Լրահոս