Այսօր Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաները մեծ խնդիր են առաջացրել ուսանողների համար: ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր Երեւանի մի շարք բարձրագույն կրթական հաստատություններում դասապրոցեսը գրեթե եղել է պարալիզացված, քանի որ ուսանողները, հատկապես մարզերից, չեն կարողացել պարզապես հասնել դասի, արդյուքնում՝ ուսանողների մոտ 40 տոկոսն է հաճախել համալսարաններ:
Եվ չնայած այս ամենին, մեզ հասած տեղեկություններով, ԿԳՄՍ նախարարությունն առավոտյան զանգահարել է համալսարաններ ռեկտորներից՝ պարզելու համար, թե ուսանողների քանի տոկոսն է հաճախել եւ «հրահանգել» ռեկտորներին հայտարարություններով հանդես գալ, որ դասապրոցեսներն ընթանում են իրենց բնականոն հունով:
ArmLur.am-ը տեղեկությունը ճշտելու համար զրուցեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հետ, ով մեր հարցադրումներին ի պատասխան ասաց. «Նման բան չկա, դասապրոցեսները համալսարաններում բնականոն ձեւով ընթանում են, եւ բնականաբար բախվել էին առավոտյան որոշակի խցանումների, բայց 40 տոկոս, թե քանի տոկոս, չգիտեմ, թե Ձեր ինֆորմացիան որտեղից է, համենայնդեպս դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով»:
Հ.Գ. Նշենք, որ օրվա ընթացքում Երեւանի տարբեր բարձրագույն հասատություններ հանդես եկան հայտարարություններով՝ նշելով, որ դասապրոցեսները ընթանում են բնականոն հունով: Մասնավորապես՝ ԵՊՀ. ՀՊՄՀ, ՀՊՏՀ,Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանները:
Լիդա Եղիազարյան