Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ  

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հետքայլի տեղ չունենք»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու հավելում, որ եթե այս անգամ էլ ընդդիմությունը չհաջողի, ապա ՀՀ պետականության մասին կարելի է անցյալով խոսել:

 

-Պարո՛ն Վանեցյան, Դուք Ազատության հրապարակում եք: Ի՞նչ է փոխվել Ձեր ասելիքի եւ գործողությունների մեջ: Արդյոք այս օրերին տեսա՞ք այն համընդհանուր համախմբումը, որն ակնկալում էիք:

-Միանշանանակ այդ օրերին, որ անցկացրել ենք Ազատության հրապարակում, խոսել ենք մեր համաքաղաքացիների հետ եւ բացատրել ենք, թե ինչու ենք այստեղ, եւ ինչն է նպատակը: Կարծում եմ, որ  իրազեկման առաջին փուլի գործողությունը մենք հասցրել ենք ավարտին: Ունենք գրեթե 100 տոկոս արդյունք: Ինչո՞ւ եմ այդպես կարծում. Դուք տեսաք, որ Ազատության հրապարակը, ամսի 17-ից սկսած, վերածվեց մի վայրի, որտեղ գալիս են մարդիկ՝ անկախ իրենց քաղաքական  հայացքներից, անկախ իրենց քաղաքական կողմանորոշումից, այնպիսի հայրենասեր մարդիկ, որոնք հասկանում են, որ երկիրն իրապես գտնվում է ծանր իրավիճակում, եւ ժամանակն է եկել հստակ ձեւակերպումներով, պահանջով վերջ դնել այս իշխանությունների գոյությանը քաղաքական ասպարեզում: Ուստի մենք շարունակում ենք մեր հայտարարած անժամկետ միջոցառումները, մենք կրկին  Ազատության հրապարակում ենք, գիշերելու ենք այստեղ, 24 ժամ լինելու ենք այստեղ: Երկրորդ փուլի մեկնարկը տրվեց ապրիլի 25-ից, որը լինելու է ավելի ակտիվ:

-Ի՞նչ տեսքով:

-Լինելու են երթեր, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվելու եւ շատ այլ բաներ:

-Դա մի անգամ, կարծես թե, կիրառվել է: Նոր մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ չկա՞ն: Աշխատո՞ւմ եք մասնագետների հետ:

-Մասնագետներ մեզ պետք չեն: Մենք պետք է բացառապես աշխատենք մեր ժողովրդի հետ, մենք պետք է մեր քայլերով, մեր գործողություններով կարողանանք ժողովրդին ակտիվացնել, հանել փողոց եւ դարձել պահանջատեր. դա է ամենակարեւոր խնդիրը: Մենք ունենք երկրորդ խնդիր, որ մարդիկ ոչ թե հիասթափվեն, ասեն՝ մեկ է, բան չի լինելու, այլ մենք պետք է մարդկանց ասենք, որ չհիասթափվեն: Ապրիլի 17-ին ես մենակ էի Ազատության հրապարակում, բայց այսօր այստեղ կան տարբեր խմբեր, մեկնարկեցին Հայ հեղափոխական դաշնակցության կողմից իրականացված ակցիաները: Իջեւանից սկսեցին դեպի Երեւան քայլել մարդիկ, որոնք համաձայն չեն իշխանությունների հետ, մարդիկ, որոնք ուզում են ունենալ ուժեղ երկիր: Ես կարծում եմ, որ այդ խմբերն ավելանալու են, եւ  մենք կարողանալու ենք սկզբում ապակենտրոն, ցանցային որակով հանրության հետ աշխատել, բացատրել, որ մենք պետք է միասնական գործենք, որից հետո ինչ-որ մի փուլում, քանի որ բոլորիս նպատակը մեկն է ու ազնիվ, պետք է բոլորը համախմբվեն: Չգիտեմ, թե դա երբ  կլինի՝ մեկ օրից, տասը օրից, հինգ օրից, բայց մենք ժամանակ չունենք: Մենք ժամանակն արդեն բաց ենք թողնել եւ պետք է քայլեր անենք շատ արագ:

-Շատերն ասում են, որ ընդդիմադիր լիդերներից ամեն մեկն իր համար տարբեր գործողություններ է ներկայացնում, որը ստեղծում է պառակտիչ տարամադրություն: Եթե գա կրիտիկական մի պահ,  բոլոր լիդերները իրենց ամբիցիաները կդնե՞ն մի կողմ՝ ընտրելով  բոլորովին մեկ ուրիշ լիդերի:

-Վստահ եղեք, որ այս պայքարը որեւէ մեկը չի  իրականացնում իր անձնական շահերն առաջ տանելու համար կամ իր նեղ կուսակցական շահերն առաջ մղելու համար: Դուք շատ ճիշտ եք նշում, որ կան տարբեր կուսակցություններ, խմբեր, որոնք ունեն իրենց առաջնորդներն ու կազմերը, եւ հենց դրա մասին է խոսքը, որ մենք ասում ենք՝ ապակենտրոն ցանցային: Դա նրա մասին է, որ չլինի վառ ընդգծված առաջնորդ:

 

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍԻ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ

Ապրիլի 24-ին ՀՀ բարձրագույն իշխանությունն ու հոգեւոր դասն առանձին-առանձին են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, նախորդ տարի նույնպես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կաբինետի հետ տարբեր ժամերի են Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրացել:

 

Սա, իհարկե, աննախադեպ երեւույթ է, երբ հոգեւոր դասն ու օրվա իշխանությունը ցավի, հիշողության, պայքարի օրն ազգի պառակտում են ի ցույց դնում, պառակտում, որ 2018-ից սկսվեց, երբ ես ու գործընկերս գլխահակ ու մեր՝ բոլորից տարբերվող մտորումներով Ծիծեռնակաբերդ էինք բարձրանում, իսկ մեր կողքին բարձրախոսով ու «կամուֆլաժով» երիտասարդներ՝ անխնամ բեղ-մորուսով ու ճմրթված հագուստներով, Սերժ Սարգսյանին «մերժած» Նիկոլ Փաշինյանի համար դեպի հուշահամալիր ճանապարհ էին բացում: Ժողովրդի «ընտրյալը», դեռ վարչապետի աթոռը չստանձնած, արդեն տարանջատվում էր իր իսկ ասած «ժող ջանից»: Ծափ ու ծիծաղ էր, մարդիկ փառավորվում էիր՝ իրենց «փրկչին» տեսնելով: Երբեք չեմ մոռանա ծխախոտի մնացուկները մատների հմուտ շարժմամբ մի քանի մետր հեռավորության վրա գետին շպրտող ու իբրեւ թե հասարակական կարգը հսկող ոստիկանների լայնժպիտ դեմքը, որ խոսում էին ինչ-որ լծից ազատվելու ու ժողովրդի մի մասնիկը լինելու մասին:

Ինձ ու գործընեկորջս այդ օրերին բացառապես մի հարց էր հետաքրքրում՝ ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: Հարցի պատասխանը գոնե մենք ինչ-որ չափով կանխատեսում էինք, այնինչ Փաշինյանի՝ իշխանության գալով հրավառված մեր մյուս գործընկերները, որ այդ պահին նույնպես դեպի Ծիծեռնակաբերդ էին բարձրանում, հորդորում էին չմտածել այդ մասին ու փառք տալ Աստծուն, որ վերջապես ազատվեցինք նախկինների լծից:

44-օրյա պատերազմից հետո ոչ միայն Ծիծեռնակաբերդ, այլ նաեւ Եռաբլուր այցելելիս կամ պետական այլ միջոցառումների ժամանակ օրվա իշխանությունը մեկուսի է՝ առանց հոգեւոր դասի կամ ՀՀ նախկին նախագահների: Իհարկե, չեմ բացառում, որ նախկին երեք նախագահները կընդունեն Փաշինյանի հետ, օրինակ, Եռաբլուր գնալու կամ Անկախության տոնը նշելու ժամանակ նույն հարթակի վրա կանգնելու առաջարկը, բայց վստահ էլ չեմ, որ հատկապես 44-օրյա պատեազմից հետո նման առաջարկ եղել է գործադրի կողմից:

Ավերիչ ու աղետաբար պատերազմից հետո էլ ավելի է խորացել «Նիկոլ, դավաճա՛ն» ու «Նիկոլ, վարչապե՛տ» գոռացողների միջեւ գոյացած ու ահագնացող անջրպետը. հայ մարդն իր հարեւանի, ընկերոջ, եղբոր կամ ծնողի միջեւ բարեկամության ու ատելության սահման է գծել, այնինչ իրական սահմանի՝ հակառակորդին շատ մոտեցած գծերը հենց այս պահին տիրություն անողի են սպասում:

Նյութերը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

 

 

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ

Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որեւէ փաստաթուղթ չի քննարկվում, եւ ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների եւ ժողովրդի կարծիքի հետ: Այս մասին ընդայնված խորհդակցության ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ներկայացրել է հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը եւ Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում եւ Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում:

 

 

ԴԱՆԴԱՂԵԼ Է ԱՃԸ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը, նախորդ 2 ամիսների համեմատ, դանդաղել է: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունից։ Հունվարին ՏԱՑ-ի աճը կազմել է 14,8 %, փետրվարին՝ 8,2 %, իսկ մարտին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճը կազմել է 6,7 %: Ընդհանուր առմամբ հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ ՏԱՑ-ի աճը կազմել է 9?6 %: Մարտ ամսին նկատելի աճ է գրանցվել ծառայությունների ու արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում։ Ծառայությունների ծավալը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 25,9 %-ով, արտաքին ապրանքաշրջանառության ծավալը՝ 12,3 %-ով։ Արտահանումը աճել է 4 %-ով, ներմուծումը՝ 22,5 %-ով, շինարարությունն աճել է 8,2 %-ով, առեւտրի շրջանառությունը՝ 6,6 %-ով։ Նվազում է գրանցվել միայն արդյունաբերական արտադրանքի ծավալում՝ -6,9 %:




Լրահոս