Լոռու մարզի բնակիչը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի բնակչի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, Լոռու մարզի Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի 39-ամյա բնակիչն Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին առանց առջևի պետհամարանիշի վարել է «Lada» մակնիշի ավտոմեքենան, ինչը նկատվել է նույն տարածքում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից: 39-ամյա տղամարդը, չենթարկվելով կանգ առնելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված օրինական պահանջին, դիմել է փախուստի և ավտոմեքենան կայանել հիշյալ բնակավայրի տներից մեկի բակում։ Այնուհետև անտեսելով ոստիկանների՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու օրինական պահանջը՝ 39-ամյա տղամարդը հարվածել է նրանցից մեկի դեմքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նեղոց բնակավայրի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս