Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը սահմանելու, դրանց լրացման (գործածման) կարգը հաստատելու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանում փոփոխություններ են կատարվել, որոնք ստորագրված ուժի մեջ են մտել ապրիլի 21-ին: Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկի առաջին կետում փոփոխություն է կատարվել։ Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկ՝
Էլեկտրոնային դասամատյաններ, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` այլ էլեկտրոնային կամ թղթային մատյաններ` հիմնադրի որոշմամբ; աշխատողի անձնական էլեկտրոնային գործ; սովորողի անձնական էլեկտրոնային գործ; միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան; հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան; ավարտական, պետական ավարտական, փոխադրական, էքստեռն քննությունների եւ գիտելիքների ստուգման արձանագրություններ; Էլեկտրոնային հաստիքացուցակ; տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ; ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն; ուսուցիչների բաց թողած եւ փոխարինված դասաժամերի հաշվառման մատյան; ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ` էլեկտրոնային տարբերակով; դասալսումների արդյունքների արձանագրություն; ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան, տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ` էլեկտրոնային տարբերակով; սովորողների շարժի մատյան։
Հրամանի 2-րդ հավելվածում, որով սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման հետ կապված իրավահարաբերությունները, եւս փոփոխություններ են կատարվել։ Փոփոխությունները են եղել մասնավորապես 1-ին գլխում, որը վերաբերում է էլեկտրոնային մատյաններին։ Փոփոխություններից բացի, ավելացել են նաեւ 9-րդ, 10-րդ կետերը։ Այսպիսով՝
- Էլեկտրոնային դասամատյաններ
- Էլեկտրոնային դասամատյանը ձեւավորվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցի դասարանների կազմավորման եւ դասաբաշխման, թեմատիկ պլանների եւ դասացուցակի հիման վրա, ինքնաշխատ եղանակով:
- Էլեկտրոնային դասամատյանում ցուցադրվում է
դասարանը; դասարանում սովորող աշակերտների ցանկը; դասավանդող ուսուցչի անունը եւ ազգանունը; դասավանդվող առարկան; դասացուցակը; դասի տարին, ամիսն ու ամսաթիվը, օրվա դասի թեման, տնային առաջադրանքը; աշակերտների հաճախումների արձանագրումը; աշակերտների ընթացիկ, թեմատիկ, կիսամյակային գրավոր աշխատանք, կիսամյակային, տարեկան եւ քննական գնահատականները:
- Էլեկտրոնային դասամատյանը ցուցադրվում է ամսական բաժանումներով:
- Էլեկտրոնային դասամատյանի լրացումը (գործածումը) իրականացնում են առարկաները դասավանդող ուսուցիչները:
- Էլեկտրոնային դասամատյանում ուսուցիչը կատարում է տվյալ օրվա` սույն կարգի հավելված 2-ի 1-ին գլխի 3-րդ կետի 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ ենթակետերով նախատեսված գրանցումները երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո դասամատյանում հաճախումների եւ գնահատականների գրանցումը կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում է, բացառությամբ գրանցումների տեխնիկական եւ (կամ) բովանդակային անճշտությունները փոփոխելու կամ լրացնելու վերաբերյալ դասավանդող ուսուցչի կողմից դպրոցի տնօրենին ուղղված զեկուցագրի առկայության դեպքի: Էլեկտրոնային դասամատյանում գրանցումների տեխնիկական եւ (կամ) բովանդակային անճշտությունները կարող են փոփոխվել կամ լրացվել ոչ ուշ, քան դասավանդող ուսուցչի կողմից դպրոցի տնօրենին ուղղված զեկուցագրի ներկայացման օրվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Թեմատիկ (ըստ անհրաժեշտության` ամփոփիչ) գրավոր աշխատանքների արդյունքների գնահատման եւ բացակայությունների գրանցումը էլեկտրոնային դասամատյանում իրականացվում է գրավոր աշխատանքը հանձնարարելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո գնահատականների եւ բացակայությունների գրանցումը կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում է: Գործնական եւ թեմատիկ աշխատանքից բացակայած սովորողն այն կարող է հանձնել մինչեւ տվյալ կիսամյակի ամփոփումը: Այդ աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար գրվում է «բ» տառը: Հանձնած աշխատանքի թվանշանը նշանակվում է հանձնման օրվա սյունակում:
- Էլեկտրոնային դասամատյանի վարման վերահսկողությունը իրականացնում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Կրթության տեսչական մարմինը, լիազոր մարմինը, դպրոցի տնօրենը, որը նաեւ կարող է կատարել սույն կարգի հավելված 2-ի 1-ին գլխի 6-րդ կետում նշված գրանցումների փոփոխություն եւ լրացում, եւ տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում իրենց վերապահված գործառնությունների շրջանակում:
- Ավարտական դասամատյանների պահպանման ժամկետը սահմանվում է 50 տարի, իսկ ոչ ավարտական դասամատյաններինը` 5 տարի:
- Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են վարել այլ էլեկտրոնային կամ թղթային մատյաններ` իրենց հայեցողությամբ` պահպանելով սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետները:
- Ուսումնական պլանով նախատեսված առաջին եւ երկրորդ կիսամյակներն ավարտվելու օրվան հաջորդող 10-րդ օրը համակարգը ինքնաշխատ եղանակով հաշվարկում եւ ամփոփում է աշակերտների կիսամյակային եւ տարեկան գնահատականները, եթե մինչ այդ ուսուցչի կողմից տվյալ գործողությունը չի իրականացվել:
Ն. Պ.
ԱՌԱՆՑ ԱԿՑԻԶԻ ԾԽԱԽՈՏՆԵՐ
Արեւելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Գոգավան-Պրիվոլնոյե» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել եւ կանխվել է 50 արկղ ծխախոտի անօրինական արտահանման փորձը: «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսային կետ-բաժին մուտք է գործել ՀՀ-ից դեպի ՌԴ մեկնող բեռնատար տրանսպորտային միջոց: Մաքսային տեսուչների մոտ որոշակի կասկածներ են ի հայտ եկել, եւ որոշում է կայացվել ավտոմեքենան ենթարկել ռենտգեն զննման։ Սակայն վարորդի կողմից ներկայացվել է ավտոմեքենայի անսարքության վերաբերյալ կեղծ պատճառաբանություն, որից հետո վերջինս, առանց ավտոմեքենայի, լքել է մաքսային տարածքը: Վարորդը մաքսային կետ-բաժին է վերադարձել երեք օր անց, որից հետո տրանսպորտային միջոցը ենթարկվել է ռենտգեն զննության: Արդյունքում պարզվել է, որ բացի հայտարարագրված ապրանքներից, կցորդում առկա են չհայտարարագրված եւ առանց ակցիզային պիտակավորման 50 արկղ տարբեր տեսակի ծխախոտ՝ ընդհանուր մոտ 600 կգ քաշով: Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, եւ նյութերը ներկայացվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն՝ գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով։
ԸՆՏԱՆԵԿԱՆ
Ապրիլի 25-ին՝ ժամը 00.15-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 24-ին՝ Քաջարան քաղաքի եղբայրական գերեզմանոցում ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, նրան դանակահարել է եղբոր փեսան: 35-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Քաջարանի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ
ՀՀ գլխավոր դատախազության ստացված տվյալների հիման վրա՝ ամփոփվել են 2022թ. առաջին եռամսյակում բնակարանային գողությունների դեպքերի եւ դրանց բացահայտման ընդհանուր միտումները: Մասնավորապես, 2022թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է բնակարանային գողության 284 դեպք այն պարագայում, երբ 2021թ. նույն ընթացքում գրանցվել էր նման 325 դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 41-ով կամ 12,6%-ով:
Դրան զուգահեռ, 2021թ. առաջին եռամսյակում արձանագրված բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը կազմել էր 41,6%, մինչդեռ 2022թ.՝ 51,6%, այսինքն՝ բացահայտման ցուցանիշը աճել է 10 տոկոսային նիշով:
Ընդ որում՝ այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության դրական միտումները շարունակվում են 2020թ.-ից: Եթե ողջ 2020թ. ընթացքում, նախորդող տարվա համեմատ, բնակարանային գողությունների դեպքերը նվազել են 25.8%-ով, ապա 2021թ.-ին, 2020-ի համեմատ, 5.2%-ով: Զուգահեռաբար եթե 2020թ. բացահայտվել է բնակարանային գողությունների դեպքերի 26.7%-ը՝ 2019 թվականի 21.1%-ի համեմատ, ապա 2021թ. բացահայտումը կազմել է 27.2%՝ 2020թ. 26.7%-ի դիմաց:
2022թ. այս միտումների շարունակումը կարեւոր է նրանով, որ եթե 2020թ. բնակարանային գողությունների նվազման, դրանց բացահայտման դրական արդյունքների վրա մեծապես ազդել էր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների բերումով քաղաքացիների կողմից իրենց բնակության վայրերում մնալու հանգամանքով, ապա 2021թ. եւ հատկապես 2022թ. իրողությունների հիմնական պատճառն ակնհայտորեն հանցատեսակի դեմ պայքարը դեռեւս 2019թ. ՀՀ դատախազության կողմից որպես առաջնահերթություն հռչակելն է, դրա շրջանակներում հանցագործությունների նախականխման, տաք հետքերով բացահայտման, կատարվող քննությունների, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակի եւ արդյունավետության բարելավմանն ուղղությամբ նախաձեռնված համալիր եւ հիմնարար միջոցառումների իրականացումը: Դատախազությունում իրականացված ուսումնասիրությունները փաստել են, որ բնակարանային գողությունների բացահայտման ցածր ցուցանիշները նաեւ պայմանավորված են եղել ոչ պատշաճ քննություններով, հատկապես անհրաժեշտ եւ անհապաղ կատարման ենթակա քննչական գործողություններն ուշացնելու, մակերեսային կատարելու, քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների միջեւ ոչ բավարար համագործակցության, վերջիններիս առանց գործի համար կարեւոր հանգամանքների մասին շեշտադրումների հանձնարարություններ տալու, հափշտակված գույքը հայտնաբերելուն ուղղված պատշաճ միջոցառումներ չիրականացնելու հանգամանքներով։