32 ԿԳ ՆԻՀԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, մոդել Լիանա Հակոբյանը երկար դադարից հետո միանգամից հանդես կգա երկու նոր նախագծում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Լիանան:

 

«Երկար դադարից հետո որոշեցի կրկին նկարահանվել: Բավականին ակտիվ շրջան է իմ կյանքում: Այս պահին ունեմ աշխատանքային ծանրաբեռնվածություն: Նկարահանվում եմ միանգամից երկու նոր նախագծում, իհարկե դեռ չեմ կարող փակագծերը բացել, որովհետեւ դեռ թույլատրելի չէ: Կարող եմ ասել՝ երկուսն էլ հումորային թեթեւ ժանրում են:  Հատկապես երկար դադարից հետո նոր նախագծերն ինձ գրավեցին առաջինը հետաքրքիր սցենարով, ապա պրոֆեսիոնալ եւ հարազատ թիմով: Միայն կարող եմ ասել, որ կերպարներս հետաքրքիր են: Բացի այդ, ես ինքս էլ եմ արտաքնապես փոխվել եւ կուզենայի հանդես գալ նորովի՝ նոր տեսքով եւ ոճով»,-նշեց նա:

Լիանայի խոսքով՝ չնայած բազմազբաղ լինելուն՝ համագործակցում է նաեւ խանութ-սրահների հետ՝ որպես մոդել: Այս ամենից զատ աշխատում  է նաեւ սրճարանում՝ որպես մենեջեր:

«Ակտիվ եմ նաեւ «Ինստագրամ»-ում: Ինչ հրապարակվում է իմ ինստագրամյան էջում՝ լուսանկար, թե գրառում, մարդուն գեղեցիկը մատուցելու, աչքը շոյելու համար է: Բոլոր գրառումներս ինքս եմ գրում՝ փորձելով հետաքրքրություն պահել հետեւորդներիս համար: Երբեմն դժվարանում եմ, գերհոգնածություն եմ զգում, բայց ես ինքս աշխատող տեսակ եմ եւ սիրում եմ անել այն ամենըն, ինչն իսկապես ես սիրում եմ»,-ասաց նա:

Լիանան մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ ավելորդ քաշից ազատվելու իր տարբերակին:

«Արդեն 32 կիլոգրամ նիհարել եմ: Չնայած գերզբաղվածությանս եւ հոգնածությանս՝ հասցնում եմ զբաղվել նաեւ ֆիզիկական ակտիվությամբ: Պարտադիր հաճախում  եմ սպորտ կենտրոն՝ յոգայի, ձգումների: Օրական թեկուզ կարճ՝ 10 րոպեով պարտադիր հատկացնում եմ իմ մարմնին: Հետեւում եմ իմ սննդակարգին, ուտում եմ բացառապես առողջ սնունդ, ոչ մի յուղային սնունդ չեմ օգտագործում, դրանք բացառված են իմ սննդակարգից: Կարելի է ասել՝ ընտրել եմ այլ տարբերակ ապրելու: Արդեն երկու տարի է, ինչ զբաղվում եմ իմ քաշով, իմ մարմնի ճկունությամբ, եւ ես դրանից ինձ լիարժեք եւ լավ եմ զգում»,-ընդգծեց դերասանուհին:

Խոսելով ավելորդ քաշի բարդույթների եւ սիրելիի մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Դրանք կոմպլեքսներ չեն, այլ եղել են ստիմուլներ, որոնք ուղղակի օգնել են ավելի աշխատել ինքս ինձ վրա: Իսկ ինչ վերաբերում է անձնականին, չեմ ցանկանում այդ մասին հարցերի պատասխանել, քանի որ  մարդկանց պետք է հետաքրքրի իմ գործունեությունը, այլ ոչ թե իմ անձնականը: Ես ուզում եմ միայն իմ գործունեության մասին խոսել:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 




Լրահոս