Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո կողմերը հայտարարություն էին տարածել, ինչի մի դրույթն էլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային էր վերաբերում: «Մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ»,- ասված էր հայտարարության մեջ։ Դրանից հետո միայն նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հաղոդագրության մեջ նշվում է. «Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել»: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց տեղեկանալ, թե քաղաքական իշխանությունը վերոհիշյալ աշխատանքային խումբը ձեւավորելու համար ինչ քայլեր է իրականացնում: Արտաքին գործերի նախարարությունը թեեւ ականջալուր եղավ, բայց այդպես էլ որեւէ կերպ չարձագանքեց մեր հարցմանը: Աշխատանքային խումբ ձեւավորելու մասին տեղեկատվություն նաեւ Փաշինյանի կառավարական կաբինետից չկարողացանք ճշտել: Ազգային ժողովի արտաքին հարաբերությնների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մեր զանգերն անպատասխան թողեց: Հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին իրեն որեւէ բան հայտնի չէ: Իշխանավորների՝ մեր հարցն օդում կամ հեռախոսզանգերն անպատասխան թողնելը, իհարկե, բնավ չի նշանակում, թե վերոնշյալ խումբը դեռեւս չի ձեւավորվել: Չի բացառվում, որ դրա կազմը կարող է հայտնի լինել, ինչի մասին հասարակությունը, ինչպես շատ դեպքերում, պոստֆակտում կարող է իմանալ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն եզակի պաշտոնյաներից է, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո անգամ չհեռացվեց պաշտոնից եւ պաշտոնավարում է մինչեւ այժմ: Նա այդ պաշտոնին ընտրվել է ՀՀԿ-ի օրոք՝ 2016 թվականի սեպտեմբերին, եւ պաշտոնավարման վեց տարին լրանում է ամիսներ անց՝ սեպտեմբերին: Եվ որքան էլ վերջին ամիսներին ակտիվ խոսակցություններ էին տարածվում, թե նա կարող է անգամ մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը հեռանալ, այժմ այլ տրամադրություններ են առկա: «Ժողովուրդ» օրաթերթն այդ մասին եւս հայտնել էր՝ նաեւ նշելով նրա եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցության մասին: Սակայն ուշագրավ է, որ այժմ այլ տրամադրություններ են առկա, եւ չի բացառվում, որ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նրան ՔՊ-ն եւս մեկ անգամ առաջադրի այդ պաշտոնին, իսկ օրենքը այդ հնարավորությունը տալիս է: Մասնավորապես՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածում ասվում է. «Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ»։ Այսինքն՝ Արթուր Դավթյանն իր պաշտոնավարման ժամկետից հետո կարող է եւս մեկ անգամ առաջադրվել այդ պաշտոնում:
Կառավարության 2021 թվականի կատարողականի զեկույցը նրանք որպես ձեռքբեում ներկայացրին խորհրդարանում: Կառավարությունը 2021-2026 թվականների ծրագրով նախատեսում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում աստիճանաբար հնարավորության սահմաններում մեծացնել ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը: Իրականում 2021թ. կապիտալ ծախսերի կշիռը նվազել է շուրջ 1.1 տոկոսային կետով՝ լինելով ավելի ցածր, քան 2019թ. մակարդակն է: Կառավարությունը նշում է, որ տեղի է ունեցել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ շուրջ 0.3 տոկոսային կետով՝ պայմանավորված վարչարարության բարելավմամբ, եւ հարկային եկամուտները գերակատարվել են շուրջ 147 մլրդ դրամով: Հարկեր/ՀՆԱ աճի շուրջ 0.5 տոկոսային կետը պայմանավորված է եղել դրոշմանիշային վճարների եւ պարտադիր սոցիալական վճարների աճով: 0.4 տոկոսային կետը կապված է պետական տուրքի աճի հետ: Իրականում, սակայն, տեղի է ունեցել վարչարարության վատթարացում: Ամփոփելով այս ամենը՝ կարող ենք նշել, որ զեկույցում տեղ գտած տնտեսական ոլորտին վերաբերող արդյունքները հիմնականում մանիպուլյատիվ բնույթ ունեն եւ չեն արտացոլում իրական պատկերը:
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ՝ ընդհանուր ներդրումները շեշտակի ավելացել են. 2021 թվականին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները կազմել են 204 մլրդ 823 մլն դրամ: Նախորդ տարվա ընթացքում կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Ֆրանսիայի արտահանած կապիտալը կազմել է 1 մլրդ 116 մլն հազար 700 դրամ։ Օրինակ՝ Վրաստանը 11 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից, փոխարենը Իտալիան ավելացրել է ուղղակի ներդրումների ծավալները: Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականին 59 մլրդ 616 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարի կատարել է 40 մլրդ 133 մլն դրամի չափով ներդրում: