«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԽՎԱԾ ՄԱՐԴԻԿ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան երեք պատերազմների մասնակից Շահե Աճեմյանն այս օրերին մշտապես Ազատության հրապարակում է: Լիահույս է, որ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նախաձեռնած շարժումը, որ առայժմ փոքրիկ կայծերի է նման, մեծ ու բոցավառ կրակ կդառնա, ու Փաշինյանին հնարավոր կլինի պաշտոնանկ անել: «Քանդել, քանդել մինչև վերջ. սա է նրա կարգախոսը »,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Աճեմյանը:

 

-Պարո՛ն Աճեմյան, երեք պատերազմների մասնակից եք, այսօր զոհասեղանին Արցախի հարցն է: Իշխող վարչակազմն ասում է, թե պետք է իջացնենք Արցախի հարցով նշաձողը: Ինչպե՞ս է դա հնարավոր է, կամ արդյոք հնարավո՞ր է:

-Դուք ասացիք, որ եղել եմ երեք պատերազմի մասնակից, եւ այդ պատերազմներին ես ընկերներ եմ կորցրել, ես արյուն ու քրտինք եմ թափել. ինձ համար, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի համար, անընդունելի է այս որոշումը: Արցախում չկա մի ընտանիք, որ չեն կռվել 90-ականներին, զոհ չեն ունեցել: Ո՞վ է Փաշինյանն ու իշխանությունը, որ նման բաներ խոսի: Ինքը Հայաստանի՞ վարչապետ է, թե՞ Արցախի: Ինքը ինչպե՞ս է իր վրա վերցրել այս ամենը: Եթե վերցրել է, ապա մինչեւ այսօր 44-օրյա  պատերազմի ողջ հետեւանքներն իր ուսերին է: Երբ Փաշինյանն այս իշխանությունից հեռանա, մենք պարտադրված ենք նորից վերականգնելու մեր բանակը, մեր սպառազինությունը՝ նորից բանակցություններ սկսելու: Բանակցությունները մեզ համար շատ կարեւոր են, եւ երբ մենք մի փոքր լավ լինենք,  ազգային քաղաքականություն ունենանք, երբ Ալիեւը ափըռ-ցփըռ խոսի, մենք կարող ենք ատամ ցույց տալ, կարող ենք 100-200 արդբեջանցի զինվոր գերի վերցնել ու մեր գերիներին հետ բերել: Այսօրվա իշխանությունները ծախված մարդիկ են, միայն տալիս են, ոչ մի բան չեն վերցնում, նրանք միայն խոնարհվում են: Ինչքա՞ն կարելի է խոնարհվել թշնամու առջեւ: Ասում է՝ ես մանդատ ունեմ: Այդ մանդատը ինչի՞ համար են տվել. տվողների կեսն էլ արդեն փոշմանել են, զղջացել են իրենց արարքի համար: Հայրենիքը գնում է դեպի անդունդ: Ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ, ինչքա՞ն կարելի է երկիրը քանդել: Չորս տարի քանդել ու  քանդել են:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր են պետք անել, որպեսզի ինչ-որ բան փոխվի:

-Ես ասել եմ՝ Վանեցյանը հենց եկավ, սկսեցինք կայծեր դուրս գալ, այդ կայծերը դառնալու են ուժեղ կրակ, եւ օրեցօր ուժեղանալու է ժողովրդային շարժումը: Ժողովուրդն ամեն միջոցի դիմելու է, եւ Փաշինյանը պիտի գնա: Իր վերջն է եկել, ուրիշ ճար չկա: Թող մտածի՝ երկրից է փախչում, դատվում է, ինքնասպան է լինում, ինչ ուզում է, թող անի, բայց նա այդ աթոռի վրա չպետք է լինի: Հերիք է այս կապիկություններին:

Ես չեմ ուզում իմ հայրենիքը թույլ տեսնել, ուզում եմ իմ սահմաններն ամուր տեսնել, Արցախն ազատագրված տեսնել: Այս ամենը մեզ ո՞ւր է տանում. էլ չեմ խոսում տնտեսության մասին, էլ չեմ ասում, թե այսօր քանի միլիարդ դոլար պարտք է ավելացրել իր իշխանության օրոք: Դրանք ո՞վ է վճարելու: Մեզ հասցրել է այնպիսի կետի, որ մեզ տարիներ են պետք վերականգնվելու համար, բայց մենք պետք է վերականգնվենք ու հարություն առնենք: Մենք 5000 տարվա ազգ ենք, եւ մեր գլխին ինչեր են եկել-գնացել: Թող այս սուտ հեղափոխությունը, լակոտ-լուկուտական շարժումը, ինչ եղավ 2018թ., թող դաս լինի մեր ազգին, ժողովրդին ու երիտասարդությանը: Չի կարելի մի բա-բա-բա գոռացողի հետեւից գնալ: Գնացի՞ք, տեսա՞ք ինչ եղավ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄՈՏ

Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, երեկ զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում։

 

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, դիմելով ծնողներին, ասաց, որ յուրաքանչյուրն իր մեջ վտանգ է զգում, որ հանկարծ իրենց չօգտագործեն ինչ-ինչ քաղաքական նպատակներով։ «Հայաստանում քաղաքականությունը հերոսությունից հեռու է կիլոմետրերով, զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ իմ որդին՝ Մենուան, զանգեց եւ ասաց՝ դավաճանություն է տեղի ունենում, տոտալ, մեզ գալիս, համոզում են, որ մի կռվեք, հողերը հանձնված են։ Ես չգիտեմ՝ որ քաղաքական ուժն է նման կերպ վարվել, բայց ժամանակները կանցնեն, եւ մենք կհասկանանք։ Կարին Տոնոյանի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի, եւ նա պետք է մեղավոր ճանաչվի, իսկ զոհված զինծառայողների ծնողները ճանաչվեն տուժող կողմ։

Ավելի ուշ Շառլ Ազնավուրի հրապարակից ծնողները շարժվեցին Կառավարության շենքի մոտ, որից հետո դատախազության շենք՝ հանդիպելու ՀՀ գլավոր դատախազ Արթուր Դավթյանին:  «Մեզ կանչել են Դատախազություն, զրուցել ենք դատախազ Մուրադյանի հետ, մեզ ասաց, որ նույն անձի՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ եւս 4 հաղորդում է եղել հանցագործության մասին, դրանց ընթացք է տրվել, եւ իրականացվում է  քննություն։ Մեր ներկայացրած հաղորդումը նույնպես միանալու է այդ գործերին։ Մեզ համար սկզբունքորեն անընդունելի է, որ մեր հաղորդումը քննվելու է մյուս հաղորդումների հետ նույն գործի շրջանակերում»,- ասել է 44-օրյա պատերազմում զոհված, Ցորի զորամասի զինծառայողներից մեկի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։ Այն հարցին՝ վստահություն կա՞, որ ներկա իշխանությունների օրոք պատշաճ քննություն կիրականացվի, Մանասյանը ասել է. «Չի կարելի բոլոր պետական կառույցների նկատմամբ անվստահություն հայտնել եւ ոչինչ չանել։ Հետեւողական ենք լինելու, որ պատշաճ քննություն տարվի»։

Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողները հավաքվեցին դատախազության առջեւ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ասել է. «Դատախազն ասաց` 10 հոգով գնանք եւ ներկայացնենք, թե ինչ է արվել, սակայն ես երաշխավորում եմ, որ որեւէ բան չի արվել։ Այսինքն` առնվազն Նիկոլ Փաշինյանը հարցաքննության չի կանչվել, իսկ առանց դրա հնարավոր չէ ոչինչ անել»: Նրա խոսքով` դատախազը ձեւական քայլ արեց, որպեսզի հետագայում բարոյական դաշտում կարողանա արդարանալ եւ ասել` իջել հանդիպել է բողոքի ակցիա անողների հետ։

Ի դեպ, ծնողները հայտնեցին, որ բավարարված չեն հանդիպման արդյունքներից եւ համաձայն չեն 10 հոգով վերեւ բարձրանալու եւ դատախազի հետ զրուցելու առաջարկին։ Նրանք պահանջում են, որ դատախազը բոլորին ընդունի։ Հիշեցնենք` ապրիլի 13-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 44-օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար, բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության վերաբերյալ։

Ն. Պ.

 

 

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնում է. «Ժնեւում տեղի ունեցած «Անվտանգության ոլորտի կառավարումը եւ բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովում» խորագրով քննարկումների մի մասը վարում էի ես, որի շրջանակներում ներկայացրել եմ զեկույց «Զինված ուժերի անձնակազմում մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները. վարքագծի կանոնների դերը» թեմայով:

Մեր միջազգային գործընկերներին եմ ներկայացրել իմ նախաձեռնած՝ զինծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացմանը միտված տարբեր օրենսդրական նախագծեր, որոնք, ցավոք, ՀՀ ԱԺ-ում իշխանական մեծամասնության կողմից մերժվել էին: Մասնավորապես՝ նրանց ուշադրությունն եմ հրավիրել այն օրենսդրական փոփոխությունների վրա, որոնցով առաջարկվում էր ՝

  1. զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը իրականացնել առաջնահերթ եւ անվճար,
  2. վարձով բնակվող զինծառայողների խնդիրներն էին կարգավորվում:

Խոսել եմ Զինված ուժերում սպայական անձնակազմի առաջխաղացման հետ կապված խնդրահարույց հարցերի մասին, օրինակ՝ երբ սպաները 10-15 տարի աշխատում են նույն պաշտոնում, որեւէ բարձրացում տեղի չի ունենում, իսկ նրանք չեն բողոքում միայն այն բանի համար, որ աշխատանքը չկորցնեն: Մտահոգություն եմ հայտնել ՀՀ զինված ուժերում առկա բռնության դեպքերի համար՝ վկայակոչելով փետրվար ամսին Կապանի զորամասերից մեկում մի քանի օրվա զինծառայողի զորամասից փախչելու դեպքը: Այս համատեքստում կարեւորել եմ զինվորական բարեկրթությունը, քանի որ միայն միմյանց պատիվն ու արժանապատվությունը հարգելու, իրավունքի գերակայության երաշխավորման միջոցով է հնարավոր ապահովել բարձր մակարդակի կարգապահություն եւ զերծ մնալ արատավոր երեւույթներից, իսկ բարձր մակարդակի կարգապահության պահպանման համար անհրաժեշտ են ծառայողական բավարար պայմաններ:

Ժնեւում միջազգային մեր գործընկերներին հիշեցրել եմ, որ 21-րդ դարում Ադրբեջանում դեռ կան հայ գերիներ, ընդ որում՝ անմխիթար պայմաններում:

 




Լրահոս