ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ՝ ԳԱՂՏՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո կողմերը հայտարարություն էին տարածել, ինչի մի դրույթն էլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային էր վերաբերում:

 

Մասնավորապես, հայտարարության մեջ մի այսպիսի հատված էր առկա. «Մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ»,- աված էր հայտարարության մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց տեղեկանալ, թե քաղաքական իշխանությունը վերոհիշյալ աշխատանքային խումը ձեւավորելու համար ինչ քայլեր է իրականացնում: Արտաքին գործերի նախարարությունը թեեւ ականջալուր եղավ, բայց այդպես էլ որեւէ կերպ չարձագանքեց մեր հարցմանը: Աշխատանքային խումբ ձեւավորելու մասին տեղեկատվություն նաեւ Փաշինյանի կառավարական կաբինետից չկարողացանք ճշտել: Ազգային ժողովի արտաքին հարաբերությնների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մեր զանգերն անպատասխան թողեց: Հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին իրեն որեւէ բան հայտնի չէ: Իշխանավորների՝ մեր հարցն օդում կամ հեռախոսզանգերն անպատասխան թողնելը, իհարկե, բնավ չի նշանակում, թե վերոնշյալ խումբը դեռեւս չի ձեւավորվել: Չի բացառվում, որ դրա կազմը կարող է հայտնի լինել, ինչի մասին հասարակությունը, ինչպես շատ դեպքերում, պոստֆակտում կարող է իմանալ:

Միեւնույն ժամանակ Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ է հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։ Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Կողմերը քննարկել են նաեւ հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաեւ խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:

Երեկ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերություններն ու Հարավային Կովկասի գործընթացները։ Ալիեւը համոզմունք է հայտնել, որ Օվերչուկի այցի ընթացքում կքննարկվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերից կազմված եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ առաջին հերթին կապված Հարավային Կովկասում տրանսպորտային եւ հաղորդակցության ուղիների վերաբացման հետ։

Ալիեւը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքում անհրաժեշտ 100 կիլոմետր երկաթգծի 60 կիլոմետրը արդեն կառուցվել է, աշխատանքները կավարտվեն 2023-ին։ Նրա խոսքերով՝ ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը եւս Ադրբեջանը կատարում է ժամանակացույցին համապատասխան, բայց Հայաստանը իր տարածքում ճանապարհի կառուցման որեւէ աշխատանք չի սկսել։ «Հայաստանը նաեւ չի ներկայացնում իր տարածքի ճանապարհի կոորդինատները։ Չնայած Ադրբեջանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը, Հայաստանի կողմից պատասխան չկա»,- ասել է նա։

Նույն դժգոհությունը Ալիեւը հայտնել էր նաեւ անցած շաբաթ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Անկարան կշարունակի անել հնարավոր ամեն բան Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու համար։ «Նախագահ Էրդողանը մատնանշել է հրադադարի, մարդասիրական միջանցքների արդյունավետ շահագործման եւ անվտանգ տարհանման կարեւորությունը, ինչպես նաեւ ասել է, որ Թուրքիան կշարունակի անել հնարավոր ամեն բան բոլորի համար վնասակար այս իրադարձությունները դադարեցնելու եւ կայուն խաղաղություն հաստատելու համար»: Էրդողանը Պուտինին կրկին հրավիրել է հանդիպում կազմակերպել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Նախագահ Էրդողանը կրկնել է Ստամբուլի գործընթացը, որը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններում շատ կարեւոր փուլ է, առաջնորդների մակարդակ տեղափոխելու իր առաջարկը»,- ասվում է գրասենյակում։ Թուրքիայի նախագահը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցություններում ձեռք բերված դրական ազդակի պահպանումը բխում է բոլոր կողմերի շահերից։

 

 

 

ՎԱՇԽԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մոր եւ որդու կողմից կատարված վաշխառության, հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի 31-ամյա բնակիչը, վարձակալելով Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տարածքը, մարզի տարբեր բնակավայրերում տարածել է «Կազմակերպությունը տրամադրում է գումար» բովանդակությամբ հայտարարություն: Հայտարարության հիման վրա՝ գումար ստանալու ակնկալիքով նշված հասցե են դիմել մարզի բազմաթիվ բնակիչներ, եւ նրանց կողմից տարբեր խանութներից ապառիկ վճարման կարգով գնված կենցաղային տեխնիկան վաճառել են հիշյալ տղամարդուն: Տղամարդը իր մոր Ա/Ձ-ի անունից բնակիչների հետ կնքել է առքուվաճառքի պայմանագրեր, որոնց հիման վրա նրանց պետք է փոխհատուցվեր ապրանքների շուկայական արժեքի որոշակի տոկոսը, սակայն ապրանքները վերցնելուց հետո դրանց դիմաց չի վճարվել շուրջ 7 մլն ՀՀ դրամ գումար: 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել:

 

 

 

ԱՆՀԻՄՆ ՊՆԴՈՒՄՆԵՐ

Թուրքիայի պաշտպանության նախարարը, ի պատասխան ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին, հայտարարել է, թե «ցեղասպանության մասին պնդումներն անհիմն են, եւ թուրքական պատմությունը մաքուր է»: «Ակնկալում ենք, որ բոլորը կտեսնեն այս թեմայով մեր պատմաբանների ներկայացրած իրողությունները: Այդ պնդումները առաջ քաշողները պատմությունից թշնամություն են քաղում: Այս գործելակերպը ոչ մի կերպ չի ծառայում տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղությանը»,-ասել է նա:

Աքարն ընդգծել է, թե «ԱՄՆ աղբյուրներում 1915 թվականին վերաբերող աշխատություններ կան, որտեղ նույնպես չկա ցեղասպանություն ձեւակերպումը»: Նրա համոզմամբ` ներկայումս այդ իրադարձությունները քաղաքական նպատակներով խեղաթյուրվում են: «Մեր պատմությունը մաքուր է, ամաչելու ոչինչ չունենք»,-ասել է թուրք նախարարը: Միացյալ Նահանգների նախագահը իր ապրիլքսանչորսյան ուղերձում, ինչպես եւ նախորդ տարի, օգտագործել է Հայոց ցեղասպանություն եզրույթը մի քանի անգամ:

 

 

ՎՃԱՐՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ

Արդեն երկու ամիս է, ինչ Երեւանի անշարժ գույքի շուկայում վարձավճարները բարձր են. ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո ավելացել է Ուկրաինայից եւ Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը։ Հիմնականում գալիս են Ռուսաստանի քաղաքացիները, որոնք արեւմտյան պատժամիջոցների պատճառով փորձում են ժամանակավորապես հաստատվել մեր երկրում։ Այս պատճառով որոշ սեփականատերեր հրաժարվում են իրենց հին վարձակալներից եւ բնակարաններն ավելի բարձր գնով վարձակալության են տալիս Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներին։ Այսօր Հայաստանում ամսական 300.000 դրամով վարձով բնակարան գտնելը դժվար է դարձել: Եթե մտադիր եք վերանորոգված, սանհանգույցով ապահովված նորմալ բնակարան ձեռք բերել, ապա պատրաստ եղեք վճարել 500-600 հազար դրամ: Հայաստանում քիչ են մնացել ազատ տներ, բնակարաններ: Իսկ ի՞նչ է անում կառավարությունը: Գործադիրն այս խնդրի շուրջ սկսեց մտահոգվել ճիշտ այն ժամանակ, երբ «անխիղճ բնակարանատերերը» հարվածեցին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եղբոր գրպանին: Փաստորեն, երբ իրենց հարազատներին է այդ խնդիրն անհանգստացնում, ՀՀ իշխանությունները նոր են սկսում մտածել դրա մասին, փորձում են ավելացնել վարձով բնակարանների թիվը եւ այդկերպ կարգավորել շուկայում առաջացած գնաճը։ Իր հարցազրույցներից մեկում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Երեւանում կան մի քանի տասնյակ հազար չբնակեցված երկրորդային բնակարաններ, եւ գործակալները փնտրում են դրանց տերերին, որոնք հիմնականում Հայաստանում չեն այդ բնակարանները վարձակալության հանձնելու համար։ Իշխանությունները հույս ունեն, որ կարող են այս կարճ ժամանակահատվածում ավելացնել վարձու բնակարանները, իսկ վերջնաժամկետը մայիսի 20-ն է: Այսինքն՝ բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք իրենց երեխաների հետ փողոցում են հայտնվել կամ ստիպված են եղել եռակի ավել վարձավճար տալ, պետք է սպասեն այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը քայլեր ձեռնարկի: Չնայած չի բացառվում, որ այս դեպքում կառավարությունը շտապողականություն դրսեւորի. չէ՞ որ իրենց նախարար գործընկերոջ եղբոր ընտանիքն է տուժել:

 

 

 

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի հատուկ բանագնաց, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաեւը Բաքվում կայացած բանակցություններում քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների բացման եւ սահմանազատման հարցերը։ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ: Ադրբեջանական կողմն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման համար համապատասխան քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը։ ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչն իր հերթին նշել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր տեսակի բանակցություններում առաջընթացին։

 




Լրահոս