2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 375-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները եւ, մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա արդյունքում 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:
Բացի այդ, պարզվել է, որ չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր՝ նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու: Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել եւ իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա շրջանակներում դեռեւս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք եւ ամբողջական պայմաններ, ինչպես նաեւ նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Վերոնշյալ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետեւանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության եւ պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնը զբաղեցրած գնդապետ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաեւ նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղարդանքներ են առաջադրվել նաեւ համապատասխանաբար Կ.Ռ.-ին եւ Է.Կ-ին: Նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022թ. մարտի 23-ի որոշմամբ մերժել էր Ա.Թ.-ի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան վերոնշյալ որոշման դեմ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Ն. Պ.
ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ապրիլի 21-ին Մարտակերտի շրջանի բնակիչ Կ. Ի.-ն (ծնված 1999թ.) դիմել է, որ 2021թ. սեպտեմբերի 9-ին իր հեռախոսահամարին հաղորդագրություն է ստացել իրեն պատկանող «Արցախբանկ» բանկային քարտից ելքագրված 431.000 ՀՀ դրամի մասին, այնուհետեւ նույն թվականի հոկտեմբերի 4-ին ստացվել է եւս մեկ հաղորդագրություն՝ 321.500 ՀՀ դրամի ելքագրման մասին «IDRAM» էլեկտրոնային դրամապանակից: 2021թ. նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը ինքը գտնվել է բնակավայրից հեռու, եւ բանկային քարտը նախապես տեղադրել էր տան ննջասենյակում, իսկ դեկտեմբերի 10-ին տուն վերադառնալուց հետո ստացել է եւս մեկ հաղորդագրություն իր հաշվից 393.900 ՀՀ դրամ բանկոմատի միջոցով ելքագրվելու մասին: Պարզվել է, որ 2021թ. դեկտեմբերի 6-ի ժամը 16:00-ի սահմաններում Կ.Ի.-իի տան ննջասենյակից նշված բանկային քարտը գողացել է իր համագյուղացի Ա.Մ.-ն (ծնված 2000թ.), այնուհետեւ դեկտեմբերի 7-ին ՀՀ Երեւանում կանխիկացրել նշված քարտում առկա գումարը եւ ծախսել իր անձնական կարիքների համար: Ա. Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
30-ԱՄՅԱ ՄԱՅՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Ալավերդի քաղաքում մոր կողմից Դեբեդ գետը նետված երկու տարեկան փոքրիկի վիճակը ծանր է: Նա գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ: Այս մասին գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: Նրա խոսքով՝ գետից դուրս բերվելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային բկ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երեւան: ««Սուրբ Աստվածամայր» բկ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն»,- նշված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարեւանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների եւ ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ եւ անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ: 30-ամյա կինը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
«ԱՎԵՏԱՐԱՆԸ» ԹԱՔՑՐԵԼ Է
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մանիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկացված լինելով իրեն ի պահ հանձնված խոշոր չափերով «Ավետարանի» նկատմամբ կիրառված արգելանքի մասին, նախազգուշացված լինելով արգելանքի տակ գտնվող խոշոր չափերով գույքն օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու անթույլատրելիության համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելու մասին, թաքցրել է ավետարանը, հրաժարվել է տեղեկություն հայտնել ավետարանի գտնվելու վայրի մասին` պատճառաբանելով, որ այն իր տանից տարել է հանգուցյալ հայրը՝ Արամ Վարժապետյանը:
Այսպես, 2019 թվականի սեպտեմբերի 02-ին Հովհաննես Վարժապետյանը կտակով իրեն պատկանող «Ավետարանը» Մանիկ Ավագյանի եւ Արամ Վարժապետյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու հայցապահանջով դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ Մանիկ Ավագյանի եւ Արամ Վարժապետյանի: Գործի քննության ընթացքում դատարանը հայցվորի միջնորդության հիման վրա, կատարողական թերթի համաձայն, արգելել է պատասխանողներին «Ավետարանը» օտարելը կամ փչացնելը: Նշված որոշման հիման վրա ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է դրվել Հ. Վարժապետյանի գույքի վրա, որն ի պահ է հանձնվել Հ. Վարժապետյանի հորը՝ Արամ Վարժապետյանին, եւ քրոջը՝ Մանիկ Ավագյանին:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մարտի 31-ի վճռով՝ Հ.Վարժապետյանի հայցը բավարարվել . վճռվել է Մանիկ Ավագյանի ապօրինի տիրապետումից Հովհաննես Վարժապետյանին վերադարձնել սեփականության իրավունքով վերջինիս պատկանող «Ավետարանը»:
Մինչդեռ Մ.Ավագյանը, նախազգուշացված լինելով արգելանքի տակ գտնվող խոշոր չափերով գույքն օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու անթույլատրելիության եւ նմանատիպ արարքի համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելու մասին, դիտավորությամբ թաքցրել է խոշոր չափերով՝ մոտ 952.200 ՀՀ դրամ արժողությամբ ավետարանը, 2022 թվականի հունվարի 19-ին հրաժարվել է ԴԱՀԿ աշխատակիցներին տեղեկություն հայտնել ավետարանի գտնվելու վայրի մասին` պատճառաբանելով, որ այն իր տանից տարել է հայրը՝ Արամ Վարժապետյանը, որը մահացել է 2020 թվականի հունիսի 27-ին: Այսինքն՝ Մանիկ Արամի Ավագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար: Գործը դատարանում է: