Հայաստանում անասնաբուժության ոլորտում զգալի բարեփոխումներ են սպասվում: Ոլորտի պատասխանատուները նշում են, որ խնդիրները շատ են՝ կապված մասնագետների պակասի, պատշաճ վերահսկողության եւ այլ հարցերի հետ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի խոսքով՝ մասնագետների պակաս կա բոլոր օղակներում՝ սպանդանոցներ, լաբորատորիաներ, տեսչական ոլորտ:
«Բոլոր ուղղություններով էլ անելիք ունենք, կարեւորվում են կրթական ծրագրերը, վերապատրաստումները: Քայլ առ քայլ պետք է կարողանանք բարելավել իրավիճակը, սակայն անասնաբույժները նաեւ պետք է արժանապատիվ վարձատրվեն, արժանապատիվ վերաբերմունքի արժանանան հասարակության, պետական մարմինների կողմից»,-ասել է Գ. Ավետիսյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ ոլորտում նախատեսում են մի շարք բարեփոխումներ իրականացնել: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է անասնաբույժների լիցենզավորման գործընթաց: «Անասնաբուժության մասին» օրենքում նախաձեռնել է փոփոխություն, որով կարգավորվելու է անասնաբույժների աշխատանքը: Այսօր յուրաքանչյուր կենդանի պահող կարող է օգտվել անասնաբուժական դեղատնից, վերցնել հակաբիոտիկներ եւ ներարկել կենդանուն՝ անկախ նրանից՝ ճիշտ բուժում է արվում, թե ոչ: Դա, մի կողմից, մարդկային առողջության հետ կապված ռիսկեր է պարունակում. հակաբիոտիկներով հարուստ միսը հայտնվում է մեր սեղաններին, մյուս կողմից էլ՝ անասնաբույժի աշխատանքն արդեն պահանջված չի լինում:
«Լիցենզավորման մոտեցումը կյանքի կոչելով՝ կարգավորում ենք մի քանի հարց: Նախ միայն լիցենզավորված անասնաբույժները իրավունք կունենան անասնաբուժության դեղատնից դեղեր ձեռք բերել: Այսինքն՝ արդեն անասուններ պահողները ոչ թե ինքնագործունեությամբ կզբաղվեն, այլ ստիպված կլինեն աշխատել, համագործակցել անասնաբույժների հետ: Մյուս կողմից էլ արդեն անասնաբույժների մասնագիտությունը պահանջված կլինի»,-ասել է Տ. Գաբրիելյանը:
Դրանից բացի, լիցենզավորման գործընթացը ենթադրելու է չափորոշիչներ, պահանջներ, որոնց պետք է համապատասխանեն անասնաբույժները: Վերջիններս պետք է պարբերաբար դասընթացների, վերապատրաստումների մասնակցեն, որպեսզի կարողանան պահել ունեցած լիցենզավորումը:
Լիցենցավորումից զատ, նախատեսվում է մեկ բարեփոխում եւս: Մասնավորապես, ընթացիկ տարվա աշնանը կսկսվի կենդանիների համարակալում ու հաշվառում: Կարեւորելով այս գործիքակազմը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ սա լուրջ միջոց կլինի վերահսկողության համար: Վերահսկողության բարձր մակարդակը կարեւոր է նաեւ արտահանման գործընթացի համար:
«Ամբողջ աշխարհում կենդանական ծագման մթերքը համարվում է բարձր ռիսկային: Երբ ԵՄ իմ կոլեգաների հետ խոսում էի՝ ասելով, որ ցանկանում ենք միս, մսամթերք արտահանել եվրոպական շուկա, ինձ հետեւյալ հարցն էին տալիս՝ արդյոք ունեք կենդանիների համարակալում եւ հաշվառում: Քանի դեռ դա չունեք, ԵՄ շուկա մտնելու մասին մոռանում եք»,-ասել է Գեորգի Ավետիսյանը:
Մասնագետները վստահեցնում են, որ անասնաբուժության ոլորտում իրականացվող բարեփոխումներն իրենց ազդեցությունն են թողնելու նաեւ արտահանման գործընթացի վրա:
Ն. Պ.
ԵՄ-Ն ԶՐՈՅԻ ԿՀԱՍՑՆԻ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիությունը (ԵՄ) մտադիր Է 2022 թվականի վերջին երկու երրորդով կրճատել իր կախվածությունը ռուսական նավթից եւ գազից եւ այն զրոյի հասցնել 2027 թվականի վերջին: Այս հայտարարությամբ հանդես Է եկել տնտեսության հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջանտիլոնին ապրիլի 26-ին Il Messaggero թերթում հրապարակված հայցազրույցում՝ մեկնաբանելով մարտ ամսին հրապարակված RePower EU ծրագիրը: «Քանի որ պատժամիջոցների տարբեր փաթեթների Էվոլյուցիան, ինչը միանգամայն հավանական Է, կներառի տնտեսությունը, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Նախ, մինչեւ այս տարվա վերջը ռուսական նավթից եւ գազից կախվածության նազում կլինի երկու երրորդով, որպեսզի այն զրոյի հասցվի 2027 թվականին: Երկրորդ նպատակը՝ մշակել ռազմավարություն, որը չդանդաղեցնի կլիմայական անցումը»,-ասել Է նա՝ հավելելով, որ «ռուսական Էներգիայից կախվածության նվազեցման ուղին վերականգնվող աղբյուրներն են»: Եվրակոմիսարը հավաստել Է, որ Եվրամիությունը ստիպված կլինի վերանայելու տնտեսության ավելի վաղ կանխատեսված 4-տոկոսանոց աճը: «Առայժմ վաղ Է ասել, թե կհանգեցնի արդյոք այդ դանդաղումը լճացման, քանի որ կան որոշ դրական հանգամանքներ, որոնք ժառանգվել են 2021 թվականի երկրորդ կեսից, օրինակ՝ գործազրկության շատ ցածր մակարդակը եւ խնայողությունների կուտակման շատ բարձր մակարդակը»,- պարզաբանել Է Ջենտիլոնին: Նրա կարծիքով՝ «լճացման ռիսկը նաեւ շատ բանով կախված կլինի» Ուկրաինայի հակամարտության տեւողությունից: «Ես մեր նորացված տնտեսական կանխատեսումը կներկայացնեմ մայիսի 16-ին»,- ասել Է նա. հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ԳՆՈՒՄՆԵՐ՝ ԱՆՄԱՔՍ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ Ռուսաստանից մեկնող ուղեւորները հնարավորություն կունենան գնումներ անել անմաքս առեւտրի խանութներում։ Դաշնային մաքսային ծառայությունը եւ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը դրական կարծիք են հայտնել այն բիզնես առաջարկի վերաբերյալ, որը թույլ է տալիս Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ մեկնող ուղեւորներին Duty Free-ում առեւտուր անել։ Այս մասին գրում է «ԹպՊՏՎՏրՑՌ» թերթը՝ վկայակոչելով ՌԴ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Տեղեկացնենք, որ դեռեւս 2019 թվականին ԵԱՏՄ-ում ուժի մեջ էր մտել նորմ, որը թույլ էր տալիս ներմիութենական ուղեւորներին գնումներ կատարել անմաքս խանութներից՝ մեկնելով միության այլ երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ղրղզստանից։ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը թույլ է տալիս անհատներին, ովքեր մուտք են գործում եւ դուրս են գալիս Միության մի երկրից մյուսը, գնել անմաքս ապրանքներ։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը պարունակում է «սխալ ձեւակերպում», որը բացառում է Ռուսաստանից մեկնող ներմիութենական ուղեւորներին անմաքս ապրանքներ վաճառելու հնարավորությունը: Այս մասին նշված է Դաշնային մաքսային ծառայության՝ կառավարությանն ուղղված պատասխանի մեջ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾԵԼ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ապրիլի 21-ին որոշել է 2022թ. մարտի 25-28-ը տեղացած առատ ձյան հետեւանքով Նոյեմբերյան, Բերդ եւ Դիլիջան համայնքների անհատական տնտեսություններին պատճառված վնասների ուսումնասիրման նպատակով աշխատանքային խումբ ստեղծել։ Այդ խմբի ղեկավար է նշանակվել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
Մարզպետը աշխատանքային խմբին հանձնարարել է ուսումնասիրել ակտերով ներկայացված վնասները եւ 10-օրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել իրեն։ Մարտի 25-28-ը Նոյեմբերյան, Բերդ եւ Դիլիջան խոշոր համայնքների բնակավայրերում վերջին տասնամյակներում աննախադեպ քանակի ձյուն տեղաց, ձյան հաստ շերտից Նոյեմբերյան քաղաքում փլվեց բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը, Բերդավան գյուղում՝ առանձնատան տանիք, մարզի վերոհիշյալ 3 խոշոր համայնքների բնակավայրերում քանդվել են առանձնատների, դրանց պատշգամբների, անասնագոմերի, առանձնատներին կից կառույցների ծածկեր եւ այլն: Պարզ չէ՝ պետական բյուջեից դրամական փոխհատուցում կամ աջակցություն տրվի առատ ձյան հետեւանքով տուժած ընտանիքներին։
ԴԱՏԱՐԱՆ Է ԴԻՄԵԼ
Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանին 2021թ. օգոստոսի 16-ին ազատեցին զբաղեցրած պաշտոնից: Նրա ընտանիքը երկարաժամկետ վարձակալությամբ տիրում է դենդրոպարկի տարածքի մի մասին։ Պաշտոնից ազատվելուց հետո Մ. Սայադյանը հայտնեց, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մտադիր է դենդրոպարկի այդ հատվածը՝ 8,5 հեկտարը վերցնել իրենց ընտանիքից, նախարարությունը այդ հատվածի համար տարեկան վարձավճար է սահմանել 8 միլիոն դրամ՝ վարձավճարը ավելացնելով 833 տոկոսով, այդկերպ ցանկանալով չեղարկել վարձակալության պայմանագիրը։
«Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ն 2016թ. մարտի 15-ին հանգստի կազմակերպման նպատակով վարձակալել է Իջեւանի դենդրոպարկից 8,5 հա տարածք, վարձավճար է սահմանվել 917 147 դրամ, վարձակալության ժամկետ՝ 2040 թվականը։ 2022թ. հունվարի 4-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ-ի՝ պայմանագրի լուծման պահանջով։ Դատարանը հայցը վարույթ է ընդունել եւ մայիսի 10-ին նախնական դատական նիստ նշանակել դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում։ Պաշտոնից ազատվելուց հետո Մ. Սայադյանը Իջեւան համայնքի Դիտավան գյուղում՝ իրեն պատկանող հողամասում, իր ընտանիքի անդամներով տնկարան է հիմնել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ