Պարոն Հովհաննիսյան, հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնապահ՝ Բուդոյին. ԱԱԾ նախկին տնօրենը՝ ՊՊԾ պետի եւ լրատվամիջոցի միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 2-ին, Երևանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում Mediahub լրատվական կայքի մեր գործընկերները փորձել են մոտենալ ու հարցեր ուղղել տարածքում գտնվող պետական պահպանության անվտանգության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին: Ծառայության աշխատակիցները քիչ չէ, որ խոչընդոտել են մասնագիտական պարտականությունները կատարող մեր գործընկերներին, դեռ մի բան էլ ՊՊԾ պետը, որ նախկինում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետն է եղել, հարվածել է կայքի օպերատորին:

ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին, ինչին ի պատասխան նա հայտնեց.

«Ես Սարգիս Հովհաննիսյանին ճանաչում եմ որպես փորձառու և պարկեշտ մարդու, չէի սպաում իրենից ԱԱԾ բարձրաստիճան սպային ոչ հարիր նման վարքագիծ, կարծում եմ նրա նյարդերը տեղի տվեցին, հուսամ այլևս չի կրկնվի: Իշխանություն ունենալը չի նշանակում ամենաթողություն, չէ՞ որ այն մարդուն ժամանակավորապես է օգնում լինել անձեռնմխելի, պարոն Հովհաննիսյան հիշեք այդ մասին:

Հիշեք նաև նույն ծառայության նախկին ղեկավար, Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության պետ Բուդոյին՝ Ռոմեն Ղազարյանին և նրա հետ կապված նմանատիպ վատ պատմությունները, որոնք ծառայության ներսում միանշանակ խիստ բացասական գնահատականի էին արժանանում: Հիշեք, թե ինչ ավարտ ունեցավ նրա ծառայությունը: Խորհուրդ կտամ Ռոմեն Ղազարյանի՝ Բուդոյի ծառայության ավարտը հիշեն բոլոր ուժային կառույցների ղեկավարները»:




Լրահոս