«ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉԻՆՉ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու կյանքի նկատմամբ հոգատարության ու ուշադրության պակաս կա հասարակության մեջ, իսկ երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, ինչի հետեւանքով 28-ամյա հղի կին է մահացել, պետական աշխատողների ու ժողովրդի միջեւ առկա անջրպետի վկայումն է: Տեսակետը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանինն է, որ ArmLur.am-ի հետ զրույցում նշում է՝ պետական ծառայողների համար մարդկանց կյանքը, փաստորեն, որեւէ արժեք ու նշանակություն չունի:

 

-Ձեր մեկնաբանությունն է հետաքրքիր. ի՞նչ կասեք նախօրեին տեղի ունեցած վթարի հետ կապված, որտեղ երիտասարդ կինը մահացավ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան պատճառով:

-Շատ մանրամասներից տեղյակ չեմ, բայց ընդհանրապես մարդու կյանքի նկատմամբ հոգատարության  ու ուշադրության պակաս հասարակության մեջ կա, եւ, առավել եւս, կա պետական մարմնի աշխատողների եւ հասարակ ժողովրդի միջեւ անջրպետը:

-Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ կա մեկ բերման ենթարկված, ըստ երեւույթին, հենց իրենց համակարգի ներկայացուցիչ է, բայց այն է ամենավրդովեցնողը, որ որեւէ մեկը  այդ կորտեժից չի կանգնել, չի փորձել օգնություն ցույց տալ:

-Դրա համար եմ ասում, որ անտարբերությունը եւ մարդկային կյանքերի հանդեպ անուշադրությունը շատ է: Մարդու կյանքը որեւէ արժեք չունի հիմա: Մենք չպետք է որեւէ կերպ շեղվենք այդ  արժեքը պահպանելուց: Ինձ համար դա է ցավոտը: Կյանքում որեւէ մեկը երաշխավորված չէ. ո՛չ հասարակ վարորդը, ո՛չ հետիոտնը ապահովագրված չէ ամենադաժան պատահարներից: Բայց թե ինչպես է վերաբերվում հետո անձը, օգնություն չի ցուցաբերում, դա ավելի ծանր պատկեր է, քան այն պատահարը որ կարող է պատահել ցանկացած մեկի հետ: Իրապես ոչ մի արդարացում չեմ գտնում, բայց երաշխավորություն չկա՝ որեւէ մեկի դեպքում ղեկին լինելու պարագայում ինչ կարող է լինել: Այստեղ էականն այն է, թե հետագայում ինչպես են վերաբերվում մարդուն: Այս ամենը նշանակում է, որ պետական մարմիններում աշխատող մարդիկ այնքան անջրպետ են հասարակ մարդկանցից, որ իրենց համար մարդկային կյանքը ոչինչ է: Նրանք կարծեք ծրագրավորված լինեն, որ պետք է կատարեն այսինչ ֆունկցիան, անշեղորեն մեկ գծով գնում են ու չեն նայում, որ եթե պետք է, կողքինին օգնություն ցուցաբերեն, հատկապես եթե դա կատարվել է հենց իրենց մեղքով: Այս դեպքում մեզ համար կարեւոր չէ՝ ԱԻՆ-ի մեքենա է, թե շտապօգնության: Հենց սա մեր հասարակության ամենափթթուն օրինակն է: Իրականում մարդկանց միջեւ անհավասարության, կյանքի իրավունքի հանդեպ անուշադրության, անփութության, հոգատարության պակասի, մարդկային կյանքի կորստի անջրպետ կա:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, հատկապես հասարակությանը, ֆեյսբուքյան օգտատերերին ու մարդկանց երբ հարցնում ենք, զայրացնողն այն հանգամանքն է, որ վարչապետի կորտեժն է եղել: Դուք կհիշեք, երբ, օրինակ, Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դեպք էր տեղի ունեցել, անգամ ինքը ներկա էլ չեր եղել միջադեպին, բայց մանդատը վայր դրեց հանրային ճնշման ներքո: Հիմա կառավարական կաբինետում քար լռություն է այս ամենի մասին: Սա ինչի՞ վկայումն է:

-Սա վկայում է այն մասին, որ մարդիկ երբ հայտնվում են բարիկադի այն կողմում, կորցնում են իրականության ընկալումը: Հիմա կառավարական բարիկադում հայտնվածները նախկին ընդդիմադիրներ, ակտիվիստներ էին, որոնք իրականում կորցրել են բոլոր այն իմաստները, պայքարի այն ամբողջ շեշտադրումները, որոնց համար իրենք դուրս են եկել փողոց: Դա նշանակում է, որ արտոնություններն ու մեծամտությունը, որ տալիս է իշխանությունը, նրանց նկատմամբ ավելի զորեղ է, քան այն բոլոր արժեքները, որոնք համախմբում էին մարդկանց:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ

«Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրեք՝ ինչի՞ ենք իրեն ծառայողական մեքենա տալիս»:

 

Սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2015թ.-ի մի ելույթից: Փաշինյանն այս երեւույթը անվանել էր «պադավատապետություն»: «Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- հավելել էր պատգամավորը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի. հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում, եւ օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում, քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա». Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են 2019 թվականին, երբ քաղաքացիներին ճամապարհ զիջելը ձեռքբերում էր համարվում:

Դրանից երեք տարի անց Փաշինյանի ավտոշարասյունն ու նրան ուղեկցող ոստիկանական ավտոմեքենաները ոչ միայն կարմիր լույսի առջեւ կանգ չեն առնում, այլ նաեւ հետիոտներին ճանապարհ չեն զիջում: Վառ ապացույցը երեկ Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքն էր, որի հետեւանքով վերջինս մահացել էր: Ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտնեց, նախնական տվյալներով քաղաքացուն վրաերթի է ենթարկել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենան, ՔԿ-ից էլ հայտնեցին, որ Լեոյի խաչմերուկում մահացած կնոջը վրաերթի գործով ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է։

Սակայն հեղափոխությունից հետո ոչ միայն Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն էին հեծանիվով, ոտքով կամ հանրային տրանսպորտով աշխատանքի գնում, այլ նաեւ վարչապետն էր անձամբ օրինակ ծառայում, հաճախ աշխատանքի գնում հենց հեծանիվով՝ անվտանգության սակավաթիվ անձանց ուղեկցությամբ: Փաստորեն, հեղափոխությունից չորս տարի անց էլ մենք շարունակում ենք լինել զարմանալի պետություն, որտեղ ոչ միայն պադավատներ կան, այլ դրանք չեն կանգնում ոչնչի առջեւ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԻՊ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պետական պաշտոնյանների ունեցվածքի, դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրերը: Այս անգամ ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հայտարարագիրը:

Իսկ մինչ այդ նշենք, որ Քրիստինե Գրիգորյանը պետական ապարատում դեռ «նախկինների»  ժամանակաշրջանից է հայտնվել. նա 2004 թվականից Ազգային Ժողովում է աշխատել:

Ծնունդով սեւանցի օմբուդսմենի 2012 թվականի հայտարարագրում նշված է, որ ունի 11 մլն դրամ, 41 հազար դոլար եւ 63 հազար եվրո: Նրա՝ 2013 եւ 2014 թվականների հայտարարագրերում եւս նշված է, որ ունի 11 մլն դրամ, 63 հազար եվրո եւ 41 հազար դոլարի չափով դրամական միջոց: Հայտարարագրում,

ի դեպ, նշված ժամանակահատվածում Քրիստինե Գրիգորյանն աշխատել է որպես Ազգային Ժողովի նախագահի օգնական, իսկ այդ թվականներին Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրել է ՀՀԿ-ականներ ե՛ւ Սամվել Նիկոյանը, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ Գալուստ Սահակյանը: Թեեւ Քրիստինե Գրիգոյանը 2015, 2016, 2017, 2018 թվականներին պետական պաշտոն է զբաղեցրել, բայց նրա՝ այդ տարիների ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ պաշտոնական հայտարարագրերը բացակայում են: Իսկ 2015-2018թթ. նա աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես միջազգային իրավական համագործակցության վարչության պետ:

Մասնագիտությամբ արաբագետ ու իրավագետ Գրիգորյանի՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ ունի բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն: Այն, ի դեպ, 2015 թվականին է գնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Բանկային հաշվին առկա է եղել 1 մլն 791 հազար դրամ գումար, կանխիկ գումարը կազմել է 3.1 մլն դրամ եւ 9000 դոլար: Օմբուդսմենը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձ, որն ընդհանուր կազմել է 9 մլն 769 հազար դրամ: Նշված գումարից 6 մլն 157 հազար դրամը նա ստացել է Արդարադատության նախարարությունից, որտեղ աշխատել է որպես նախարարի առաջին տեղակալ, իսկ 3 մլն 611 հազար դրամը նա ստացել է Ազգային Ժողովից, երբ զբաղեցրել է Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնը:

Ի դեպ, 2020 թվականին Գրիգորյանի բանկային հաշվին եղած գումարի չափն ավելացել է՝ 1 մլն 791 հազար դրամից դառնալով 7 մլն 272 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը նույնն է մնացել՝ 3 մլն 100 հազար դրամ եւ 9000 դոլար:  Գրիգորյանի ամսական աշխատավարձը կազմել է 981 հազար դրամ: Բացի այս, նա «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել է 85 հազար դրամ գումար: Ի դեպ, Գրիգորյանի հարազատների հայտրարագրերը բացակայում են:

Ս.Հ.

 




Լրահոս