ԱՄՆ-Ն ԶԲԱՂՎԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է կասեցնել Բաքվի՝ իրավիճակն ապակայունացնող միակողմանի գործողությունները։ Այս մասին հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավար Էնթոնի Բլինքենը՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

 

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցով վարչակազմի ջանքերի մասին՝ Բլինքենն ասել է, որ «շատ ակտիվ եւ ուղղակի փոխգործակցում է» ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ հիշեցնելով անցած օրերին իր հեռախոսազրույցների մասին Փաշինյանի, Ալիեւի եւ երկու երկրների արտգործնախարարների հետ։

«Մենք փորձում ենք նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցով երկարատեւ քաղաքական կարգավորմանը եւ մշակում, առաջ ենք մղում վստահության ամրապնդման տարատեսակ միջոցներ», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ առանց փակագծեր բացելու։

«Մենք փորձել ենք կասեցնել բոլոր միակողմանի գործողությունները, հատկապես՝ Ադրբեջանի կողմից, որոնք կարող էին լարել իրավիճակը։ Մի շարք ծրագրեր ունենք, որպեսզի օգնենք առաջ մղելու խաղաղ հեռանկարները»,- հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը թեմային անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ հրավիրված էր պատասխանելու պետբյուջեի նախագծի շուրջ սենատորների հարցերին։

Հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Բլինքենին ուղղված իր հարցում նախ քննադատել է ամերիկյան կառավարությանը Ադրբեջանին 1,4 միլիոն դոլար ավելի աջակցություն տրամադրելու համար, քան Հայաստանին՝ պնդելով, որ ինքն անձամբ չի պատրաստվում աջակցել այդ փաստաթղթին, որն ավելի շատ աջակցություն է նախատեսում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ներկայությունը վերացնել ցանկացող Բաքվի համար։

Օրենսդրական այդ դրույթն ուժի մեջ է մտել ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, եւ այն ամերիկյան կառավարությանն արգելում է Ադրբեջանին ֆինանսական օժանդակություն տրամադրել, քանի դեռ Միացյալ Նահանգների նախագահն անձամբ չի համոզվել եւ չի զեկուցել Կոնգրեսին, որ Բաքուն ուժ չի կիրառում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ու գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար:

Բանաձեւի պատճառով Ադրբեջանը տարիներ շարունակ Ամերիկայից օժանդակություն չէր ստանում, սակայն մեկ այլ լրամշակումից հետո աջակցության հնարավորությունը վերականգնվել է ահաբեկչության դեմ պայքարի ու Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով, բացի այդ, դրանք որեւէ կերպ չպետք է խանգարեն Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին եւ չպետք է օգտագործվեն Հայաստանի դեմ:

Ի պատասխան՝ պետքարտուղարը խոստացել է վերանայել Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվությունների գործընթացը, նաեւ հավաստիացրել է, որ Վաշինգտոնը փորձում է կանխել Բաքվի միակողմանի ապակայունացնող գործողությունները:

Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի համաձայն՝ ամերիկյան կառավարության աջակցությունը Հայաստանին կկազմի 24 միլիոն դոլար, Ադրբեջանի համար 9,7 միլիոն դոլարի աջակցություն է առաջարկվում, սակայն այս գումարի մեջ չեն մտնում հատկացումները, որ Բաքուն ստանում է Պաշտպանության դեպարտամենտից, եւ դեռ հստակ չէ, թե որքան է ի վերջո Ադրբեջանը գումար ստանալու Միացյալ Նահանգներից:

Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ Ադրբեջանը վերջին տասնամյակում ավելի քան 164 միլիոն դոլար է ստացել ԱՄՆ-ից, սակայն այդ գումարի ազդեցության մասին Կոնգրեսին հաշվետվություն չի ներկայացվել, ինչպես պահանջում է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին: Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները վերջին 30 տարիների ընթացքում դարձել են տարածաշրջանային կայունության եւ համագործակցության կարեւոր գործոն։ Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ նոր հնարավորություններ կան հատկապես տրանսպորտի ոլորտում։ Ալիեւը շեշտել է, որ Բաքուն ու Թբիլիսին ընդհանուր տեսակետներ ունեն Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ եռակողմ համագործակցության լավ հնարավորություններ կան հատկապես հետհակամարտային շրջանում, եւ նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան: Ալիեւն ասել է, որ Վրաստանը նույնպես կիսում է այս դիրքորոշումը, եւ հույս է հայտնել, որ Հայաստանը կհասկանա, որ սա տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման միակ ճանապարհն է։

 

 

ՀՈՒՅՍ ՈՒՆԻ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան հույս ունի, որ առաջիկա օրերին կկայանա Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Աքարը նաեւ ասել է, որ ի սկզբանե իր դիրքորոշումը հայտնելով՝ Թուրքիան փորձել է կանխել ռազմական բախումը, իսկ արդեն դրանից հետո փորձել է հասնել այն բանին, որ կրակը հնարավորինս շուտ դադարեցվի։ «Մենք հույս ունենք, որ ինչպես մեր նախագահն էր առաջարկել, առաջիկա օրերին հնարավոր կլինի երկու լիդերների հանդիպումն իրականացնել»,- ամփոփել է Աքարը։

 

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ՝  ՇՈՒՇԻՈՒՄ

Ադրբեջանի Միլի Մեջլիսն առաջին անգամ լսումներ է անցկացնում օկուպացված Շուշիում։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Միլի Մեջլիսի մարդու իրավունքների, հասարակական միավորումների եւ կրոնական կազմակերպությունների հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում ներառված են օկուպացված տարածքներում հուշարձանների, գաղթականների ժամանման կազմակերպման, Շուշիի տարվա անկացման հետ կապված հարցեր։

 

 

 

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼ

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է, որ, իհարկե, տեղյակ է՝ կառավարական կաբինետի կամ իշխանության տարբեր անդամներին ուղեկցող ավտոշարասյան համար ճանապարհային երթեւեկության որոշակի այլ նորմեր ու կանոններ են գործում, բայց դա պետք է այնպես կանոնակարգվի, որ քաղաքացիները նման ողբերգական միջադեպերի կենտրոնում չհայտնվեն: ArmLur.am-ի հետ զրույցում նշում է՝ նման դեպքերում ոստիկանները պետք է նախապես կանխարգելիչ հայտարարություններով կամ գործողություններով ապահովեն քաղաքացիների անվտանգությունը: «2018-ին այսօրվա իշխանությունները հեծանիվով ու մետրոյով երթեւեկելու մասին էին խոսում, այժմ կորտեժներով ու թիկնազորով են երթեւեկում: Ինչեւէ, եթե որոշել են այդպես շրջել, ապա պարտավոր են մարդկանց անվտանգությունը պատշաճ կազմակերպել»,- շեշտում է Կարապետյանցն ու ավելացնում, որ այս դեպքից հետո չլինի հանկարծ այնպես, որ առհասարակ որեւէ մեկը պատասխանատվության չկանչվի:

Պաշտոնայներին ուղեկցող ոստիկանները, ասում է, հատուկ գիտելիքներ ու հմտություններ պետք է ստացած լինեին: Չնայած առանձնապես հույս չունի, թե համարժեք գնահատական կտրվի, բայց այն համոզմանն է, որ ողբերգական դեպքի ավելի վերադաս պատասխանատուները նույնպես պատասխանատվության իրենց բաժինը պետք է ունենան: «Իշխանությունը շատ վաղուց կտրվել է այն բոլոր խոստումներից, որտեղ մարդը բարձրագույն արժեք էր: Հայաստանի իշխանություններին խորհուրդ կտամ նորից կարդալ այն Սահմանադրությունը, որտեղ գրված է՝ մարդը բարձրագույն արժեք է: Հասկանո՞ւմ եք, խոսքը մարդու կյանքի իրավունքի մասին է, ու առավել ծանր է, որ քաղաքացու մահվան պատճառը իրավական, պետական համակարգի ներկայացուցիչն է դարձել իր ոչ պրոֆեսիոնալ գորճելաոճով»,- շեշտում է նա:

 

 

 

ԽԱՆՈՒԹԻՑ ԳՈՂԱՑԵԼ Է

Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ ժամը 11։00-ի սահմաններում Ուջան գյուղի թունաքիմիկատների խանութի մոտից գողացել են իր «ՎԱԶ -2109»-ը եւ շարժվել Աշտարակ քաղաքի ուղղությամբ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Աշտարակի ոստիկանները Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքում հայտնաբերել եւ, փախցրած մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Ուջան գյուղի 24-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

 




Լրահոս