Պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շինարարության ծավալներն ավելացել են: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ այս տարվաառաջին երկու ամիսներին շինարարության ոլորտում արձանագրվել է 4.9 տոկոս աճ:

ArmLur.am-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ 35.4 տոկոսով նվազել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարությունը: Նկատենք, որ շինարարության մի մասը իրականացվում է նաեւ համայնքային բյուջեի միջոցներով, եւ, ահա, համայնքների միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը 2022 թվականի հունվար-փետրվարին նվազել է 36.3 տոկոսով:

Նվազել է նաեւ միջազգային վարկերով իրականացվող շինարարությունը՝ 53.5 տոկոսով: Մասնավորապես 46.8 տոկոսով պակասել են Համաշխարհային բանկի, 73.4 տոկոսով՝ Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները: Փոխարենն ավելացել են ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները՝ 72.7 տոկոսով:

Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացվող շինարարության ծավալները եւս պաշտոնական վիճակագրության տվյալներով անկում են արձանագրել՝ 65.2 տոկոսով: Իսկ օտարերկրյա ներդրողների միջոցներով իրականացվող շինարարության ծավալները նվազել են ավելի քան կիսով չափ՝ 58.6 տոկոսով: Այս համապատկերում, թերեւս, չէր կարող բացառություն լինել բնակչության միջոցներով արվող շինարարությունը, որը եւս նվազել է 11.4 տոկոսով:

Բայց մյուս կողմից, հավելենք, որ ավելացել են շինարարության հարակից ոլորտի՝ շինանյութերի արտադրության ծավալները: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 98 տոկոսով ավելացել են: Իսկ շինարարության ոլորտում անհրաժեշտ ապրանքատեսակի՝ գաջի արտադրության ծավալներն ավելացել 42.9 տոկոսով:

Ս.Հ.




Լրահոս