Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար (ադյուտանտ գեներալ) Դեյվիդ Վայսհաարին, որն այս պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին այցով գտնվում է Երևանում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում Ամերիկայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, գեներալ-մայոր Վայսհաարը Կանզասի ազգային գվարդիայի այլ ղեկավարների հետ միասին կհանդիպի ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա կայցելի 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան և Ռազմական համալսարան։
Հայաստանի Հանրապետությունը 2003թ. երկկողմ համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի և Կանզաս նահանգի հետ, որի ներքո ձևավորվել է Հայաստան-Կանզաս գործընկերության ծրագիրը։ Այս ծրագրի ներքո Կանզասի ազգային գվարդիան սերտորեն գործակցում է ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև այլ պետական կառույցների ու գերատեսչությունների հետ։ Համագործակցության շրջանակում իրականացվում են զինվորական-զինվորական, զինվորական-քաղաքացիական և քաղաքացիական-քաղաքացիական նախաձեռնություններ։
Այս փոխգործակցության մեկնարկից ( 2003թ) ի վեր Հայաստանի Հանրապետությունը և Կանզաս նահանգը իրականացրել են մի շարք փոխայցեր ու ծրագրեր` միտված ռազմական համագործակցությանը, արտակարգ իրավիճակների արձագանքմանը, իրավապահ, բժշկական և հանրային առողջապահության, ուսումնակրթական և մարդասիրական հարցերին։
«Անչափ հպարտ եմ Հայաստանի և Կանզաս նահանգի վերջին 20 տարիների ակտիվ փոխգործակցությամբ։ Յուրաքանչյուր այցի և համագործակցության արդյունքում մեր կապերը դարձել են առավել ամուր ու անքակտելի։ Մեր հայ բարեկամների հետ կողք-կողքի աշխատելը, միասին սովորելն ու կատարելագործվելը մշտապես պատիվ է մեզ համար», – ասել է գեներալ-մայոր Վայսհաարը։