Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի՛ համալսարանականներ, այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների առաջնորդությամբ ցուցարարները երթով մուտք են գործել ԵՊՀ տարածք՝ հանդես գալով իրենց ակցիաներին միանալու կոչերով:
Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակելու որոշ մասնաշենքների դռներ, իսկ ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում։
Ակցիան ավարտելուց հետո ցուցարարները հեռացել են ԵՊՀ տարածքից։ Հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով»։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ կոտրել էր մայր բուհի դիմադրությունը՝ բացելով կողպված դռները: Համալսարանի բացված դռներն էլ ոգևորել էին հազարավոր ուսանողների՝ նրանց մղելով պայքարի: Ստացվում է, որ 4 տարի առաջ ԵՊՀ-ի դռները ջարդող Փաշինյանի օրոք դրանք կրկին փակվեցին ընդդիմության առջև: