Հայաստան-Թուրքիա, ըստ էության, մեզ համար գաղտնի բանակցությունները շարունակվում են: Որքանո՞վ են Հայաստանի եւ Թուրքիայի ակնկալիքները համարժեք այդ բանակցություններից:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիայի եւ Հայաստանի մոտեցումները, թե ինչ է նշանակում հարաբերությունների կարգավորում, տարբերվում են: Թուրքիայի տեսակետից դա ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ եւ սահման է, այլ նշանակում է, որ Թուրքիան հնարավորություն է ստանում Հայաստանի նկատմամբ ուժեղացնել իր ճնշումը: Թուրքիայի համար շատ կարեւոր է Հայաստանը տեսնել մի այնպիսի պետություն, որը գտնվում է իր ազդեցության ոլորտում: Ճիշտ է, դրան միանգամից չի կարող հասնել, եւ նրանք գուցե դա լավ հասկանում են, բայց հարաբերությունների կարգավորում հենց դա է նշանակում: Մի հանգամանք էլ կա, որը կարեւոր է այսօրվա Թուրքիայի համար. դա Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է:
«Ակնհայտորեն մանավանդ վերջին շրջանում Թուրքիան տարածաշրջանում վարում է մի այնպիսի քաղաքականություն, որի աշխարհաքաղաքական նշանակությունը կայանում է նրանում, որ Թուրքիան տարածաշրջանը դիտարկում է որպես մի այնպիսի տարածաշրջան, որտեղ ինքը պետք է լինի ուժի միակ կենտրոնը: Այսինքն՝ Թուրքիան Հարավային Կովկասում վարում է իր ազդեցության ուժեղացման քաղաքականություն: Իհարկե, այդ քաղաքականությունը Թուրքիան վարել է տարիներ շարունակ, ու դա նոր չէ, բայց մասնավորապես արցախյան վերջին պատերազմից հետո, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը ներգրավվել է Ուկրաինայի հետ հակամարտության մեջ, Թուրքիան փորձում է տարածաշրջանում իր այդ աշխարհաքաղաքական գերնպատակը ավելի արագացված տեմպերով իրականացնել: Եվ հենց այս տեսանկյունից է նա դիտարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այսինքն՝ այն տեսակետից, որ գործընթացի արդյունքում, եթե այն ավարտվի այնպես, ինչպես Թուրքիան է նախատեսել, նա կդառնա տարածաշրջանում ավելի հզոր ուժի կենտրոն, իսկ հետագայում նաեւ որոշումներ ընդունող միակ կենտրոն: Ինչ վերաբերում է Հայաստանի մոտեցումներին, դրանք ձեւակերպվել են դեռեւս 1980-ականների վերջերից: Հայաստանը ցանկանում է Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, այլ ոչ թե բարիդրացիական, եւ գործող սահմաններ: Բայց տեսնում ենք երկու հակադիր մոտեցում՝ Թուրքիան ինչ է ուզում, եւ Հայաստանն ինչ է ուզում: Փաստորեն, Թուրքիան ավելի քիչ շահագրգռվածություն ունի այն խնդիրներում, որոնք կապված են Հայաստանի հետ: Թուրքիայի վերնախավը իրավիճակը գնահատում է այնպես, որ Հայաստանն է ավելի շատ ձգտում: Եվ եթե Հայաստանը ուզում է իր հետ հարաբերությունները կարգավորել, ապա պետք է գնա զիջումների»,- ասել է նա:
Այն հարցին, թե Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրական նպատակները գիտեն բոլորը, եւ միայն Հայաստանի գործող իշխանությունն է, որ դա չի հասկանում կամ չհասկանալու է տալիս, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Բարդ հարց է: Ինքս էլ մինչեւ հիմա չեմ հասկանում, թե իսկապե՞ս իշխանությունը դա չի հասկանում, թե՞ չհասկանալու է տալիս»:
Ն. Պ.
ՎՏԱՆԳՈՒՄ Է
ՀՀ կառավարության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը լրջորեն վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում` Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ Հաագայի ՄԱԿ-ի Արդարադադատության միջազգային դատարանում: Այս մասին նշել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Առաջնահերթ պաշտոնյաների քայլերն ու հայտարարություններն են՝ Կառավարության ղեկավարից սկսած, որ ուղեկցում են այդ քաղաքականությունը: Սա անպատասխանատու, մասնագիտական հիմքերից զուրկ եւ սեփական նեղ քաղաքական շահերի համար իրականացվող, Հայաստանն ու Արցախը լուրջ վտանգի տակ դնող, առանց երաշխիքների քաղաքականություն է: Այն, իհարկե, առկա տեսքով ձեռնտու է ադրբեջանական եւ թուրքական իշխանություններին. նրանք, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը օգտագործում են արտաքին աշխարհին մոլորեցնելու համար՝ զուգահեռ շարունակելով խորքային հայատյացությունը եւ էթիկ ու կրոնական թշնամանքը՝ մեզ հետ խոսելով միայն ոչնչացնելու կամ ավերելու սպառնալիքով: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ` «ՔՊ» կուսակցության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության պատճառով թուլանում են մեր դիրքերը միջազգային ասպարեզում եւ տանում մեզ միջազգային պաշտպանությունից զրկելուն»:
ԱՐՑԱԽԻ ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑԸ՝ ՄԱԿ-ՈՒՄ
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Զեկույցում նշված էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարությունից եւ լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցումից հետո գրեթե մեկուկես տարվա ընթացքում ադրբեջանական կողմը տարբեր միջոցներով ոտնձգություններ է իրականացրել Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ կյանքի եւ առողջության պահպանման իրավունքի, ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելիության նկատմամբ։ Այդ գործողությունները առավել ագրեսիվ բնույթ են ստացել 2022 թվականի փետրվար- մարտ ամիսներին, որոնց վերաբերյալ մանրամասները ներկայացված են սույն զեկույցի առաջին բաժնում։ 2022 թվականի մարտի 8-ի ժամը 01:00-ից ամբողջությամբ խափանվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող միակ գազատարի աշխատանքը, որի հետեւանքով Արցախի ամբողջ բնակչությունը զրկվել է գազամատակարարումից։ Տարբեր աղբյուրներից ձեռք բերված փաստերը վկայում են, որ գազատարը դիտավորյալ պայթեցվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Արցախում գազամատակարարման խափանման եւ դրա հետեւանքով հումանիտար դժվարագույն իրավիճակ ստեղծելու ադրբեջանական ուղիղ դիտավորության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ ադրբեջանական կողմը մեկ շաբաթից ավելի է՝ չի թույլատրում տեղական գազամատակարարող կազմակերպության մասնագետների հասանելիությունը գազատարի վնասված հատված վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։
ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԵՐԸ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում լայն սպառման, ինչպես նաեւ բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաները։ Մանրածախ գների բարձրացմամբ պայմանավորված՝ հանձնաժողովն ուսումնասիրում է նաեւ ՀՀ դիզելային վառելիքի շուկան, ինչպես նաեւ համաշխարհային շուկայի գների դինամիկան եւ դրա անդրադարձը տարբեր երկրներում դիզելային վառելիքի գների վրա։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող ամբողջ նավթամթերքը հանդիսանում է ներմուծված ապրանք, միջազգային շուկաներում դիզելային վառելիքի գների բարձրացումները անդրադարձել են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի վրա: Ուսումնասիրության նախնական արդյունքներից պարզվել է, որ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում շուրջ 25-35 տոկոսով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները, ինչպես նաեւ տեղի է ունեցել լոգիստիկ ծախսերի որոշակի բարձրացում, մինչդեռ նույն ժամանակահատվածում դրամի արժեւորումը կազմել է շուրջ 5 տոկոս: Ներկայումս համաշխարհային շուկայում գործում են դիզելային վառելիքի երբեւէ արձանագրված ամենաբարձր գները: Օրինակ՝ Վրաստանի Հանրապետությունում, 2022 թվականի հունվարի համեմատ, ապրիլին տեղի է ունեցել դիզելային վառելիքի գնի շուրջ 40 տոկոս բարձրացում՝ 471 դրամից հասնելով մինչեւ 664 դրամի։ Եվրոպական երկրներում նույնպես տեղի են ունեցել դիզելային վառելիքի գնի բարձրացումներ, օրինակ՝ Էստոնիայի Հանրապետությունում դիզելային վառելիքը, տարեսկզբի համեմատ, թանկացել է շուրջ 200 դրամով (շուրջ 32 տոկոսին համարժեք), Ռումինիայի Հանրապետությունում շուրջ 650 դրամից դարձել է 860 դրամ (շուրջ 32 տոկոս թանկացում), թեեւ հանդիսանում է նավթավերամշակող պետություն։
Դիզելային վառելիքի շուկայում հանձնաժողովի ուսումնասիրությունը շարունակվում է։
ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
Պաշտպանի աշխատակազմը իրականացրել է մշտադիտարկում քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների եւ բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը եղել են Կենտրոնի, Մաշտոցի, Էրեբունու, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի եւ Մալաթիա-Սեբաստիայի բաժիններում, որտեղ իրականացվում են համապատասխան գործողություններ: ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրել է նաեւ բռնության կոչեր եւ ատելության խոսք պարունակող սոցիալական ցանցերի գրառումները եւ մամուլի հրապարակումները։