ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մայիսի 1-ից փոփոխություն է կատարվելու ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում: Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության հերթականությունը ճիշտ կիրառելու նպատակով ապրանքային հայտարարագրերը պետք է ներկայացնեն trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» համակարգում: Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է հայտարարագրերը ներկայացնել մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի (1 մեթոդ)  մեթոդով, իսկ 1-ից տարբերվող մեթոդով ներկայացնելու պարագայում՝ տրամադրել հիմքեր, թե ինչ տեղեկատվության հիման վրա է իրականացվել հայտարարագրումը: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայտարարագրվող տեղեկատվությունը պետք է լինի հավաստի, ունենա փաստաթղթային հիմնավորում, սակայն հիմնավորող փաստաթղթերը մաքսային մարմիններին հարկ կլինի ներկայացնել միայն այն դեպքում, երբ ավտոմատ ռիսկերի կառավարման համակարգով հայտարարագիրը կորակվի որպես ռիսկային (ընտրվի «դեղին» կամ «կարմիր» ընթացակարգ): Այս պարագայում հայտարարատուն մաքսային մարմիններին պետք է ներկայացնի առնվազն հետեւյալ փաստաթղթերը.

 

  1. հաշիվ-ապրանքագիր (invoice),
  2. ներմուծվող ապրանքների դիմաց վճարման մասին փաստաթղթեր (եթե այն հետաձգված չէ),

3? վճարման հետաձգման դեպքում՝ հետաձգումը հիմնավորող փաստաթուղթ։

Ապրանքների հայտարարագրում մաքսային արժեքին առնչվող բոլոր տեղեկությունները պետք է ունենան փաստաթղթային հավաստում, որոնք հետագայում կարող են պահանջվել մաքսային մարմինների կողմից: Մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի 1-ին մեթոդից տարբերվող այլ մեթոդների ընտրության դեպքում հայտարարատուն պետք է մաքսային մարմին ներկայացնի այն տեղեկությունները եւ փաստաթղթերը, որոնց հիման վրա  ներկայացվել է մաքսային արժեքի որոշման մեթոդը եւ մաքսային արժեքի մեծությունը։ Օրինակ՝ մաքսային արժեքի որոշման 2-րդ մեթոդը ընտրելու պարագայում հայտարարատուն պարտավոր է հայտարարագրի 44-րդ՝ «Լրացուցիչ տեղեկատվությունը/Ներկայացված փաստաթղթերը» դաշտում լրացնել նախորդ հայտարարագրի համարը, որի հիման վրա որոշվել է մաքսային արժեքի 2-րդ մեթոդը, իսկ մաքսային արժեքի որոշման 3-րդ, 4-րդ եւ 6-րդ մեթոդները ընտրելու պարագայում հայտարարատուն պետք  է  (ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 106-րդ հոդվածի 1 կետի 4 եւ 9 ենթակետերի եւ 108 հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի համաձայն) ապրանքային հայտարարագրի 44-րդ դաշտում նշի այն տեղեկությունները եւ փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է մաքսային արժեքի մեծությունը եւ մեթոդը։

Հայտարարատուն պետք է ներկայանա մաքսային մարմին եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի մաքսային հսկողության: Հետագայում՝ ծրագրային որոշակի կարգավորումներից հետո, հայտարարատուն կարող է փաստաթղթերն ամբողջությամբ նաեւ ներկայացնել առցանց:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի արժեքի մեթոդով (մեթոդ 1) որոշելու նպատակով մաքսային հսկողության ընթացքում ներկայացված տեղեկատվության արժանահավատության ստուգման համար մաքսային մարմինները հայտարարատուներից կարող են պահանջել գործարքի արժեքը հիմնավորող հավելյալ փաստաթղթեր: Հակառակ դեպքում առաջարկվում է այլ մեթոդների ընտրություն՝ ըստ հերթականության նախորդը բացառելու սկզբունքով։ Չի բացառվում, որ հայտարարատուի կողմից գործարքի գնի մեթոդից այլ մեթոդի ընտրության եւ հայտարարագրման դեպքում հայտարարատուի ներկայացրած տեղեկատվությունը մի շարք օբյեկտիվ պատճառներով կարող է հիմք չընդունվել մաքսային մարմինների կողմից (քանի որ հայտարարատուն չի տիրապետում հայտարարագրված տեղեկատվությունների ընդհանուր շտեմարանին եւ  հիմնականում չի կարող առանց մաքսային մարմիններ հետ խորհրդակցության տիրապետել դիտարկվող ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից ընդունված նույնական կամ համանման ապրանքների արժեքների մեծություններին եւ այդ մաքսային արժեքները ներկայացնող փաստաթղթերին): Նման դեպքերից խուսափելու համար ՊԵԿ-ը տնտեսվարողներին  հորդորում է մաքսային արժեքի գործարքի գնի մեթոդով հայտարարագրելու դեպքում չներկայացնել սխալ, թերի կամ չճշգրտված տեղեկություններ, հակառակ դեպքում հայտարարագիրը ենթակա կլինի լրացուցիչ ճշգրտման, ինչը հայտարարատուից կպահանջի հավելյալ ժամանակ եւ ֆինանսական ռեսուրս:

Ն. Պ.

 

 

ԲԱՆԿԸ ՍԿՍՈՒՄ Է ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

2022թ. ապրիլից «ԾՌՐ» վճարային համակարգի քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցներ «ՎՏԲ-Հայաստան» բանկի բանկոմատներից։ Ծառայությունը հասանելի է նաեւ ԱՊՀ երկրների գործընկեր վճարային համակարգերի քարտերի համար։ «ՎՏԲ-Հայաստան» բանկի բանկոմատներում «ԾՌՐ» քարտերից միջոցների կանխիկացումն իրականացվում է թողարկող բանկերի կողմից սահմանված սակագներով: «ՎՏԲ-Հայաստան» բանկի կողմից լրացուցիչ միջնորդավճարներ չեն գանձվում։ «ԾՌՐ» քարտի քարտապանները կարող են ստուգել իրենց հաշվի մնացորդը բանկի ցանկացած բանկոմատի միջոցով: «ՎՏԲ-Հայաստան» բանկը սույն թվականի մայիս ամսին նախատեսում է թողարկել սեփական «ԾՌՐ» քարտեր: «ՎՏԲ-Հայաստան» բանկն ունի բանկոմատների ամենալայն ցանցը Հայաստանում։ Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը հասնում է 210-ի, որից 101-ը տեղակայված են քաղաք Երեւանում, 109-ը՝ ՀՀ մարզերում։ Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի կողմից:

 

 

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երեւանում ապրիլի 28-ի եւ 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 28-ի ցերեկը, 29-ին, մայիսի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:  Ապրիլի 28-ի եւ 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում ապրիլ 30-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 28-ի կեսօրից հետո, 29-ին, մայիսի 1-2-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ապրիլի 28-ի եւ 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

 

 

17 ՆՈՐ ԴԵՊՔ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է 17 նոր դեպք; 2774 թեստավորում; 10 առողջացած; մահվան դեպք չի արձանագրվել: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422855 դեպք, որոնցից 410598-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետեւանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է: Ընդհանուր կատարվել է 3042708 թեստավորում:

 

 

 

ԿԽՍՏԱՑՎԵՆ 

Կառավարության օրենսդրական առաջարկով կխստացվեն թանկարժեք մետաղների եւ քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելու համար սահմանված պատժամիջոցները: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում եւ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը: Վերոնշյալ պահանջները խախտելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով՝ նախկին 100-ապատիկի փոխարեն, պարբերաբար խախտելիս՝ 1000-ապատիկի չափով՝ նախկին 200-ապատիկի փոխարեն: Նախարարի տեղակալը նշեց, որ մեղմ պատժամիջոցի պարագայում կարող են առաջանալ օրենքի խախտման գայթակղության ռիսկեր: Պատժամիջոցի խստացման առաջարկ է ներկայացրել նաեւ ԵԱՏՄ մոնիթորինգի խումբը՝ ապահովելու համար պատժամիջոցների ներդաշնակություն ԵԱՏՄ տարածքում: «Մնացած փոփոխությունները հարգորոշման եւ հարգադրոշմման գործընթացները հեշտացնելու նպատակ ունեն»,- հավելեց Իսպիրյանը: 2021թ. մայիսի 24-ից ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրով անդամ պետությունների համար սահմանվում են ԵԱՏՄ տարածքում թանկարժեք մետաղների եւ քարերի շրջանառության միասնական պայմաններ: Դա հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական եւ ադամանդագործական արտադրանքը, առանց լրացուցիչ վարչարարության: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ազգային իրավական ակտերը ներդաշնակեցնել համաձայնագրով սահմանված դրույթների պահանջներին: Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, որը օրեր առաջ, սեփական կյանքը վտանգելով, Դեբեդ գետից դուրս էր բերել 2-ամյա փոքրիկին եւ տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն: «Շատ խորհրդանշական եմ համարում հենց այս արարողության ժամանակ պարգեւատրել ու շնորհակալություն հայտնել Ժիրայր Պողոսյանին: Այստեղ են ՃԿՊԱ ուսանողները, ովքեր ավարտում են ակադեմիան եւ հնարավոր է ընտրեն փրկարարի մասնագիտությունը: Սա վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի փրկարարը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ցուցաբերել նման վարքագիծ»,-նշել է նախարարը: Ճանապարհային շինարարությամբ զբաղվող Ժիրայր Պողոսյանը չի բացառում, որ գուցե ապագայում որոշում կայացնի համալրել փրկարար ծառայողների շարքերը: Հիմա մի բան է անհանգստացնում՝ երեխայի առողջական վիճակը:




Լրահոս