ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք օր է՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը: Զոհվածների ծնողները սպասում են նախաքննական մարմնի պատասխանին, որը դեռես լուռ է, սակայն երկու օրից պետք է տա հստակ պատասխան՝ կա՛մ զոհվածների հարազատների միջնորդությունը բավարարում է, կա՛մ ոչ : «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդոթյան հարցը հետաձգի՝ նշելով, թե կա որոշակի փաստերի ստուգման գործընթաց, որի հետազոտման արդյունքում նոր կարող են որոշում կայացնել: Ասել է թե՝ զոհված զինծառայողների ծնողների աղմուկը հանգստացնելու համար ոչ կմերժի նրանց միջնորդությունը, ոչ էլ այս փուլում կբավարարի: Ի Վերջո, ինչ որոշման կգնան, դեռեւս պարզ չէ: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաեւ առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետեւանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ եւ 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:

 

 

 

Փետրվարի 5-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը, որի հիմնական զեկուցողը կլինի ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: Փաթեթում տեղ գտած փոփոխությունները վերաբերում են կուսակցությունների տարեկան հաշվետվություններին, եւ այժմ նախատեսվում է մշակել կուսակցությունների տարեկան հաշվետվությունների եւ ղեկավար մարմինների անդամների հայտարարագրերի ստուգման գործառույթի իրականացումն ապահովող մոտ 15 ենթաօրենսդրական նորմատիվ եւ լոկալ իրավական ակտ: Ներկայումս ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի անցումային դրույթներով՝ կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց համար նախատեսված է մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը 2021 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պահանջ: Առաջարկվում է այդ ժամկետը հետաձգել մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը: Նախագծով առաջարկվում է տարեկան հաշվետվությունների ստուգման համար սահմանել 30-օրյա ժամկետ՝ որպես վերջնաժամկետ սահմանելով հունիսի 30-ը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին քաղաքական իշխանությունները քննարկում են իրենք էլ իրենց հերթին հանրահավաք նախաձեռնել: Իշխող «Քաղաքացիական պայմանագաիր» կուսակցության անդամները, մեր տեղեկություններով, քննարկել են՝ ընդդիմադիրներին դիմադրություն ցույց տալու համար արժե փողոց դուրս գալ: Տեղեկությունը ճշտելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ կապ հաստատեցինք: «Խմբակցության մակարդակով նման հարց չի քննարկվել, հետեւաբար նման տեղեկության չեմ տիրապետում: Որպես կուսակցական էլ նման ինֆորմացիա չունեմ»: Մեր դիտարկմանը, թե իշխանականները ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրը հենց հնարավոր է հակընդդեմ ցույց կազմակերպեն, Աղազարյանն արձագանքեց. «Այդ օրը վաղն է. եթե նման բան լիներ, ապա միջոցառումների մասին նախապես բոլորս էլ կիմանայինք»: Այնուամենայնիվ, եթե քաղաքական իշխանությունը որոշի իր հզորությունը ցույց տալու համար փողոց դուրս գալ, ապա քաղաքացիական բախումները անխուսափելի կլինեն, ինչը հատկապես կիսապատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի շահերից չի բխում հաստատ:

 

 

 

Ծովագյուղի գյուղապետարանի գործունեությունը արդեն չորս ամիս է՝ պարալիզացված է: Նշենք, որ անորոշ կարգավիճակում է ոչ միայն Ծովագյուղը, այլեւ Սեմյոնովկա համայնքը: Այսինքն՝ ավելի քան 4 ամիս է, ինչ այս գյուղերը վարչական ղեկավարներ չունեն։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Սեւանին միացան տասը գյուղեր, այդ թվում` Ծովագյուղն ու Սեմյոնովկան: Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը: Ի նշան բողոքի՝ ծովագյուղցիները պարբերաբար փողոց են փակում: Ծովագյուղի գյուղապետ Վահան Գեւորգյանը «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ իրենց գյուղի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Նա նշեց, որ ե՛ւ Սեմյոնովկայի, ե՛ւ Ծովագյուղի բնակիչները ցանկանում են միավորվել իրար, այլ ոչ թե Սեւան համայնքին: Թե ինչ հույսեր ունեն ծովագյուղցիները, հայտնի չէ, բայց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրավաբանորեն այդ երկու գյուղերը խոշորացվել են եւ ներառված են Սեւան համայնքի մեջ։

 

 




Լրահոս