ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում կկայանա Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ, իսկ մինչեւ այս շաբաթվա վերջ նախատեսվում են շփումներ նաեւ Բաքվում արտաքին գործերի նախարարության միջոցով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման հիմք եւ շարունակում է ակտիվորեն աշխատել Բաքվի եւ Երեւանի հետ բոլոր ուղղություններով՝ ներառյալ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը եւ խաղաղության պայմանագրի բանակցությունները։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների՝ Էնդրյու Շոֆերի եւ Բրիս Ռոքֆոյի բարձր դիվանագիտական գործունեությունը փաստացի կաթվածահար արեց երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը, որոնք հրաժարվեցին այդ կազմակերպության շրջանակներում համագործակցել Ռուսաստանի հետ։ Մենք արձանագրեցինք Բրյուսելի անամոթ փորձերը՝ յուրացնելու ռուս-հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների թեման ամենաբարձր մակարդակով եւ այն օրակարգը, որն առաջարկվել էր անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել է Զախարովան՝ անդրադառնալով Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ բրյուսելյան հանդիպմանը։

«Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը քննարկվել են Օվերչուկի եւ  Ալիեւի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ Հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ փոխվարչապետերի համանախագահությամբ։ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա Բաքվում ԱԳՆ-ի միջոցով շփումներ են նախատեսվում մինչեւ այս շաբաթվա վերջ»,-ասել է Զախարովան։ Ռուսական կողմն ընդգծում է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի պատրաստակամությունն իրար ընդառաջ շարժվելու, այդ թեմայով եռակողմ շփումները մշակվում են բարձր մակարդակով։

Աջակցելով Երեւանին եւ Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով. հավելել է Զախարովան։ «Հիշեցնեմ, որ դրանք նախապատրաստվել էին Բաքվում եւ կառուցողական արձագանք ստացել Երեւանից։ Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար։ Կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի եւ Երեւանի միջեւ սկզբունքային տարաձայնություններ կան։ Մենք տեսնում ենք մեր դերը կողմերի մերձեցմանն օգնելու հարցում»,- ասել է Զախարովան։

Ուկրաինայի կողմից ռուսական օբյեկտներին հարվածներ հասցնելը կբերի Ռուսաստանի կողմից խիստ հակազդեցությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Կուզենայինք, որ Կիեւում եւ արեւմտյան մայրաքաղաքներում լուրջ վերաբերվեին մեր երկրի Պնախարարության հայտարարությանն առ այն, որ Ուկրաինայի կողմից հետագայում էլ ռուսական օբյեկտներին հարվածելը կբերի Ռուսաստանի պարտադիր կոշտ հակազդեցությանը։ Խորհուրդ չենք տա հետագայում էլ փորձության ենթարկել մեր համբերությունը»,- ասել է Մարիա Զախարովան։

Ն. Պ.

 

 

ԽՈՍԵԼ ԵՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հեռախոսազրույց են անցկացրել: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է երեկ Թուրքիայում տեղի ունեցած կալանավորների փոխանակման, ինչպես նաեւ Ուկրաինայի հետ կապված իրադարձությունները», – ասվում է հայտարարության մեջ: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի՝ ամերիկացի ծովային Թրեւոր Ռիդի հետ փոխանակման համար, որը տեղի է ունեցել նախօրեին Թուրքիայում։ Թուրքիայում ապրիլի 27-ին  փոխանակել են 2019թ. օգոստոսի 15-ին ՌԴ-ում ոստիկանության հետ վիճաբանության արդյունքում ձերբակալված ԱՄՆ ծովային կորպուսի նախկին զինծառայող Թրեւոր Ռիդին եւ 2011թ. Լիբերիայում ձերբակալված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանով ԱՄՆ տեղափոխվելուց հետո 20 տարվա ազատազրկում ստացած ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյին։

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԿՀԱՆՎԵՆ

Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ մայիսի 1-ից հանվել է նաեւ պետական սահմանի ցամաքային եւ օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի եւ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: «Հանվել է քրեակատարողական հիմնարկներում եւ զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլեւս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի»,- ասաց նա: Սահմանափակումների մեղմացումը կապված  է վերջին 14-օրվա ընթացքում արձանագրված դեպքերի քիչ լինելու հետ:

 

 

 

ԶԻՆՏԵԽՆԻԿԱ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, որոշում է ընդունել Ուկրաինային ծանր զինատեսակներ տրամադրելու մասին: Պատգամավորները նշել են, որ ռազմական օգնությունը պետք է շարունակվի եւ հնարավորինս հզորանա: Վերլուծաբաններն այս քվեարկության արդյունքը «պատմական» են անվանում, քանի որ Գերմանիան տասնամյակներ շարունակ պնդել է, որ ռազմական գործողությունների գոտիներ զենքի փոխադրումը միայն սրում է հակամարտությունները: Գերմանիան Ուկրաինային կփոխանցի Gepard տեսակի ինքնագնաց հակաօդային զենիթային հատուկ տանկեր: Քննարկվում է նաեւ Leopard 2 տեսակի հրասայլեր Կիեւին տրամադրելու հնարավորությունը:

 

 

 

ԳՈՒՄԱՐ ԿՍՏԱՆԱ Ն

«Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված անձինք ամսական գումար կստանան: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 6 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին ամսական կտրամադրվի 100 հազար դրամ: Տեղեկացնենք, որ այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ ներկայում Հայաստանում շատ քիչ ընտանիքներ են ունենում 6 եւ ավելի երեխա: Ավելին՝ 2020 թվականին երեխաների ընդհանուր կարգաթվում 6-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդը կազմել է 162 երեխա, որը 2020 թվականին արձանագրված ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է: Պարզվում է՝ մինչ այս «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված 6 եւ ավելի երեխա ունեցող ծնողական զույգերին, բացի մեդալից, որեւիցե այլ խրախուսում նախատեսված չի եղել:

 

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԿԱԶԱՏՎԻ

Կառավարությունը բավարարել է նորաստեղծ ընկերության կողմից ներկայացված մաքսատուրքից ազատելու վերաբերյալ հայտը: Խոսքը «ՖանՖրութ» ընկերության մասին է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործադիրը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն է տվել ընկերությանը: Ըստ հիմնավորման՝ «ՖանՖրութ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է 150 հա տարածքում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ։ Նշենք, որ մեր երկրում դեռեւս չկան նմանատիպ մակերեսով եւ տեսակներով տանձի ինտենսիվ այգիներ։ Ի դեպ, արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։

 

 

ԷՐԴՈՂԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, եւ որ մոտ ապագայում առեւտուր էլ կիրականացվի, եւ խնդիրները կլուծվեն։ «Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ: Հուսանք, որ սահմանները կբացվեն, եւ մեր հարաբերությունները կշարունակվեն»,-ասել է նա:

 




Լրահոս