ԻՆՉԻ՞Ց ԵՆ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ հղի կնոջը վարչապետին սպասարկող «կորտեժի» կողմից մահացու վթարի ենթարկելու միջադեպը հասարակության մտածող, վերլուծող ու անհանգստացող հատվածին հանգիստ չի տալիս: Ամեն մեկը մտածում է, որ դեպքի վայում ինքը կարող է լինել, ու փաստորեն որեւէ մեկն ապահովագրված չէ, որ հանուն վարչապետի ավտոշարասյան անարգել երթեւեկի՝ իրեն էլ կարող են ոտնատակ անել, «մեքենայի տակ գցել», անցնել-գնալ:

 

Դեպքը եթե մինչեւ 2018-ի իշխանափոխությունը լիներ, ապա, վստահեցնում եմ, ընդդիմադիր բոլոր օղակներն ու ուժերը, մեկ մարդ դարձած, մեղադրելու էին այն ժամանակվա իշխանություններին ու ղեկավարությանը՝ նախագահներին, ամենասուր (չի բացառվում՝ ընդհուպ մարդ սպանելու) մեղադրանքով: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, օրինակ, Ազգային ժողովի ամբիոնից կխոսեր «պադավատապետության» ու «քրեաօլիգարխիկ համակարգի ծնած արատավոր երեւույթների», «մահաբեր ավտոշարասյունների» մասին:

Քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ նստացույցեր կկազմակերպեին, ամենաքիչը՝ պաստառները պարզած՝ կառավարական առանձնատների դիմաց ցույցեր կկազմակերպեին: Այն ժամանակ կոկորդ պատռող ու մարդու հիմնարար իրավունքների մասին զօրուգիշեր բարձրաձայնող իրավապաշտպաններն այսօր բավարարվում են խիստ հարեւանցի, չեզոք ու վարչապետի «խաթրին չկպչող» գնահատականներով (դեռ երեւի պետք է փառք տանք Աստծուն, որ վարչապետի «կորտեժի» մահաբեր երթեւեկը չեն արդարացնում):

Հանուն արդարության՝ նշենք, որ, օրինակ, «Հելսինկյան ասոցաիցիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում դատապարտել ու ամենախիստ գնահատատականն են տվել տեղի ունեցածին: Տեղի ունեցած ողբերգական դեպքը խստորեն քննադատել է նաեւ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, սակայն, հրաժարվեց մեզ հետ զրույց ունենալ:

Հարցը լսելուց հետո վրա բերեց. «Ձեր թերթին հարցազրույց չեմ տալիս»: Կնակենտրոն գաղափարներ գեներացնող, կանանց իրավունքների մասին հնարավոր բոլոր հարթակներում սրտակեղեք ելույթներ ունեցող, Facebook-յան պատը սկեսուրների ինտիտուտը դատափետելու համար օգտագործող Լյուսի Քոչարյանը ոչ միայն մեր հեռախոսազանգերին, այլեւ հաղորդագրությանը չարձագանքեց: Լռեց նաեւ Գյումրու ժուռնալիստենրի «Ասպարեզ» ՀԿ ղեկավար Լեւոն Բարսեղյանը՝ հորդորելով Facebook-յան ուղիղ եթերին հետեւել, որտեղ իբրեւ թե տվել էր մեր հարցերի պատասխանը:

Տարօրինակ էր, իհարկե, որ լրագրողական համքարության հետ աշխատող անձը, լրագրողի հարցը չլսած, ուղղորդում է ինչ-որ բան նայել, բայց, ամեն դեպքում, անսացինք նրա հորդորին ու լսեցինք: Միակ բանը, որ կարելի էր արձանագրել ուղիղ եթերից, ճանապարհային կանոների խախտումն ու մեքենան վարելու ընթացքում հեռախոսով զբաղվելն էր: Ոստիկանությունից մեզ փոխանցեցին՝ վարելու ընթացքում հեռախոս օգտագործելը կոնկրետ տուգանք է ենթադրում: Ինչ վերաբերում է բուն միջադեպին ու կոնկրետ անձանց՝ վերադասներին քննադատելուն կամ գնահատական տալուն, ապա Բարսեղյանի խոսքում դա գտնել չհաջողվեց:

Հայտնի չէ, թե 2018-ից հետո իրավապաշտպան կառույցներից որոշներին ինչ ճանճ է կծել, բայց ակնհայտ է, որ նրանց՝ ժողովրդարավական արժեքների մասին պատկերացումները Փաշինյանի իշխանության ժամանակ շեշտակի են հետընթաց ապրել:

Հ.Գ. Վերնագրում, իհարկե, իրավապաշտպաններ բառը կարելի էր եւ չակերտներում գրել, բայց ոլորտում դեռ կան մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության արժեքները քաղաքական ամեն տեսակի խաղերից վեր դասող մասնագետներ, իսկ նրանց չհարգել չենք կարող:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ ԿՍՏԵՂԾՎԻ

Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգ կստեղծվի: Կառավարությունը ապրիլի 28-ի նիստում որոշում է կայացվել այդ նպատակով հատկացնել 23 միլիոն 400 հազար դրամ:

 

«Որոշման նախագծով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ պարբերական վկայագրման գործընթացի ծրագրային ապահովման նպատակով ավտոմատացված համակարգի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովումը: Ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս 2021 թվականի դեկտեմբեր ամսին ընդունվել են երկու որոշումներ, եւ կարգեր են սահմանվել, որն էլ այս գործընթացի սկիզբն է դրել: Հիմա այս գործընթացի մի մաս է կազմում էլեկտրոնային շտեմարանի առկայությունը: Հայտարարվել է մրցույթ, եւ շահող ընկերությունը 23 միլիոն 400 հազար դրամով հաղթող է ճանաչվել: Առաջարկում ենք այս որոշման նախագծով գումար հատկացնել, որպեսզի այս ամբողջ գործընթացի այդ փուլն էլ ավարտենք, եւ օգոստոսի 1-ից համակարգը սկսի գործել»,- ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով` Հայաստանում բոլոր շահագործվող սեղմված եւ հեղուկ գազ ունեցող մեքենաները պետք է համակարգով ստուգվեն առնվազն երկու տարի մեկ անգամ, կան որոշ տեսակի բալոններ, որոնց դեպքում թույլատրվում է 3 տարի մեկ անգամ ստուգել:

«Երկու համակարգ է գործում՝ մեկը` լիցենզավորված կազմակերպություններ են, որոնք պետք է տեղադրեն եւ հետո նաեւ ստուգեն: Կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այդ ստուգման արդյունքները մուտք են արվում: Շտեմարանը ղեկավարելու է մեր նախարարությունը, բայց մի շարք գործընկերների թույլատրվելու է այդ համակարգից օգտվել, մասնավորապես՝ գազալցակայաններին, տեսչական մարմիններին:  Երբ մեքենան կգնա կայան՝ ստուգվելու, ոչ միայն թղթային տարբերակով, այլ նաեւ էլեկտրոնային տարբերակով տվյալները լրացվում են: Հետո գազալցակայանի աշխատակիցը լիցքավորելուց առաջ, մեքենայի համարը հավաքելով, այդ համակարգում տեսնում է՝ մեքենան անցել է ստուգում, թե չէ: Գլխավոր նպատակը անվտանգությունն է, բայց նաեւ կհասկանանք, թե մեր երկրում գազով աշխատող որքան մեքենաներ կան»,- եզրափակել է Սանոսյանը:

 

 

 

 

ՉՊԵՏՔ Է «ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐ» ԱՆԵՆ

«Հավաքի կամ այլ վայրից բերման ենթարկվածը, անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկվածի համար իրավունքներից»,- գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով իրեն ուղղված հարցումներին: «Մարդն ազատությունից զրկված է համարվում այն պահից, երբ ստիպված է լինում հետեւել ոստիկանի կամքին կամ չի կարողանում սեփական կամքով ազատ տեղաշարժվել` փողոցից սկսած: Այդ պահից սկսած՝ մարդն ունի առնվազն հետեւյալ իրավունքները.

-բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը,

-լռելը,

-իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,

-փաստաբանի իրավունքը,

-բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,

-իրավունքների մասին ծանուցվելը:

Ազատությունից զրկելու ժամանակը հաշվարկվում է ոչ թե Ոստիկանության բաժին տեղափոխելու, այլ փողոցում արգելանքի վերցնելու պահից: Այդ ժամանակն ավարտվելուց անմիջապես հետո մարդը պետք է ազատ արձակվի: Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը եւ ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է:

Հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգի եւ մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող:

Բացառիկ թույլատրելի դեպքերը պետք է լինեն կոնկրետ հիմնավորումներով եւ ոստիկաններին անհատականացնելու հնարավորությամբ պարտադիր: Հանրային վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանները որեւէ պարագայում չպետք է հավաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ: Պետք է գործեն իրենց իրավական կարգավիճակի սահմաններում բացառապես: Եթե քաղաքացիները տեսնում են, որ այլ անձինք փորձում են սադրել բռնություն կամ արդեն տեղի ունեցող բռնության դեպքում պետք է անհապաղ տեղեկացնել Ոստիկանությանը` իրավական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար: Եվս մեկ կարեւոր պարզաբանում. ոստիկանի ավտոմեքենան նույնպես ազատությունից զրկելու վայր է, հետեւաբար բոլոր կանոնները տարածվում են նաեւ ոստիկանի մեքենայի նկատմամբ: Այս բոլոր կանոնները կիրառելի են նաեւ ցանկացած իրավապահ մարմնի ծառայողի նկատմամբ: Կան, իհարկե, բազմաթիվ այլ կանոններ, բայց սրանք միշտ առավել արդիական են»,- գրել է նա:

 

 

 




Լրահոս