Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 2022 թվականի մայիսի 1-ից սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ: Կամավոր ատեստավորման ծրագրով նախատեսված 30-50 տոկոս հավելավճարները կկիրառվեն նշված դրույքաչափի նկատմամբ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հարցը զեկուցել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
«Ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով եւ տարակարգի սանդղակի կիրառմամբ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ: Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի 260 հազար ՀՀ դրամ` հաշվի առնելով, որ սահմանված նվազագույն հավելավճարը 30 տոկոս է, առավելագույնը` 50 տոկոս»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
2021 թվականի սեպտեմբերին կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրն իրականացվել է առաջին անգամ, որին սեփական նախաձեռնությամբ մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչներ:
Ըստ հավաքած միավորների՝ սահմանվել է 30-50 տոկոս հավելավճար` կամավոր ատեստավորման արդյունքում 70 տոկոս եւ բարձր արդյունք ապահոված ուսուցիչների համար: Վահրամ Դումանյանը փաստել է, որ անգամ նշված հավելավճարների կիրառումից հետո կամավոր ատեստավորման միջոցով բարձրացված աշխատավարձը միցակցային չէր, քանի որ ուսուցչի միջին աշխատավարձը կազմում է 125 հազար դրամ, նվազագույն դրույքաչափը 108 հազար դրամ է սահմանված: «Նշված հանգամանքները հաշվի առնելով` որոշվել է բարձր դրույքաչափ սահմանել իրենց մասնագիտական գիտելիքները կամավոր ատեստավորման միջոցով հավաստած ուսուցիչների համար:
2022 թվականի մարտին ԱԺ-ն ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, ըստ որոնց՝ կատարվում է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների համար բարձր դրույքաչափի սահմանում»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:
Որոշմամբ սահմանվել է նաեւ, որ 2022 թվականի մայիսից 2021 թվականին կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների նկատմամբ եւս կկիրառվի բարձրացված 200 հազար ՀՀ դրամ դրույքաչափը` փորձնական ծրագրին մասնակցած ուսուցիչներին խրախուսելու նկատառմամբ։ Կարեւորելով որոշումը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հանրային կյանքում առկա ցանկացած խնդրի հիմքում որակյալ կրթությունն է, եւ այդ համատեքստում առաջնային խնդիրներից մեկն ուսուցչի աշխատավարձը մրցակցային դարձնելն է` բարձրացնելու համար մասնագիտության գրավչությունը:
«Ուսուցիչն ինքը կարող է որոշել, թե ինչքան պետք է լինի իր աշխատավարձը: Նա այսօր հնարավորություն ունի, կամավոր կարգով իր մասնագիտական գիտելիքները հավաստելով, բարձրացնել սեփական աշխատավարձը` հասցնելով 400 հազար դրամի»,- նշել է վարչապետը` հավելելով, որ պետությունը շարունակելու է աշխատավարձի բարձրացման քաղաքականությունը: Տեղեկացնենք, որ մայիսից կմեկնարկի սեփական նախաձեռնությամբ կամավոր ատեստավորման այս տարվա հայտագրումը: Բուն ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերին, արդյունքները հայտնի կլինեն հոկտեմբերին:
Ն. Պ.
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊՂԾԵԼ Է ՀԱԴՐՈՒԹԻ ԵԿԵՂԵՑԻՆ
2020 թվականի ապրիլի 27-ին ադրբեջանական իշխանամերձ լրատվական գործակալությունները «Հադրութում նշել են Զատիկը» վերնագրով նյութեր են տարածել՝ հրապարակելով նաեւ Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ։ Լուսանկարների ուսումնասիրությունը հստակ ի ցույց է դնում, որ եկեղեցուց հանվել է խաչը։ Այս ամենը Ադրբեջանի կողմից ծրագրված քաղաքականության արդյունք է, ինչի մասին են վկայում մասնավորապես այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։
Ամիսներ առաջ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քյարիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանում ստեղծվում է «աշխատանքային խումբ», որի նպատակը Արցախի բռնազավթված հուշարձաններից հայերեն արձանագրությունների եւ հայկական հետքի վերացումն է։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի ընթացքում հորդորել էր ջնջել հայկական արձանագրությունները՝ չթաքցնելով հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության բուն էությունը, այն է՝ ոչնչացում, ձեւափոխում եւ յուրացում։
Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1621թ.: Այն հետագայում վերանորոգվել է 1819թ., հենց այդ ժամանակ էլ տեղադրվել է եկեղեցու գմբեթը։ Սուրբ Հարություն եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1999թ. Մ. Բաղդասարովի ֆինանսական օժանդակությամբ։ Պատերազմից առաջ Սուրբ Հարությունը գործող եկեղեցի էր, պատերազմի ընթացքում չի տուժել։ Եկեղեցու պղծումը հետեւողական կերպով իրականացվել է պատերազմի ավարտից հետո։ Պատերազմից հետո նույն կերպ Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային վանդալիզմի զոհ են դառնում բոլոր հայկական մշակութային կոթողները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները հանել են նաեւ Հադրութում գտնվող Սպիտակ խաչ եկեղեցու խաչը, Սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթը, պղծել Թալիշի եկեղեցին, գրեթե ավերել Շուշի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիները։
Ն. Պ.
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Ապրիլի 30-ի հայտարարվել է համապետական շաբաթօրյակ: Վերջին տարիներին՝ 2020-21 թվականներին, կորոնավիրուսի հետ կապված, համապետական շաբաթօրյակ չի կազմակերպվել: Աղբը պետք է տեղափոխվի միայն աղբավայր:
ՎԱՐԿԱՏԵՍԱԿ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
«Յունիբանկ»-ն առաջարկում է «Արտոնյալ հիփոթեք» վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս վերաֆինանսավորել գործող վարկը: «Արտոնյալ հիփոթեքը» ուղղված է վարկավորման պայմանների բարելավմանն ու վարկային ծանրաբեռնվածության նվազմանը: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով, համապատասխանաբար մինչեւ 120 եւ 240 ամիս ժամկետով: Գումարը կազմում է 5 մլն-ից մինչեւ 100 մլն ՀՀ դրամ կամ 10 000 դոլարից մինչեւ 200 000 դոլար: «Արտոնյալ հիփոթեք» վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 13,75%՝ ՀՀ դրամի, եւ 8,75%՝ ԱՄՆ դոլարի դեպքում: «Յունիբանկ»-ը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Տեղեկատու կենտրոն՝ + 374 10 59 55 55:
ՀՐԴԵՀ
Երեկ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ներքին Չարբախի 9-րդ կմ-ին գտնվող էլեկտրական ենթակայանում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ: