Մայիսի 1-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամաերգային համալիրում տեղի կունենա «Մինորա» մշակույթի կենտրոնի հոբելյանական 20-ամյակը: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը ներկայացրել է փառատոնի մանրամասները:
«Մինորա» մշակութային կենտրոնը 20 տարիների ընթացքում կատարել է ազգանվեր, ազգապահպան գործ: Տարիներ շարունակ, հեռու սահմանամերձ գյուղերից, նախաձեռնել են կազմակերպել փառատոններ, միջոցառումներ, որպեսզի մասնակցեն թե՛ նկարչության, թե՛ պարի, թե՛ ասմունքի եւ այլ արվեստի ճյուղերում առաջատար երեխաները: Սա այն քիչ նախաձեռնություններից է, որը հնարավորություն է տալիս երեխաներին կրթվելու, բեմ բարձրանալու եւ մշակութային կյանքով ապրելու: Ամեն տարի պարբերաբար միջոցառումներ են տեղի ունենում, որտեղ ժյուրին ընտրում է լավագույն շնորհալի երեխաներին, ինչպես նաեւ կազմակերպվում է հետաքրքիր համերգային ծրագիր: Մի խոսքով, ամեն ինչ արվում է օրը հետաքրքիր, հագեցած անցկացնելու համար: Իսկապես մեզ համար հաղթանակ է, երբ միջոցառման ավարտից հետո տարբեր մարզերից եկած երախաներին տեսնում ենք փայլող աչքերով, երջանիկ լայն ժպիտներով, որ ցանկություն չեն ունենում ետ վերադառնալու»,-ասաց նա:
Զառա Արամյանի խոսքով՝ աշակերտները հնարավորություն ունեն նաեւ հանդիպելու եւ անձամբ ծանոթանալու հայտնի եւ սիրված դեմքերի հետ:
«Ինձ հետ միասին ժյուրիի կազմում կան հայտնի մեդիադեմքեր, դերասանուհիներ, երգչուհիներ, ինչպես նաեւ տարիներ ի վեր մեզ հետ են եղել եւ աջակցել դերասանուհի Ջուլիա Բաբայանը եւ երգչուհի Զարուհի Բաբայանը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ երգիչ Ռոլանդ Աբրահամյանին, ում ավելի շատ ճանաչում են Ռոլանդ Ռեյ անվամբ: Նրա ջանքերով է ստեղծվել եւ շարունակում է զարգանալ այս ամենը, առանց հատուկ պատրաստվածության, առանց պաթոսի, առանց կոմերցիայի եւ հատուկ մրցանակաբաշխությունների եւ ձեւականությունների, լուռ լծվել է հայրենի մշակույթի տարածման գործին: Ի վերջո, մշակույթն է երեխաներին հայ դաստիարակում: Երբ Դուք լսեք, թե ինչպես են մեր երկրի, Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաները ասմունքում, կփշաքաղվեք, թե ինչ ոգով եւ սիրով են մոտենում ամեն մի դետալին: Բեմադրում են այնպիսի ներկայացումներ, որոնք խորը միտք ու ասելիք ունեն: Ես միշտ ասում եմ՝ եթե անգամ իրենք ապագայում ճանաչված արտսիստներ չլինեն, գոնե գրագետ, բարձր ճաշակով հանդիսատես կլինեն»,-մեզ հետ զրույցում իր խոսքն ամփոփեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՄԵՐԳՈՎ ԿՏՈՆԻ 90-ԱՄՅԱԿԸ
Հայաստանի կոմպոզիտորների միությունը հիմնադրման 90-ամյակի առթիվ հանդես կգա հոբելյանական փառատոնով, մրցույթներով, համերգային ծրագրերով, ցուցահանդեսով եւ այլ նախաձեռնություններով, որոնց իրականացմանը կաջակցի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Տոնական միջոցառումները կմեկնարկեն մայիսի 19-ին:
Ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով միությանը, ասաց՝ միայն Կոմպոզիտորների միության պատմությանը քաջածանոթ մարդիկ գիտեն, թե ինչ է նշանակում 90 տարի, որոնք փորձություններով, նվաճումներով, դժվարություններով են անցել, այնինչ կառույցը գոյատեւել է: «Ուրախ եմ, որ վերջին շրջանում նախարարության եւ միության համագործակցությունն ակտիվացել է, ինչի արդյունքում նոր շունչ է ստացել Դիլիջանի կոմպոզիտորների տան համերգասրահը՝ մեծանուն արվեստագետ, կոմպոզիտոր, հասարակական, քաղաքական այր Էդվարդ Միրզոյանի ջանքերով կառուցված դահլիճը: Այժմ շատերն են հետաքրքրություն ցուցաբերում սրահի նկատմամբ, եւ այնտեղ պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում, ինչը շատ կարեւոր է»,-շեշտեց փոխնախարարը:
Խզմալյանի խոսքով՝ նախարարության առաջնահերթություններից է մշակութային գործընթացների, մշակութային արդյունքի ապակենտրոնացումը:
Նախարարությունը փորձում է ուշադրություն հրավիրել ժամանակակից կոմպոզիտորների վրա՝ հանդես գալով տարբեր նախաձեռնություններով, որոնցից է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կազմակերպած Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որի ռազմավարական շեշտադրումները գնալով առավել հստակ են դառնում:
«Ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործական աշխատանքը չպետք է սահմանափակվի միայն փառատոններով, համերգային կատարումներով: Մենք պետք է շարունակենք տարվա ընթացքում աջակցել լավագույն ստեղծագործողներին ինչպես տեղեկատվական, այնպես էլ պատվերների միջոցով, նոտաների հրատարակման ճանապարհով: Այն, ինչ կախված է այս երեք կառույցից՝ լիազոր մարմնից, Կոմպոզիտորների միությունից, Սիմֆոնիկ նվագախբից, մենք բավարար չափով իրականացնում ենք, պարզապես իմ ակնկալիքը մեծ է հենց բուն մասնագիտական հանրությունից, որովհետեւ պաշտոնական հարաբերություններով ոլորտի կարգավորումն անհեռանկարային է, եթե գործընթացները չեն հասունանում ընդերքից՝ մասնագիտական հանրությունից»,-ընդգծեց նախարարի տեղակալը:
Խզմալյանը մեծ նշանակություն տվեց նաեւ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա հանրապետական մրցույթին՝ նշելով, որ անհրաժեշտ է վաղ տարիքից պայմաններ ստեղծել պատանիների, երիտասարդների համար լսելու սեփական ստեղծագործությունը, կատարումները, որովհետեւ նաեւ լսելն է կրթության եւ ինքնազարգացման կարեւորագույն բաղադրիչը:
ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՃԱՌԵԼ
Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է ամռանը 90 միլիոն եվրոյով վաճառել բրազիլացի հարձակվող Նեյմարին: Փարիզյան ակումբը մտադիր է առաջիկայում մեծ փոփոխությունների դիմել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում մրցունակ լինելու համար։ Նեյմարը հայտարարել էր, որ դեռ երեք տարի էլ խաղալու է ՊՍԺ-ում եւ մտադիր չէ լքել թիմը, թեեւ ակումբի երկրպագուները պարբերաբար սուլում են նրան՝ Չեմպիոնների լիգայում նվաճումների բացակայության, Ֆրանսիայի գավաթի խաղարկությանն ու երկրի առաջնությանը պատշաճ չտրամադրվելու համար։ Նեյմարի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։ 2017-ին ՊՍԺ-ն նրան գնել էր «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյով։
ԳՆԱՀԱՏԵԼ Է
Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անգլիական «Լեսթեր Սիթիի» հետ դիմակայությունից առաջ գնահատել է թիմերի հնարավորությունները։ «Ռոման» ու «Լեսթեր Սիթին» կհանդիպեն Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչում։ «Մենք արդեն 13-րդ հանդիպումն ենք անցկացնելու Կոնֆերենցիաների լիգայում, իսկ «Լեսթեր Սիթին» դուրս էր մնացել Եվրոպայի լիգայից։ Եվրագավաթային հանդիպումների պատճառով մենք միավորներ կորցրեցինք Իտալիայի առաջնությունում՝ խաղալով հինգշաբթի, հետո էլ կիրակի։ «Լեսթերի» առավելությունն այն է, որ նրանք Պրեմիեր լիգայում դիրքի մասին արդեն չեն մտածում, իսկ մենք ցանկանում ենք Իտալիայի առաջնությունում Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել։ Մենք դեռ 5-րդ տեղից կարող ենք հայտնվել 8-րդ տեղում։ Ես բազմաթիվ եվրագավաթային կիսաեզրափակիչներ եմ ունեցել։ Վստահեցնում եմ ձեզ՝ այս փուլում ֆավորիտ չկա։ Հնարավորությունները հավասար են՝ 50/50»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Այսօր Պունտա-Պրիմում (Իսպանիա) մեկնարկում է Sunway Formentera առաջին շախմատային փառատոնը: Ուժեղագույնների «A» խմբում հայտագրված 51 շախմատիստներից 13-ը կրում է գրոսմայստերի կոչում: Նրանց մեջ են Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 10 տուր: