Վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու պատրվակով ստացել էին գումարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու տղամարդ, որոնցից մեկը` Ագարակ գյուղի, մյուսը` մայրաքաղաքի բնակիչ, ոստիկանության ծառայողի անվան տակ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով խաբեությամբ գումարներ են հափշտակել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տեղեկությունը ճշտելուց հետո Աշտարակի ոստիկաններն անցան կոնկրետ միջոցառումների: Ապրիլի 13-ի առավոտյան երկուսն էլ հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին:

Նրանք խոստովանեցին, որ այս տարվա մարտին, նախնական համաձայնության գալով, մի քանի անձից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ՝ իբր առանց քննության և ընթացակարգի վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար։

Ոստիկանության Աշտարակի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ: Մայիսի 2-ին տղամարդկանց առաջադրվել է մեղադրանք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։




Լրահոս