ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Խաչատրյանը դիմել է Աղվան Հովսեփյանին քննիչ աշխատելու համար, ստացել է մերժում. դատավոր հայրն է միջամտել. ուշագրավ հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչնչից ու ոչ ոքից երբևէ չեմ խուսափել, դուք դա լավ գիտեք։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Դատարանում քննարկվում է Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը։ Մասնավորապես, մեղադրող դատախազները պահանջում են անփոփոխ թողնել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Մեղադրողը գտնում է, որ Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ նկատի ունենալով մեղսագրվող արարքի ծանրությունը, ինչպես նաև Հովսեփյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնները։
Մինչ պաշտպանները կմիջնորդեին փոփոխել խափանման միջոցը՝ Աղվան Հովսեփյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ խնդրելով, որ այսուհետ իր կողմից հնչած որևէ դատողություն չընկալեն որպես վիրավորանք՝ ոչ դատախազները, ոչ դատարանը, որովհետև 45 տարի ծառայել է դատաիրավական համակարգում և վստահեցնում է, որ երբեք որևէ բան չի արել, ինչը կարող է վիրավորել դատախազության յուրաքանչյուր աշխատողի կամ դատավորի։ Հովսեփյանը դատախազներին դիմեց «սիրելիներ, հարգելի» դիմելաձևով, ինչի առնչությամբ պարզաբանեց, որ ինքը այդպես է դիմում ոչ թե նրա համար, որ սիրաշահում է իրենց կամքը, այլ որովհետև քննիչներին ու դատախազներին համարել է իր ընտանիքի անդամ, իսկ ինքը շատ է սիրում իր ընտանիքը։ Հովսեփյանը դիմեց նրանց՝ նշելով, որ վերջիններս անշեղորեն կատարեն իրենց վրա օրենքով դրված պարտականությունները, լինեն անաչառ, անկողմնակալ, կատարեն այն գործառույթները, որոնք իրենց վրա դրված են օրենքով, պարտավորեցնում են։

«Պետք է հասկանաք, որ դուք ոչ թե պետական մեղադրողներ եք, այլ հանրային մեղադրողներ, որոնք պաշտպանում են հանրային շահը, այսինքն՝ պարտավոր եք դատաքննության ընթացքում, ինչպես նախաքննության ընթացքում իրականացնելու ձեր լիազորությունները՝ ի հայտ բերելու և՛ արդարացնող, և՛ մեղադրող հանգամանքները, դրանով իսկ դուք կլինեք անաչառ»,-նշեց Հովսեեփյանը՝ հավելելով, որ դա զուտ բարոյախրատական տեքստեր չեն, սա ասում է, որ ևս մեկ անգամ ինքն իրեն համոզի, որ վերջիններս անաչառ վերաբերմունք են դրսևորում։ Հովսեփյանը նշեց՝ իր նկատմամբ լինել անաչառ, իրեն դիտել որպես անմեղ մեղադրյալ, իսկ հետագայում արդեն իր մեղքի վերաբերյալ գնահատական կտա դատարանը՝ մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցներով։ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ ողջ նախաքննության ընթացքում, որը տևել է շուրջ երեք տարի, բազում անգամներ հրավիրվել է ՀՔԾ, տարբեր գործերով հարցաքննվել, մշտապես ներկայացել է 5-10 րոպե շուտ, տարբեր գործերով հարցաքննել են, փորձել են տարբեր բաներ գտնել, իր նկատմամբ իրականացվել է հետապնդում, ապօրինի կալանքներ են դրվել իր գույքերի նկատմամբ, իր հարազատների գույքի նկատմամբ, ո՞ւր էր դատախազությունը, ուր էր դատախազական հսկողությունը։

Հովսեփյանը նշեց, որ ինքը 8 ամիս գտնվել է կալանքի տակ, լռել, ոչինչ չի ասել ի պաշտպանություն իրեն, քանի որ ասողին լսող է պետք, իսկ լսելը միայն ականջներով չէ, լսել է նաև վերլուծելը, գիտակցելը, ի վերջո, իրավաբանի լսելը նշանակում է անցկացնել իր իրավագիտակցության մեջ, իսկ այս պարագայում ու՞մ համար խոսեր, երբ հասկանում ես, որ դիմացինդ ոչ միայն չի ուզում ընկալել քեզ, այլև հակառակը, յուրաքանչյուր խոսք մշակվում է, կտցահարելով փորձում են ինչ-որ ապացույցներ ստեղծել։ Աղվան Հովսեփյանը հայտնեց, որ այս երեք տարվա ընթացքում ուղերձներ է ստացել համապատասխան մարմիններից, նախազգուշացումներ, որ, եթե հանկարծ փորձի բացակայել երկրից՝ իր որդիներն անմիջապես կկալանավորվեն։ Նրա խոսքով՝ երբեք չի պատրաստվել մեկնել երկրից, իր հայրենիքից բացակայել, երբևէ մտադրություն էլ չի ունեցել, հիմա էլ չունի, ավելին, իշխանափոխությունից հետո Մոսկվայում իրեն առաջարկել են մնալ այնտեղ, ինքը՝ հրաժարվել է, հիմա էլ է նշում՝ հայկական բանտը նախընտրում է Մոսկվայում երեքսենյականոց հարմարավետ բնակարանից՝ փախուստի մեջ։ Նա ընդգծեց՝ երբեք ոչ ոքից ու ոչնչից չի խուսափել, դա լավ գիտեն։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կան մարդիկ, որոնք ուզում են տեսնել իրեն կալանքի տակ, որ իրենց սրտները հովանա, դա սկսվել է դեռևս 2019թ-ին, կան մարդիկ, որոնք ուղղակի տենչում էին Աղվան Հովսեփյանին անազատության մեջ տեսնել։ Փառք Աստծո, սրտները հովացավ։ Հովսեփյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ բոլոր ցուցմունքները, որոնք դիտում են որպես ապացույց, ձեռք է բերվել ընտրություններից հետո՝ երեք տարի գործը քննելուց հետո։ Աղվան Հովսեփյանը պատմեց, որ իր ձերբակալության ժամանակ քննիչն իրեն ասել է՝ պետք է պաշտպանի երկու անձի շահ, ինչը նշանակում է, որ քննիչն իրեն դրել է տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակում։

Հովսեփյանը խոսեց նաև իր և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հարաբերությունների մասին՝ պատմելով, որ Խաչատրյանին աշխատանքի չի ընդունել Քննչական կոմիտեում, քանի որ վերջինս, լինելով դատախազ, բազմաթիվ զեկուցագրեր էր ներկայացնում՝ քննիչներին պատասխանատվության ենթարկելու համար, որոնք մերժվել են հանձնաժողովի կողմից, հետևաբար, Խաչատրյանը չէր կարող աշխատանքի անցնել ՔԿ-ում։
Հովսեփյանը դատախազներին հորդորեց՝ հրաժարվել մեղադրանքից, հակառակ դեպքում, կստացվի, որ վերջիններս անաչառ չեն։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս